Սարգիս Ստեփանյանը նվաճել է Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում անցկացված պարա-բազկամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը։
Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է վրացի մրցակցին եւ նվաճել է ոսկե մեդալը 80 կգ քաշային կարգում։
Սարգիս Ստեփանյանը պարա-բազկամարտի Եվրոպայի առաջնության հնգակի, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն է և բազկամարտի աշխարհի կրկնակի գավաթակիր։
Սարգիս, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը 5-րդ անգամ նվաճելու կապակցությամբ: Բարդ տրվե՞ց:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Սա իմ հերթական հաղթանակն է Եվրոպայի առաջնությունում: Ամեն մրցաշար մինչեւ այսօր ավարտվում է հաղթանակներով, ոսկե մեդալներով: Այս արդյունքներին հասնելու համար բարդ ճանապարհ եմ անցնում, երկար մարզումներ եմ ունենում անձնական մարզիչ, հաշմանդամային սպորտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Գեւորգ Ստեփանյանի ղեկավարությամբ: Իմ տարիների փորձը նույնպես օգնում է, որ այս արդյունքները գրանցենք: Ունեմ իմ մշակած տեխնիկան, որով մարզվում եմ նաեւ ես:
Եվրոպայի առաջնության եզրափակիչում հաղթել եք վրացի մարզիկին: Ինչպիսի՞ն էր մրցակցությունը:
Վրացի մարզիկին հանդիպում էի առաջին անգամ: Նա ուներ նույն վնասվածքը, ինչ ես՝ երկու ոտք եւ մեկ ձեռք անդամահատված էր: Ես անծանոթ էի նրա ուժին: Բարդ էր մրցակցությունը: Մեկնարկում առավելության դիրքն ընկավ մրցակցի կողմը: Վատ իրավիճակում էի հայտնվել: Իմ տեխնիկան չկիրառեցի: Քանի որ չէի ճանաչում մրցակցիս, չէի էլ սպասում նրանից այդքան ուժ: Երբ հասկացա, որ վատ իրավիճակում եմ, հավաքեցի ուժերս եւ անցա իմ տեխնիկային: Երրորդ փորձից հետո հաղթեցի նրան: Վրացի մարզիկն, իհարկե, պայքարեց մինչեւ վերջ, չէր ցանկանում պարտվել, բայց ինձ հաջողվեց հաղթել նրան:
5-րդ անգամ եք դառնում չեմպիոն այս առաջնությունում, նաեւ երեք անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսն եք նվաճել: Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում այս ճանապարհում, ի՞նչն է օգնում հասնել այդ հաղթանակներին:
Դեռ երկար եմ մնալու այս մարզավիճակում եւ հաղթողի կարգավիճակում: Սա իմ մեծ նպատակն է, որ շարունակեմ հաղթանակներ ունենալ: Ուզում եմ երկար տարիներ իմ դիրքում լինել ամբողջ աշխարհում, որովհետեւ իմ հետեւից գալիս է մեծ մարզական թիմ, հաշմանդամություն ունեցող մարզիկներ, որոնք մարզվում են ֆեդերացիային պատկանող «Լեգենդների մարզասրահում»: Այնպես է ստացվում, որ ես այս երիտասարդների համար օրինակ եմ դարձել եւ չեմ ցանկանում, որ ընդհատվի այն: Իրենք ինձ տեսնելով մարզվում են, նրանց մոտ էլ է ձեւավորվում հաղթանակի ճանապարհով գնալու ցանկությունը: Ես տեսնում եմ, որ իրենց համար իմ օրինակը շատ կարեւոր է, ինչն ինձ պարտավորեցնում է, որ շարունակեմ ճանապարհս պարաբազկամարտում, պարասպորտում:
Ինչպե՞ս է սկսվել Ձեր մարզական կարիերան, ո՞ւմ խորհրդով:
2014 թվականին եմ հաշմանդամություն ձեռք բերել, բայց չեմ կոտրվել: 2015 թվականից սկսել եմ բազմկամարտով զբաղվել: Իմ ընկերներ Սերգեյ Ասատուրովի, Արման Մովսեսյանի խորհրդով եմ սկսել զբաղվել: Արման Մովսեսյանը մեկ անգամ սպորտային երեկո էր կազմակերպել, Սերգեյ Ասատուրովի միջոցով ինձ գտել էր եւ հրավիրել այդ միջոցառմանը, որին ներկա էին տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներ, ֆեդերացիաների նախագահներ, սպորտային ճանապարհ անցած մարդիկ: Նշեմ, որ մինչեւ հաշմանդամություն ձեռք բերելը, նախկինում զբաղվել եմ ծանրամարտով: Պրոֆեսիոնալ ծանրորդ եմ եղել, Հայաստանի սպորտի վարպետի կոչում ունեմ: Այն ժամանակ ես Արցախում էի մարզվում, նաեւ հավաքականի անդամ եմ եղել, երբ Օգսեն Միրզոյանն էր ֆեդերացիայի նախագահը: Արցախում աշխատել եմ նաեւ ծանրամարտի թիմի գլխավոր մարզիչ:
Որպես նախկին մարզիկ, ընկերներս որոշեցին ինձ նորից վերադարձնել սպորտ, որպեսզի փորձեմ արդեն պարասպորտում հաջողություններ գրանցել: Այդ միջոցառման ընթացքում զրույցների եւ քննարկումների արդյունքում որոշեցինք, որ ինձ համար ամենահարմար մարզաձեւը պարաբազկամարտն է: Այդտեղ ծանոթացա Արտավազդ Նալբանդյանի հետ, որը երկար տարիներ եղավ իմ անձնական մարզիչը:
Շատ դժվար ճանապարհ եմ անցել մինչեւ այս հաղթանակներին հասնելը, շատ պարտություններ եմ ունեցել: Ոչ մի հաղթանակ միանգամից չի եղել: Պարտություններ, վնասվածքներ եմ ունեցել, բայց չեմ կոտրվել: Երբ ինձ հաղթում էին, ասում էի՝ ուրմեն ավելի շատ պետք է աշխատեմ, մարզվեմ: 2018 թ.-ին դարձա աշխարհի բացարձակ գավաթակիր, բոլոր քաշային կարգերում, բոլոր դասակարգերում հաղթեցի: Այդ հաղթանակներն ինձ «չծածկեցին», չթուլացա, շարունակեցի մարզումներս: Բավականին դժվար է եղել մեկ ձեռքով մարզումները, որովհետեւ վնասվածքներ ես ունենում, հետո վերականգնվում ես, իսկ առօրյայում ձեռքս ինձ ամեն վայրկյան անհրաժեշտ է եղել: Դժվարություններով հաղթահարելով հասա մինչեւ Եվրոպայի այս առաջնությանը:
Եթե նախկինում մարզիկ չլինեիք, հաշմանդամություն ձեռք բերելուց հետո կլինեի՞ք սպորտում:
Սպորտային հոգեբանությունն է ինձ վերադարձրել սպորտ: Չեմ կարող ասել, թե ինչ ճանապարհ կընտրեի, եթե ժամանակին պրոֆեսիոնալ սպորտով չզբաղվեի, ծանրորդ չլինեի: Վստահեցնում եմ, որ պրոֆեսիոնալ սպորտը առանձնահատուկ հատակնիշներ է ձեւավորում մարդու մեջ՝ համեստություն, կարգապահություն, նպատակասլացություն, գիտակցություն, թե ինչ ես ուզում եւ ուր ես գնում: Ոչինչ հենց այնպես չի լինում: Եվրոպայի առաջնությունից աշխարհի առաջնություն ամիսների տարբերություն կա, բայց մեկ մրցաշարից հետո անմիջապես մշակում ենք հաջորդ մարզումների ռազմավարությունը, թե ինչպես պետք է պատրաստվենք, ինչ աշխատանք տանենք: Այդ ամենը կամքի ուժն է եւ նպատակասլացությունը, գիտակցությունը, թե դու ինչ արդյունքի ես ուզում հասնել:
Ինչպե՞ս ստեղծվեց «Լեգենդների մարզասրահը» եւ ինչով է պայմանավորված անվանումը:
2015 թվականից, երբ արդեն պրոֆեսիոնալ էի զբաղվում պարաբազկամարտով, միջազգային մրցաշարերում Հայաստանից ներկայացուցիչ միայն ես էի: Մրցաշարերին Հայաստանից միայն ես էի լինում, որպես մարզիկ եւ մարզիչս, բայց տեսնում էի, որ տարբեր երկրներ մեծ թվով մասնակիցներով էի գալիս: Այդ ժամանակ միտք առաջացավ, որ եթե մի օր դառնամ Եվրոպայի կամ աշխարհի հաղթող, Հայաստանում կհիմնեմ այնպիսի սպորտային կառույց, որտեղ կմարզվեն հաշմանդամություն ունեցող մարզիկներ: 2018 թվականին, երբ դարձա աշխարհի գավաթակիր, ընկերներիս հետ բացեցինք Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիան: Այդ նույն տարում հիմնեցինք «Լեգենդների մարզասրահը», որը կահավորվեց հատուկ մարզասարքերով: Այդ ժամանակ պատերազմ չկար, հաշմանդամություն ունեցող երիտասարդներն այդքան շատ չէին: Իմ մարզումները տեսնելով, շատերը միացան մեզ, սկսեցին հաճախել մեր մարզասրահ, զբաղվել սպորտով: Վերջին տարիներին պարաբազկամարտի մրցաշարերին արդեն ներկայանում ենք 10 եւ ավել մարզիկներով:
Մարզասրահի անվանումը պատահական չենք ընտրել, այն ունի յուրահատուկ նշանակություն, քանի որ այստեղ մարզվող բոլոր երիտասարդները լեգենդներ են: Այս մարզասրահից լեգենդներ են դուրս եկել եւ դեռ դուրս են գալու: Սրանք ուղղակի խոսքեր չեն. կարողանում ենք ամբողջ աշխարհում մեր անունը, մեր երկրի պատիվը բարձր պահել:
Մարզասրահը կառուցվեց Թուֆայան ընտանիքի աջակցությամբ: Մեր մարզասրահը տարածաշրջանում միակն է, որն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցողների համար: Մարզասարքերն այնպես են պատրաստված, որ գալիս ես դահլիճ եւ անվասայլակից չես տեղափոխվում մարզասարքի վրա, անվասայլակով մոտենում ես սարքին եւ մարզվում: Այս մարզասարքերը պատվիրելիս ես եւ Սերգեյ Ասատուրովը մեկնել ենք Բելառուս, այնտեղի գործարանում ինժեներների հետ գծագրել, խորհուրդներ ենք տվել, թե ինչպես պատրաստեն, որ անվասայլաներով, պրոթեզով հարմար լինի մարզվել: Մարզասրահն ունի նաեւ վերականգնողական կենտրոն, որտեղ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկները վերականգնվում են, քայլել սովորում պրոթեզով:
Պատրաստվու՞մ եք աշխարհի առաջնությանը:
Արդեն սկսել եմ նախապատրաստական փուլը: Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Բուլղարիայի Ալբենա քաղաքում: Գնալու եմ հաղթանակի հետեւից, կփորձեմ 4-րդ անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Ես ուզում եմ հաղթել եւ դրա համար ամեն ինչ անում եմ:
Եւս մեկ մեծ նպատակ ունեմ սպորտում՝ մասնակցել 2028 թվականին Լոս Անջելեսում անցկացվելիք Պարալիմպիկ խաղերին: Մասնակցել եմ Փարիզ-2024-ին գնդի հրում մարզաձեւում: Կարճ ժամանակ էի մարզվել գնդի հրում մարզաձեւով, չկարողացա լավ արդյունք գրանցել: Այժմ պատրաստվում եմ նաեւ Պարալիմպիկ խաղերին: Գնալու եմ հաղթանակի հետեւից: Շատ քիչ է իմ արդյունքը զիջում հաղթանակի համար: Անելու եմ ամեն ինչ, որ 2028 թ. մեծ հաղթանակ գրանցվի, իմ անունը գրվի, որպես հաղթող:

Աննա Նահապետյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի