Սարգիս Ստեփանյանը՝ Եվրոպայի հնգակի չեմպիոն (տեսանյութ)

08:56   6 հունիսի, 2025

Սարգիս Ստեփանյանը նվաճել է Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում անցկացված պարա-բազկամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը։ 

Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է վրացի մրցակցին եւ նվաճել է ոսկե մեդալը 80 կգ քաշային կարգում։

Սարգիս Ստեփանյանը պարա-բազկամարտի Եվրոպայի առաջնության հնգակի, աշխարհի  առաջնության եռակի չեմպիոն է և բազկամարտի աշխարհի կրկնակի գավաթակիր։

Սարգիս, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը 5-րդ անգամ նվաճելու կապակցությամբ: Բարդ տրվե՞ց:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Սա իմ հերթական հաղթանակն է Եվրոպայի առաջնությունում: Ամեն մրցաշար մինչեւ այսօր ավարտվում է հաղթանակներով, ոսկե մեդալներով: Այս արդյունքներին հասնելու համար բարդ ճանապարհ եմ անցնում, երկար մարզումներ եմ ունենում անձնական մարզիչ, հաշմանդամային սպորտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Գեւորգ Ստեփանյանի ղեկավարությամբ: Իմ տարիների փորձը նույնպես օգնում է, որ այս արդյունքները գրանցենք: Ունեմ իմ մշակած տեխնիկան, որով մարզվում եմ նաեւ ես: 

Եվրոպայի առաջնության եզրափակիչում հաղթել եք վրացի մարզիկին: Ինչպիսի՞ն էր մրցակցությունը:

Վրացի մարզիկին հանդիպում էի առաջին անգամ: Նա ուներ նույն վնասվածքը, ինչ ես՝ երկու ոտք եւ մեկ ձեռք անդամահատված էր: Ես անծանոթ էի նրա ուժին: Բարդ էր մրցակցությունը: Մեկնարկում առավելության դիրքն ընկավ մրցակցի կողմը: Վատ իրավիճակում էի հայտնվել: Իմ տեխնիկան չկիրառեցի: Քանի որ չէի ճանաչում մրցակցիս, չէի էլ սպասում նրանից այդքան ուժ: Երբ հասկացա, որ վատ իրավիճակում եմ, հավաքեցի ուժերս եւ անցա իմ տեխնիկային: Երրորդ փորձից հետո հաղթեցի նրան: Վրացի մարզիկն, իհարկե, պայքարեց մինչեւ վերջ, չէր ցանկանում պարտվել, բայց ինձ հաջողվեց հաղթել նրան:

5-րդ անգամ եք դառնում չեմպիոն այս առաջնությունում, նաեւ երեք անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսն եք նվաճել: Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում այս ճանապարհում, ի՞նչն է օգնում հասնել այդ հաղթանակներին:

Դեռ երկար եմ մնալու այս մարզավիճակում եւ հաղթողի կարգավիճակում: Սա իմ մեծ նպատակն է, որ շարունակեմ հաղթանակներ ունենալ: Ուզում եմ երկար տարիներ իմ դիրքում լինել ամբողջ աշխարհում, որովհետեւ իմ հետեւից գալիս է մեծ մարզական թիմ, հաշմանդամություն ունեցող մարզիկներ, որոնք մարզվում են ֆեդերացիային պատկանող «Լեգենդների մարզասրահում»: Այնպես է ստացվում, որ ես այս երիտասարդների համար օրինակ եմ դարձել եւ չեմ ցանկանում, որ ընդհատվի այն: Իրենք ինձ տեսնելով մարզվում են, նրանց մոտ էլ է ձեւավորվում հաղթանակի ճանապարհով գնալու ցանկությունը: Ես տեսնում եմ, որ իրենց համար իմ օրինակը  շատ կարեւոր է, ինչն ինձ պարտավորեցնում է, որ շարունակեմ ճանապարհս պարաբազկամարտում, պարասպորտում:

Ինչպե՞ս է սկսվել Ձեր մարզական կարիերան, ո՞ւմ խորհրդով:

2014 թվականին եմ հաշմանդամություն ձեռք բերել, բայց չեմ կոտրվել: 2015 թվականից սկսել եմ բազմկամարտով զբաղվել: Իմ ընկերներ Սերգեյ Ասատուրովի, Արման Մովսեսյանի խորհրդով եմ սկսել զբաղվել: Արման Մովսեսյանը մեկ անգամ սպորտային երեկո էր կազմակերպել, Սերգեյ Ասատուրովի միջոցով ինձ գտել էր եւ հրավիրել այդ միջոցառմանը, որին ներկա էին տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներ, ֆեդերացիաների նախագահներ, սպորտային ճանապարհ անցած մարդիկ: Նշեմ, որ մինչեւ հաշմանդամություն ձեռք բերելը, նախկինում զբաղվել եմ ծանրամարտով: Պրոֆեսիոնալ ծանրորդ եմ եղել, Հայաստանի սպորտի վարպետի կոչում ունեմ: Այն ժամանակ ես Արցախում էի մարզվում, նաեւ հավաքականի անդամ եմ եղել, երբ Օգսեն Միրզոյանն էր ֆեդերացիայի նախագահը: Արցախում աշխատել եմ նաեւ ծանրամարտի թիմի գլխավոր մարզիչ:

Որպես նախկին մարզիկ, ընկերներս որոշեցին ինձ նորից վերադարձնել սպորտ, որպեսզի փորձեմ արդեն պարասպորտում հաջողություններ գրանցել: Այդ միջոցառման ընթացքում զրույցների եւ քննարկումների արդյունքում որոշեցինք, որ ինձ համար ամենահարմար մարզաձեւը պարաբազկամարտն է: Այդտեղ ծանոթացա Արտավազդ Նալբանդյանի հետ, որը երկար տարիներ եղավ իմ անձնական մարզիչը:

Շատ դժվար ճանապարհ եմ անցել մինչեւ այս հաղթանակներին հասնելը, շատ պարտություններ եմ ունեցել: Ոչ մի հաղթանակ միանգամից չի եղել: Պարտություններ, վնասվածքներ եմ ունեցել, բայց չեմ կոտրվել: Երբ ինձ հաղթում էին, ասում էի՝ ուրմեն ավելի շատ պետք է աշխատեմ, մարզվեմ: 2018 թ.-ին դարձա աշխարհի բացարձակ գավաթակիր, բոլոր քաշային կարգերում, բոլոր դասակարգերում հաղթեցի: Այդ հաղթանակներն ինձ «չծածկեցին», չթուլացա, շարունակեցի մարզումներս: Բավականին դժվար է եղել մեկ ձեռքով մարզումները, որովհետեւ վնասվածքներ ես ունենում, հետո վերականգնվում ես, իսկ առօրյայում ձեռքս ինձ ամեն վայրկյան անհրաժեշտ է եղել: Դժվարություններով հաղթահարելով հասա մինչեւ Եվրոպայի այս առաջնությանը:

Եթե նախկինում մարզիկ չլինեիք, հաշմանդամություն ձեռք բերելուց հետո կլինեի՞ք սպորտում:

Սպորտային հոգեբանությունն է ինձ վերադարձրել սպորտ: Չեմ կարող ասել, թե ինչ ճանապարհ կընտրեի, եթե ժամանակին պրոֆեսիոնալ սպորտով չզբաղվեի, ծանրորդ չլինեի: Վստահեցնում եմ, որ պրոֆեսիոնալ սպորտը առանձնահատուկ հատակնիշներ է ձեւավորում մարդու մեջ՝ համեստություն, կարգապահություն, նպատակասլացություն, գիտակցություն, թե ինչ ես ուզում եւ ուր ես գնում: Ոչինչ հենց այնպես չի լինում: Եվրոպայի առաջնությունից աշխարհի առաջնություն ամիսների տարբերություն կա, բայց մեկ մրցաշարից հետո անմիջապես մշակում ենք հաջորդ  մարզումների ռազմավարությունը, թե ինչպես պետք է պատրաստվենք, ինչ աշխատանք տանենք: Այդ ամենը կամքի ուժն է եւ նպատակասլացությունը, գիտակցությունը, թե դու ինչ արդյունքի ես ուզում հասնել:

Ինչպե՞ս ստեղծվեց «Լեգենդների մարզասրահը» եւ ինչով է պայմանավորված անվանումը:

2015 թվականից, երբ արդեն պրոֆեսիոնալ էի զբաղվում պարաբազկամարտով, միջազգային մրցաշարերում Հայաստանից ներկայացուցիչ միայն ես էի: Մրցաշարերին Հայաստանից միայն ես էի լինում, որպես մարզիկ եւ մարզիչս, բայց տեսնում էի, որ տարբեր երկրներ մեծ թվով մասնակիցներով էի գալիս: Այդ ժամանակ միտք առաջացավ, որ եթե մի օր դառնամ Եվրոպայի կամ աշխարհի հաղթող, Հայաստանում կհիմնեմ այնպիսի սպորտային կառույց, որտեղ կմարզվեն հաշմանդամություն ունեցող մարզիկներ: 2018 թվականին, երբ դարձա աշխարհի գավաթակիր, ընկերներիս հետ բացեցինք Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիան: Այդ նույն տարում հիմնեցինք «Լեգենդների մարզասրահը», որը կահավորվեց հատուկ մարզասարքերով: Այդ ժամանակ պատերազմ չկար, հաշմանդամություն ունեցող երիտասարդներն այդքան շատ չէին: Իմ մարզումները տեսնելով, շատերը միացան մեզ, սկսեցին հաճախել մեր մարզասրահ, զբաղվել սպորտով: Վերջին տարիներին պարաբազկամարտի մրցաշարերին արդեն ներկայանում ենք 10 եւ ավել մարզիկներով:

Մարզասրահի անվանումը պատահական չենք ընտրել, այն ունի յուրահատուկ նշանակություն, քանի որ այստեղ մարզվող բոլոր երիտասարդները լեգենդներ են: Այս մարզասրահից լեգենդներ են դուրս եկել եւ դեռ դուրս են գալու: Սրանք ուղղակի խոսքեր չեն. կարողանում ենք ամբողջ աշխարհում մեր անունը, մեր երկրի պատիվը բարձր պահել:

Մարզասրահը կառուցվեց Թուֆայան ընտանիքի աջակցությամբ: Մեր մարզասրահը տարածաշրջանում միակն է, որն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցողների համար: Մարզասարքերն այնպես են պատրաստված, որ գալիս ես դահլիճ եւ անվասայլակից չես տեղափոխվում մարզասարքի վրա, անվասայլակով մոտենում ես սարքին եւ մարզվում: Այս մարզասարքերը պատվիրելիս ես եւ Սերգեյ Ասատուրովը մեկնել ենք Բելառուս, այնտեղի գործարանում ինժեներների հետ գծագրել, խորհուրդներ ենք տվել, թե ինչպես պատրաստեն, որ անվասայլաներով, պրոթեզով հարմար լինի մարզվել: Մարզասրահն ունի նաեւ վերականգնողական կենտրոն, որտեղ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկները վերականգնվում են, քայլել սովորում պրոթեզով:

Պատրաստվու՞մ եք աշխարհի առաջնությանը:

Արդեն սկսել եմ նախապատրաստական փուլը: Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Բուլղարիայի Ալբենա քաղաքում: Գնալու եմ հաղթանակի հետեւից, կփորձեմ 4-րդ անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Ես ուզում եմ հաղթել եւ դրա համար ամեն ինչ անում եմ:

Եւս մեկ մեծ նպատակ ունեմ սպորտում՝ մասնակցել 2028 թվականին Լոս Անջելեսում անցկացվելիք Պարալիմպիկ խաղերին: Մասնակցել եմ Փարիզ-2024-ին գնդի հրում մարզաձեւում: Կարճ ժամանակ էի մարզվել գնդի հրում մարզաձեւով, չկարողացա լավ արդյունք գրանցել: Այժմ պատրաստվում եմ նաեւ Պարալիմպիկ խաղերին: Գնալու եմ հաղթանակի հետեւից: Շատ քիչ է իմ արդյունքը զիջում հաղթանակի համար: Անելու եմ ամեն ինչ, որ 2028 թ. մեծ հաղթանակ գրանցվի, իմ անունը գրվի, որպես հաղթող:

Աննա Նահապետյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.