19:51  ,  23 մարտի, 2025

Հայաստանի հավաքականը պատասխան խաղում էլ պարտվեց վրացիներին՝ 1:6 (ֆոտո, վիդեո)

Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենայում» հյուրընկալվեց Վրաստանի թիմին եւ պարտություն կրեց 1:6 հաշվով (տեսանյութ)։

Արդեն չորրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ավստրիական «Շտուրմի» 28-ամյա կիսապաշտպան Օթար Կիտեիշվիլին։ Նրա ուժեղ հարվածից հետո գնդակը «Փյունիկի» պաշտպան, ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանից անդրադարձով հայտնվեց դարպասը։ Հետագայում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում գրանցվեց ինքնագոլ Հարոյանի անվան դիմաց։

14-րդ րոպեին ֆրանսիական «Լիոնի» 24-ամյա հարձակվող Ժորժ Միկաուտաձեն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։

23-րդ րոպեին աչքի ընկավ անգլիական «Ուոթֆորդի» 25-ամյա կիսապաշտպան Գիորգի Չակվետաձեն։

27-րդ րոպեին Օթար Կիտեիշվիլին դարձավ գոլի հեղինակ։ 35-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց նաեւ Ժորժ Միկաուտաձեն։

Չորրորդ եւ 5-րդ գոլերի դրվագներում Հայաստանի թիմի խաղացողների սխալ փոխանցումների հետեւանքով գնդակը հայտնվեց մրցակցի մոտ։

Առաջին խաղակեսում հայ ֆուտբոլիստները ոչ մի հարված չկատարեցին մրցակցի դարպասին։

Ընդմիջմանը Հայաստանի հավաքականի երկրպագուները «Հեռացի՛ր, հեռացի՛ր» վանկարկումներով պահանջում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Հայաստանի թիմը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։

48-րդ րոպեին Մոսկվայի «Լոկոմոտիվի» 23-ամյա հարձակվող Էդգար Սեւիկյանը լեհական «Լեգիայի» 25-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանի փոխանցումից հետո գեղեցիկ հետադարձ հարվածով գրավեց Վրաստանի թիմի դարպասը (տեսանյութ)։

63-րդ րոպեին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան խփեց ֆրանսիացի Վիլիա Սանյոլի գլխավորած թիմի 6-րդ գոլը։

Երեւանում Վրաստանի հավաքականը հաղթել էր 3:0 հաշվով եւ կշարունակի հանդես գալ B դիվիզիոնում։ Հայաստանի հավաքականը կշարունակի մրցելույթները C դիվիզիոնում։

Ազգերի լիգա, B/C փլեյ-օֆֆ, պատասխան խաղ

Վրաստան - Հայաստան՝ 6:1 (առաջին խաղ՝ 3:0)

Հարոյան, 4 (ԻԳ), Միկաուտաձե, 14, 35, Չակվետաձե, 23, Կիտեիշվիլի, 27, Կվարացխելիա, 62 (Վրաստան), Սևիկյան, 48 (Հայաստան)

Վրաստան

12. Գեորգի Մամարդաշվիլի, 2. Օտար Կակաբաձե, 4. Գուրամ Կաշիա (ա), 5. Սաբա Գոգլիչիձե (3. Լաշա Դվալի, 69), 6. Գեորգի Կոչորաշվիլի, 7. Խվիչա Կվարացխելիա, 10. Գեորգի Չակվետաձե (19. Լևան Շենգելիա, 46), 11. Գիորգի Ցիտաիշվիլի (21. Գեորգի Գուլիաշվիլի, 69), 17. Օտար Կիտեիշվիլի (18. Գեորգի Զարիա, 77), 20. Անզոր Մեկվաբիշվիլի, 22. Գեորգի Միկաուտաձե (8. Բուդու Զիվզիվաձե, 77)

Պահեստայիններ՝ 1. Գեորգի Լորիա, 23. Լուկա Գուգեշաշվիլի, 9. Զուրիկո Դավիթաշվիլի, 13. Գեորգի Գոչոլեիշվիլի, 14. Լուկա Լացաբիձե, 15. Իրակլի Ազարով, 16. Նիկա Կվեկվեսկիրի

Գլխավոր մարզիչ՝ Վիլի Սանյոլ

Հայաստան

1. Օգնյեն Չանչարևիչ, 3. Վարազդատ Հարոյան (ա), 4. Գեորգի Հարությունյան, 5. Ստյոպա Մկրտչյան, 6. Ուգոչուկվու Իվու (2. Էդգար Գրիգորյան, 40), 7. Էդգար Սևիկյան (18. Արթուր Միրանյան, 70), 8. Սոլոմոն Ուդո (9. Արթուր Սերոբյան, 40), 11. Տիգրան Բարսեղյան, 13. Կամո Հովհաննիսյան (22. Սերգեյ Մուրադյան, 40), 21. Նաիր Թիկնիզյան, 23. Վահան Բիչախչյան (10. Նարեկ Գրիգորյան, 80)

Պահեստայիններ՝ 12. Արսեն Բեգլարյան, 16. Հենրի Ավագյան, 14. Գոռ Մանվելյան, 15. Արայիկ Էլոյան, 17. Նիկոլաս Կալուկյան, 19. Պետիկ Մանուկյան, 20. Արտակ Դաշյան

Գլխավոր մարզիչ՝ Ջոն վան՛տ Սխիպ

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News