13:09  ,  13 մարտի, 2025

Լեւիկ Միքայելյան․ Շատ մեծ հույզեր ապրեցի, որ մեր եռագույնից ցածր Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներն էին

Պարգեւատրման արարողության ժամանակ շատ մեծ հույզեր ապրեցի, որ մեր եռագույնից ցածր Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներն էին: Մերն ամենավերեւում էր, ինչն ամենակարեւորն է ինձ համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 չեմպիոն Լեւիկ Միքայելյանը:

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Լեւիկ Միքայելյանը 61 կգ քաշային կարգի եզրափակիչում 2:1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիեւին։ Մինչեւ եզրափակիչ, 22-ամյա ըմբիշը երեք հաղթանակ էր տարել գերմանացի Դարիո Դիտրիխի (10:0), իտալացի Սիմոնե Պիրոդուին (12:1) եւ ուկրաինացի Միկիտա Աբրամովի նկատմամբ (11:1)։

Նախորդ գիշեր Եվրոպայի Մ23 չեմպիոնը Հայաստանի թիմի հետ Տիրանայից վերադարձավ Երեւան:

Լեւիկ, շնորհավորում եմ Եվրոպայի Մ23 չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Քո առաջին չեմպիոնությունն է կարիերայում: Ի՞նչ տպավորություններով ես վերադարձել հայրենիք:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Շատ ուրախ եմ, մեծ տպավորություններով եմ վերադարձել: 23 տարեկանների պայքարում իմ առաջին մեդալն էր: Երիտասարդների Եվրոպայի առաջնությունում երկու անգամ արծաթե մեդալակիր եմ դարձել: 2023 թ. ԵԱ  եզրափակիչում մրցակիցս նույն ադրբեջանցին էր, որտեղ 0:2 հաշվով պարտվել էի: Այդ ժամանակ փորձի պակասն ինձ խանգարեց:

Այս առաջնությունում եզրափակիչում պարտավորվածությունս ավելի մեծ էր, որ ամեն ինչ պետք է անեմ նրան հաղթելու համար: Առաջին անգամ եմ չեմպիոն դառնում: Աննկարագրելի զգացողություններ ունեմ, չեմ կարող բառերով բացատել:

Հաղթանակդ սպասվա՞ծ էր: Հավատո՞ւմ էիր, որ կկարողանաս չեմպիոն դառնալ:

Այս հաղթանակը շատ սպասված էր ինձ համար: Բոլոր գոտեմարտերին մինչեւ վերջ հավատալով դուրս եմ եկել մրցագորգ՝ միայն հաղթանակով ավարտելու նպատապով: Ինձ համար հավանական էր, որ եզրափակիչում կհանդիպեմ հենց ադրբեջանցուն: Մյուս խմբում էլ շատ ուժեղ ըմբիշներ կային, բայց սպասելի էր, որ նա կլինի մրցակիցս:

Ի՞նչ հույզեր ապրեցիր պարգեւատրման արարողության ժամանանակ:

Շատ մեծ հույզեր ապրեցի, որ մեր եռագույնից ցածր Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներն էին: Մերն ամենավերեւում էր, ինչն ամենակարեւորն էր ինձ համար: Ուրախ եմ, որ կարողացա բարձունքում պահել մեր դրոշը:

Եզրափակիչում լարվածություն կա՞ր:

Գիտեի մրցակցիս, նրա գոտեմարտելու ոճը. հիմնականում փորձում է պասիվներով միավորներ վաստակել: 2023 թ. Եվրոպայի առաջնությունում պասիվներով ինձ հաղթեց: Այս անգամ փորձեցի մարտավարությունն այնպես տանել, որ գոտեմարտն ավելի շատ իմ օգտին լիներ: Եզրափակիչը մի փոքր լարված ստացվեց, ես էլ էի դժվարանում, քանի որ մրցակիցս փորձառու ըմբիշ էր: Փորձեցի տակտիկապես հաղթել:

Մինչեւ եզրափակիչ, երեք հաղթանակ ունեցար: Ո՞ր գոտեմարտը կառանձնացնես, ո՞րը բարդ ստացվեց:

Կիսաեզրափակիչը, համեմատած, ավելի բարդ ստացվեց, որտեղ մրցում էի ուկրաինացի ըմբիշի հետ: Նա նույնպես բավականին փորձառու էր, Եվրոպայի չեմպիոն: Քառորդ եզրափակիչի մրցակիցս պատանիների Եվրոպայի չեմպիոնն էր: Տիրանայում երեք Եվրոպայի չեմպիոնի եմ հաղթել:

Քանի՞ տարեկանից ես զբաղվում ըմբշամարտով, որտե՞ղ ես արել առաջին քայլերդ:

Արդեն շուրջ 12 տարի զբաղվում եմ ըմբշամարտով: Վեդիից եմ, այնտեղ էլ սկսել եմ հաճախել ըմբշամարտի: 2015 թ. մեկ տարի հաճախեցի Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջ, 2016 թ. մինչեւ հիմա մարզվում եմ Արտաշատում: Մեր հավաքականն ինձ շատ է մոտիվացնում, մասնավորապես, Արման Անդրեասյանը, Վազգեն Թեւանյանը, Արսեն Հարությունյանը: Նրանց տեսնելով, բոլորս ուզում ենք լավ արդյունքներ գրանցել, հաղթել: Այս հաղթանակում բոլորն իրենց ներդրումն ունեն՝ իմ ընկերները, հավաքականի, անձնական մարզիչները, մեր թիմը: Միայն ինձանով չի այս հաղթանակը:

Ո՞րն է լինելու հաջոդ քայլդ մեծ սպորտում: Ի՞նչ խնդիր ես դնելու քո առջեւ:

Ես գիտակցում եմ, որ ամենաբարդը չեմպիոնությունը պահելն է: Շատ դժվար է միշտ բարձունքում լինել: Դժվար է հասնել հաղթանակի, բայց եռակի աշխատանք է պահանջվելու այդ հաղթանակը պահելու համար: Պարտավորեցնող է այս հաղթանակը: Հաջորդը պետք է լինի աշխարհի առաջնությունում հաղթանակը: Պետք է կարողանամ հասնել դրան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News