Հայաստանում միշտ ինձ շատ լավ եմ զգում: Այստեղ ինձ միշտ հիացրել է ջերմ ընդունելությունն ու հյուրասիրությունը: Ժողովուրդը շատ հյուրընկալ է: Այն հյուրասիրությունը, որ դուք ունեք, լավ կլիներ մեր տարածաշրջանի շատ այլ երկրներ էլ ունենային:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԽՍՀՄ հավաքականի կազմում 1980 թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 1988 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, դարպասապահ Ռինատ Դասաեւը:
Օրերս նա Երեւանում էր եւ Ռուսաստանի վետերանների հավաքականի հետ մասնակցեց Լեւոն Ղասաբօղլյանի հիշատակին նվիրված հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլային վետերանների թիմի դեմ: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը միայն առաջին խաղակեսին մասնակցեց, երկրորդ խաղակեսը հետեւեց պահեստայինների նստարանից: Նրա խոսքով, տարիքն արդեն թույլ չի տալիս ամբողջական խաղաժամանակ անցկացնել, բայց խաղադաշտ դուրս էր եկել մեծ կարոտով: Հայաստան - Ռուսաստան վետերանների մրցախաղն ավարտվեց ռուսների հաղթանակով 4:2 հաշվով:
Պարոն Դասաեւ, ի՞նչ տպավորություններ ունեք երեւանյան խաղից:
Հետաքրքիր հանդիպում, խաղ, միջոցառում ստացվեց Երեւանում: Բոլորը մեծ հաճույք ստացան այս խաղից: Կարծում եմ՝ խաղը ստացվեց, մարզադաշտ եկած երկրպագուներին էլ դուր եկավ վետերանների մրցապայքարը: Գուցե, մեր հավաքականում շատերի տարիքն արդեն չի ներում լիարժեք խաղ անցկացնել, ինքս էլ այլեւս այն ֆիզիկական տվյալները չունեմ, որ լիարժեք խաղաժամանակ անցկացնեմ: Մեր թիմը գուցե զիջում է հայ վետերանների տարիքով, բայց վստահ կարող եմ ասել, որ տեխնիկան պահպանված է: Զիջում էինք նաեւ արագությամբ, բայց փոխանցումները, ընդհանուր խաղը, կարծում եմ, շատ լավ ստացվեց: Ես խաղացի միայն առաջին խաղակեսում:
Կարոտե՞լ էիք խաղադաշտը:
Կարոտել էի ու միշտ կարոտում եմ: Փորձում եմ մշտապես զբաղվել: Ինձ համար ֆուտբոլը կյանք է: Շարունակելու եմ դուրս գալ խաղադաշտ, խաղալ ֆուտբոլ, մարզվել, քանի դեռ ապրում եմ:
Հայկական ֆուտբոլին հետեւո՞ւմ եք:
Հայկական ֆուտբոլին քիչ եմ հետեւում, քանի որ մեզ մոտ շատ չի ցուցադրվում: Այստեղ է աշխատում մեր ընկեր, Երեւանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, որի միջոցով հնարավորինս տեղեկանում եմ հայկական ֆուտբոլի մասին: Մենք մշտապես հեռախոսային կապի մեջ ենք, ինձ պատմում է Հայաստանի առաջնության մասին: Հետաքրքրվում եմ:
Նախորդ անգամ ե՞րբ էիք եղել Հայաստանում:
9 տարի առաջ այստեղ մեծ շուքով նշվեց Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակը: Բոլորով ժամանել էինք Հայաստան, այդ ժամանակ նույնպես ընկերական խաղ անցկացրինք: Շատ լավ ժամանակ անցկացրինք, ջերմ մթնոլորտ էր, բոլոր հին ընկերներն այստեղ էին: Հետաքրքիր հանդիպումներ, զրույցներ, հիշողություններ ունեցանք: Ու դեռ շատ կլինեն այդպիսի հանդիպումները հին ընկերների հետ, շատ կհիշենք մեր համատեղ ֆուտբոլային կյանքը, որն ապրել ենք, ունեցել ենք: Ինձ համար այդ ամենը շատ թանկ է:
Ի՞նչն է Ձեզ ամենաշատը տպավորում կամ տպավորել Հայաստանում:
Հայաստանում միշտ ինձ շատ լավ եմ զգում: Այստեղ ինձ միշտ հիացրել է ջերմ ընդունելությունն ու հյուրասիրությունը: Ժողովուրդը շատ հյուրընկալ է: Այն հյուրասիրությունը, որ դուք ունեք, լավ կլիներ մեր տարածաշրջանի շատ այլ երկրներ էլ ունենային:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի