Շատ տաղանավոր երեխաներ ունենք, որոնց հետ լավ աշխատանքի դեպքում կարելի է հասնել մեծ հաջողությունների: Շախմատով զբաղվել ցանկացող երեխաները շատ են, մարզիչները՝ քիչ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արտաշես Մինասյանը:
2024 թ. հայ պատանի շախմատիստները Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում տարբեր տարիքային խմբերում տարբեր արդյունքներ են գրանցել: Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեդալակիրներ դառնալուց հետո աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեցին առանց մեդալների:
Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ շախմատիստները նվաճել էին 3 ոսկե և 2 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը դարձել էր Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Սոնա Կրկյաշարյանը դարձել էր Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն: Սոֆիա Բաղրամյանը դարձել էր Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն, ինչպես նաև արագ շախմատի բրոնզե մեդալակիր: Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների արագ շախմատի թիմային առաջնությունում Հայաստանի թիմը դարձել էր բրոնզե մեդալակիր: Թիմը ներկայացնում էին Դավիթ Մելքոնյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Վարդանյանը և Սլավա Կոնջորյանը:
Հավաքականի ավագ մարզիչ Արտաշես Մինասյանի խոսքով, տատանվող արդյունքները խոսում են աշխարհի առաջնություններում դիրքերը զիջելու մասին: Ըստ մարզիչի, շախմատը Հայաստանում պատանիների շրջանում մասսայականության խնդիր չունի, բայց կան խոչընդոտներ, որոնց պատճառով արդյունքները կայուն չեն եւ ոչ այդքան գոհացնող:
Պարոն Մինասյան, ինչպիսի՞ն է պատկերը պատանեկան հավաքականում: Ի՞նչ խնդիրներ ունենք:
Շախմատը սիրված մարզաձեւ է մեր երկրում: Մարզվողների, հոսքի խնդիր չունենք: Երեխաների պարագայում առանձնապես խնդիրներ չունենք: Մարզիչներն աշխատում են: Մեր հիմնական խնդիրն աշխարհի առաջնություններն են: Ասիական երկրները շատ ուժեղ են: Վերջերս Իտալիայում անցկացված աշխարհի առաջնությունն էլ ապացուցեց, որ մեդալակիրները հիմնականում լինում են Ասիայից: Չգիտեմ՝ ինչն է պատճառը, որ ասիական երկրները գերազանցում են եվրոպական երկրներին. գուցե պետական ուշադրությունն է ավելի շատ այդ երկրներում:
Եվրոպայի առաջնություններում մեր այս տարվա ելույթները բավականին լավ էին: Մինչեւ 18 տարեկանների թիմային առաջնությունում երկրորդ տեղ գրավեցինք, պատանեկան առաջնությունում էլ երեք արծաթե մեդալ նվաճեցինք: 12 տարեանների պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Տիգրան Համբարձումյանը, 16-երի մեջ Բենիկ Ագասարովը, 18-երի մեջ՝ Արթուր Դավթյանը։ Արագ եւ կայծակնային շախմատի առաջնություններում ունեցանք Եվրոպայի չեմպիոններ․ Ալեքս Սահակյան, Սոնա Կրկյաշարյան, Սոֆիա Բաղրամյան։ Առաջին տասնյակում ունեինք նաեւ լավ հանդես եկած երեխաներ:
Եվրոպայում արդյունքները լավ են, բայց աշխարհի առաջնությունում աշխատելու շատ տեղ ունենք: Պետք է վերլուծենք եւ հասկանանք, թե ինչն է մեդալներ չնվաճելու պատճառը:
Այսինքն՝ համեմատելով նախորդ տարիների հետ, արդյունքների աճ չեք գրանցո՞ւմ:
Այս տարի հունիսին Հնդկաստանում անցկացված մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում երկու արծաթե մեդալակիր ունեցանք՝ Էմին Օհանյանը եւ Մարիամ Մկրտչյանը: Չեմ կարող ասել, թե արդյունքները գնալով նվազում են: Հիմնականում նույն անուններն են, նույն շախմատիստներն են մեդալներ նվաճում:
Օրինակ՝ Բենիկ Ագասարովն անցած տարի դարձավ Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն, այս տարի 16-երի մեջ նույնպես երկրորդն էր: Արսեն Դավթյանը 2023թ. Եվրոպայի մինչեւ 18 տարեկան պատանիների չեմպիոն էր, այս տարի փոխչեմպիոն է: Այսինքն՝ նույն մարդիկ են մեդալներ նվաճում: Մարզիչների հետ քննարկում պետք է ունենանք եւ հասկանանք, թե ինչն է պատճառը, որ նոր անուններ չունենք: Պետք է նոր անուններ տանք:
Մարզիչների աշխատանքին ի՞նչ գնահատական կտաք:
Մարզիչները նվիրումով են աշխատում, իրենք լավ են կատարում իրենց աշխատանքը: Կարող է՝ թերություններ կան: Գուցե նաեւ երեխաներն այլ խնդիրներ ունեն ուրիշ հարցերում: Թույլ ելույթներն աշխարհի առաջնությունում ապացուցում են, որ կան ինչ-որ հարցեր, որոնք պետք է գտնենք եւ լուծենք: Կան նաեւ այլ խնդիրներ. ինչպես արդեն ասացի՝ շախմատով զբաղվող երեխաները շատ են: Եթե նախկինում խմբում 6-7 երեխա էր, այժմ 10 եւ ավելի երեխաներ են: Մարզիչների համար դժվարանում է աշխատանքը: Բարձր մակարդակում մարզիչը կարող է աշխատել 6-7 երեխայի հետ:
Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի անվան դպրոցի փակվելն անդրադարձա՞վ արդյունքների վրա:
Իհարկե, դա էլ իր ազդեցությունն ունեցավ: Արոնյանից եւ Սարգսյանից բացի, այնտեղ նաեւ բարձրակարգ մարզիչներ էին աշխատում: Այդ դպրոցը երբ կար, երեխաների մեծ խումբ հաճախում էր այնտեղ: Հիմա նրանք գնացել են տարբեր դպրոցներ, ակադեմիա, շախմատի տուն, իսկ մարզիչների քանակը չի բավականացնում: Մարզիչներն այդքան շատ չեն, արդեն այդքան էլ շահագրգռված չեն աշխատում, ֆինանսավորումն ավելի քիչ է, ինչն իր դերն է ունենում:
Այս մեծ հոսքի պարագայում մարզչական աշխատանքն այդքան էլ հաճելի չի դառնում եւ շատերը նախընտրում են անհատական մարզումներ անցկացնել: Պատանիների աշխարհի առաջնությունում բարձր արդյունքներ գրանցած ղազախներից շատերը մարզվում են հայ մարզիչների մոտ օնլայն: Մարզիչների համար սա ավելի գրավիչ է, քանի որ գումար ավելի շատ են վաստակում: Մեր դպրոցներում աշխատավարձերը 120-130 հազար դրամ են: Պետական ծրագրի խնդիր է. մարզիչներին պետք է շահագրգռել, որ ավելի շատ հայ երեխաների հետ աշխատեն: Շատ տաղանավոր երեխաներ ունենք, որոնց հետ լավ աշխատանքի դեպքում կարելի է հասնել մեծ հաջողությունների: Մրցաշարերի պակաս չունենք, շատ մրցաշարերի ենք մասնակցում տարվա ընթացքում: Շախմատի ֆինանսավորումն էլ վատ չի, կարողանում ենք մրցաշարերի մասնակցել: Մեզ նոր անուններ են պետք, աշխարհի առաջնություններում բարձր արդյունքների պետք է հասնենք:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի