10:08  ,  10 նոյեմբերի, 2024

Հարություն Մերդինյան․ Վնասվածքներն այլեւս թույլ չեն տալիս պայքարել մեդալների համար

Մարզական կարիերաս ավարտում եմ. վնասվածքներն այլեւս թույլ չեն տալիս շարունակել պայքարել մեդալների համար: Նժույգ թափեր գործիքը փոխանցում եմ երիտասարդներին: Համոզված եմ, որ իմ արդյունքներից ավելին կանեն, կունենանք օլիմպիական, աշխարհի չեմպիոններ: Ես այսքանը կարողացա անել: Սպորտից, հավաքականից չեմ հեռանում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի առաջատարներից Հարություն Մերդինյանը:

40-ամյա մարմնամարզիկը պաշտոնապես հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: Այս որոշումը Հարություն Մերդինյանը կայացրել էր դեռեւս 2024 թ. Եվրոպայի առաջնությունից առաջ, որն անցկացվեց Իտալիայի Ռիմինի քաղաքում: Մրցաշարից առաջ Մերդինյանի կարիերան ավարտելու մասին խոսել էր հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը եւ հայտնել, որ Եվրոպայի առաջնությունը կլինի անվանի մարզիկի վերջին պաշտոնական մրցաշարը: Որակավորման փուլը չհաղթահարելուց հետո Մերդինյանը հայտնեց, որ դեռ չի շտապում կարիերան ավարտել, քանի որ ցանկանում է վնասվածքների բուժում անցնել եւ նորից փորձել ուժերը:

Հարություն, Եվրոպայի առաջնությունից եւ տեւական դադարից հետո հայտարարեցիր մարզական կարիերադ ավարտելու մասին: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս եկար այդ որոշմանը:

Բավականին բարդ եկա այս որոշմանը: Վնասվածներս շատ են խանգարում: Դրանք բազմաթիվ են՝ ուս, մեջք, դաստակ: Ցավերն արդեն շարունակական բնույթ են կրում: Այլեւս չի վերականգնվում: Մրցաշարերն էլ այնքան շատ են, իրար մոտ, ժամանակը քիչ է, չեմ հասցնում վերականգնել վնասվածքներս: Ճիշտ է պրոֆեսիոնալ սպորտը թողնելը:

Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը եւ քո անձնական մարզիչ Սոս Սարգսյանն ի՞նչ կարծիք հայտնեցին որոշմանդ վերաբերյալ:

Հակոբ Սերոբյանն ու Սոս Սարգսյանն են առաջինն ինձ առաջարկել, որ ավարտեմ կարիերաս: Եթե հանկարծ այնպես ստացվի՝ մտափոխվեմ, այդ մասին կհայտարարեմ:

2022 թ. Լիվերպուլում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալով՝ տարիքային ռեկորդ սահմանեցիր աշխարհի առաջնություններում: Ամեն դեպքում, խնդիրը վնասվածքներն են, թե՞ նաեւ տարիքը:

Իրականում խնդիրը վնասվածքներն են: Ափսոսանքը միայն այն է, որ հենց վնասվածքներն են խանգարում. տարիքը չի: Էներգիայով լեցուն եմ, բայց վնասվածքները չեն թողնում: Եվրոպայի առաջնությունից հետո մրցաշարերի չեմ մասնակցել: Իտալիայում էլ խանգարեց: Այն ժամանակ որոշեցի դադար վերցնել եւ բուժման փուլ անցնել: Երբ հանգիստ վիճակ է, ինձ լավ եմ զգում, գերծանրաբեռնվածությունից արդեն բարդանում է:

Սպորտից հեռանո՞ւմ ես:

Չեմ հեռանում, հենց այս պահին էլ մարզադահլիճում եմ, հավաքականի հետ եմ, տղաների հետ եմ: Կփորձեմ օգնել հավաքականին, Վահագն Դավթյանի հետ եմ աշխատելու, որպես անձնական մարզիչ: Դեռ քննարկման փուլում է, բայց կլինեմ հավաքականի կողքին:

Քո հիմնական գործիքը նժույգ թափերն է: Ո՞ւմ ես վստահում եւ փոխանցում այն:

Մեր ապագա սերնդին, երիտասարդներին, բոլորին, ով տիրապետում է այդ գործիքին: Շատ եմ ուզում, որ մեր երիտասարդները կարողանան իմ արդյունքները եռապատկեն, քառապատկեն: Շատ կուրախանամ: Անկեղծ կլինեմ՝ սպասելիքներս մեծ են երիտասարդներից, նրանք կարող են իմ արդյունքներից ավելին անել:

Սպորտային մարմնամարզությունը մեր թիմի շնորհիվ զարգացել է, առաջ գնացել, հիմքը կա: Իմ անձնական ցանկությունն է, որ երիտասարդներն ավելի զարգացնեն: Ուզում եմ նժույգ թափեր վարժությունում աշխարհի չեմպիոններ ունենանք, Օլիմպիական խաղերի չեմպիոն մեդալակիրներ լինի:

Չնվաճած ո՞ր մեդալի համար ես ափսոսում:

Օլիմպիական մեդալի... Կուզեի օլիմպիական մեդալ ունենալ: Ես այսքանը կարողացա անել: Ժամանակին աշխարհի, Եվրոպայի առաջնությունների մեդալները հեռու երազանքներ էին: Այժմ նպատակներ են ու մեր թիմը, երիտասարդները կարող են այդ մեդալները կրկնապատկել: Մեր թիմը հասել է այն մակարդակին, որ շատ լուրջ մեդալների կռիվ ենք տալիս, նվաճում, պայքարում, հավակնում: Արթուր Դավթյանը սանդղակն այնքան է բարձրացրել, որ դրանից հետո ամենաքիչը պետք է լինեն աշխարհի, Օլիմպիական խաղերի չեմպիոններ, մեդալակիրներ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News