16:28  ,  28 նոյեմբերի, 2012

Տարին ավարտված է Յուրա Մովսիսյանի համար

Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» ռմբարկու Յուրա Մովսիսյանը մինչեւ տարեվերջ խաղադաշտ դուրս չի գա: Այդ մասին հայտարարել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը: Սերբ մասնագետի խոսքով՝ 25-ամյա հարձակվողը շարունակվում է ապաքինվել կրնկի վնասվածքից։

«Մովսիսյանի վնասվածքն այնքան լուրջ չէ, ինչքան կարող էր լինել, սակայն նա դեռ շարունակում է վերականգնվել: Կարծում եմ` նա լիովին կապաքինվի 15-20 օրից, ինչը նշանակում է, որ Յուրան չի խաղա մինչեւ տարեվերջ։ Չենք պատրաստվում ռիսկի դիմել: Ապաքինվելուց հետո Մովսիսյանը թիմի հետ կնախապատրաստվի առաջնության մյուս հատվածին, եթե, իհարկե, մնա «Կրասնոդարում»,- Սլավոլյուբ Մուսլինի խոսքը փոխանցում է «Р-Спорт»-ը։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը մասնակցել է 13 հանդիպման եւ դարձել է 9 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում