14:27  ,  27 նոյեմբերի, 2012

Հայաստանում պարապլաներիզմը հասանելի է նաեւ հաշմանդամներին (ֆոտո)

Լեռներով հարուստ Հայաստանը բավական հարմար երկիր է տարբեր էքստրեմալ մարզաձեւերով զբաղվելու համար, հատկապես պարապլաներիզմով: 2008-ին ստեղծվել է Հայաստանի Պարապլաներային սպորտի ֆեդերացիան: Մշտական անդամները շատ չեն: Վտագավոր եւ թանկ մարզաձեւ է, բայց երկինք եւ ազատություն սիրողների համար չկան խոչընդոտներ: Պարապլաներիստները կազմակերպում են փառատոններ Հայաստանում, ինչպես նաեւ մեկնում են մասնակցելու Բուլղարիայի Սոպոտ քաղաքում անցկացվող պարապլաներիզմի հայտնի մրցաշարին:

Յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է երկրին նայել թռչնի թռիչքի բարձրությունից կարող է փորձառու պարապլաներիստի հետ թռչել տանդեմով (երկտեղանի պարապլան):

Արեւիկ Մելքոնյանը տասը ամսականում ստացած ծանր վնասվածքի հետեւանքով ստիպված է տեղաշարժվել  հենակներով եւ ոտքի պրոթեզներով: Չնայած սահմանափակ ֆիզիկական հնարավորություններին, նա բազմիցս մասնակցել է արշավների: Բարձրացել է նաեւ Արագած լեռը: Սակայն երկնքի բույրն այլ է: Սեփական մարմնի վրա զգալ ֆիզիկայի օրենքները, խաղալ օդային քամիների հետ եւ ի վերջո հասկանալ թռչունների ազատությունը Արեւիկը երազում էր շատ վաղուց:

«Facebook-ում պատահաբար գտա պարապլաներիստների խումբը: Դիմեցի Արմեն Սարգսյանին եւ խնդրեցի, որպեսզի ինձ թռցնի իր հետ: Պետք է  թռչեինք Ապարանի սարերից: Վախ զգացի միայն առաջին րոպեներին: Այնուհետեւ ինձ թվաց, թե կարուսել եմ նստել: Իսկ հետո սկսվեց ամենակարեւորը… Ես զգացի ազատության համը: Այժմ արդեն գետնի վրա, դժվար է բացատրել, թե ինչ է ազատությունը, բայց այն պահին ես զգում էի, որ աշխարհն իմն է: Թռչում էինք արծիվների հետ, անգամ նրանից էլ բարձր: Դիմացս Արարատ լեռն էր իր ողջ հմայքով: Երկնքում ուրիշ մարդ ես: Միայն դու ես եւ անսահման գեղեցկությունը: Աշխարհին վերեւից դիտելը հիանալի է, իհարկե վերեւից նայելը լավ իմաստով: Վայրէջք կատարելիս կրկին ուղեղս միացավ: Սկսեցի մտածել, թե ինչպես պետք է գետին իջնեմ, ինչպես ինձ պահեմ: Բայց բարեբախտաբար ամեն ինչ հարթ անցավ»:

Տուն վերադառնալուց հետո Արեւիկը մտածում է միայն մի բանի մասին, թե երբ է կրկին սավառնելու երկնքում: Ամենայն հավանականությամբ, նա դա կանի եկող գարնանը:

Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում