14:27 27 նոյեմբերի, 2012Լեռներով հարուստ Հայաստանը բավական հարմար երկիր է տարբեր էքստրեմալ մարզաձեւերով զբաղվելու համար, հատկապես պարապլաներիզմով: 2008-ին ստեղծվել է Հայաստանի Պարապլաներային սպորտի ֆեդերացիան: Մշտական անդամները շատ չեն: Վտագավոր եւ թանկ մարզաձեւ է, բայց երկինք եւ ազատություն սիրողների համար չկան խոչընդոտներ: Պարապլաներիստները կազմակերպում են փառատոններ Հայաստանում, ինչպես նաեւ մեկնում են մասնակցելու Բուլղարիայի Սոպոտ քաղաքում անցկացվող պարապլաներիզմի հայտնի մրցաշարին:
Յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է երկրին նայել թռչնի թռիչքի բարձրությունից կարող է փորձառու պարապլաներիստի հետ թռչել տանդեմով (երկտեղանի պարապլան):
Արեւիկ Մելքոնյանը տասը ամսականում ստացած ծանր վնասվածքի հետեւանքով ստիպված է տեղաշարժվել հենակներով եւ ոտքի պրոթեզներով: Չնայած սահմանափակ ֆիզիկական հնարավորություններին, նա բազմիցս մասնակցել է արշավների: Բարձրացել է նաեւ Արագած լեռը: Սակայն երկնքի բույրն այլ է: Սեփական մարմնի վրա զգալ ֆիզիկայի օրենքները, խաղալ օդային քամիների հետ եւ ի վերջո հասկանալ թռչունների ազատությունը Արեւիկը երազում էր շատ վաղուց:
«Facebook-ում պատահաբար գտա պարապլաներիստների խումբը: Դիմեցի Արմեն Սարգսյանին եւ խնդրեցի, որպեսզի ինձ թռցնի իր հետ: Պետք է թռչեինք Ապարանի սարերից: Վախ զգացի միայն առաջին րոպեներին: Այնուհետեւ ինձ թվաց, թե կարուսել եմ նստել: Իսկ հետո սկսվեց ամենակարեւորը… Ես զգացի ազատության համը: Այժմ արդեն գետնի վրա, դժվար է բացատրել, թե ինչ է ազատությունը, բայց այն պահին ես զգում էի, որ աշխարհն իմն է: Թռչում էինք արծիվների հետ, անգամ նրանից էլ բարձր: Դիմացս Արարատ լեռն էր իր ողջ հմայքով: Երկնքում ուրիշ մարդ ես: Միայն դու ես եւ անսահման գեղեցկությունը: Աշխարհին վերեւից դիտելը հիանալի է, իհարկե վերեւից նայելը լավ իմաստով: Վայրէջք կատարելիս կրկին ուղեղս միացավ: Սկսեցի մտածել, թե ինչպես պետք է գետին իջնեմ, ինչպես ինձ պահեմ: Բայց բարեբախտաբար ամեն ինչ հարթ անցավ»:
Տուն վերադառնալուց հետո Արեւիկը մտածում է միայն մի բանի մասին, թե երբ է կրկին սավառնելու երկնքում: Ամենայն հավանականությամբ, նա դա կանի եկող գարնանը:
Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը




The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.