21:25  ,  9 օգոստոսի, 2024

Արմեն Բաբալարյան․ Չենք ասում՝ Սարավին չեմպիոն չի, ուժեղ չի, բայց Ալեքսանյանը ոսկե մեդալակիր է, թող մեր ոսկին էլ տան

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի արդյունքը: Արթուրը Ալեքսանյանը Սարավիին դուրս էր հանել աշխատանքային գոտուց, իրանցի ըմբիշը երկու ոտքով գոտուց դուրս էր, բայց դա չհաշվեցին, այլ դրանից հետո Սարավիին երկու միավոր տվեցին: Մենք ցանկանում ենք գրավոր հիմնավոր պատասխան ստանալ, թե այդ դրվագում ինչ հիմքով մեզ միավոր չեն տվել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը երեք մասնակցով Փարիզի Օլիմպիական խաղերում նվաճեց երկու մեդալ՝ մեկական արծաթ եւ բրոնզ: Վիճահարույց մրցավարության պայմաններում օլիմպիական արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բրոնզե մեդալակիր՝ Մալխաս Ամոյան (77կգ): Մեդալ նվաճելուն շատ մոտ էր նաեւ Սլավիկ Գալստյանը (67 կգ): Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սլավիկ Գալստյանն էլ պարտվեց անորոշ մրցավարության շնորհիվ:

Պարոն Բաբալարյան, ի՞նչ իրավիճակ է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի հետ կապված: Ի°նչ գնահատական կտաք Ձեր գլխավորած թիմի մրցելույթներին:

Արթուր Ալեքսանյանից բացի, Մալխաս Ամոյանը եւ Սլավիկ Գալստյանը նույնպես կարող էին դուրս գալ եզրափակիչ: Ես գտնում եմ, որ մեր տղաները երեքն էլ արժանի էին եւ կարող էին պայքարել եզրափակիչում, բայց միայն Արթուր Ալեքսանյանը մտավ, ու նորից մրցավարները անհասկանալի դատեցին գորգից դուրս գործողությունը:

Արթուր Ալեքսանյանի եզրափակիչում անհասկանալի մրցավարություն եղավ: Բոլորը տեսան, թե ինչ տեղի ունեցավ: Արթուրը Սարավիին դուրս էր հանել աշխատանքային գոտուց, իրանցի ըմբիշը երկու ոտքով գոտուց դուրս էր, բայց դա չհաշվեցին, այլ դրանից հետո Սարավիին երկու միավոր տվեցին: Այս դրվագը քննարկելի է: Ես կողմ եմ, որ այստեղ կար խախտում եւ բողոքարկման անհրաժեշտություն: Ինձ հետաքրքիր է տեսնել, թե նրանք ինչ հիմավորում են տալիս այս դրվագին եւ իրենց մրցավարությանը, որպեսզի հասկանանք մեր հետագա անելիքները: Ինչպես կարող է ըմբիշը երկու ոտքով աշխատանքային գոտուց դուրս լինել, հետո հարձակվի, հնարքի գնա ու միավոր վաստակի, մրցավարներն էլ միավոր տան:

Ես չեմ կարող այս հատվածը տեխնիկապես բացատրել, քանի որ այսքան տարի ըմբշամարտում եմ եւ այժմ շփոթված իրավիճակում եմ: Եթե ըմբիշն աշխատանքային գոտուց դուրս է, ուրեմն դուրս է: Հիմա սպասում ենք, թե ինչպես կհիմնավորեն:

Այսինքն՝ Հայաստանն արդեն պաշտոնապես ներկայացրե՞լ է բողոքը:

Այո, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը: Մենք ցանկանում ենք գրավոր հիմնավոր պատասխան ստանալ, թե այդ դրվագում ինչ հիմքով մեզ միավոր չեն տվել: Դեռ գրավոր պատասխան չենք ստացել: Չեն տալիս: Այդ կռիվն ենք անում: Սպասում ենք գրավոր պատասխանին, որ հասկանանք՝ մեր հաջորդ քայլը որն է, ում ենք դիմելու, ինչ ենք անելու:

Ինչը որ մեր կողմից պետք է արվի, արվում է: Ֆեդերացին գրել է եւ ներկայացրել է բողոքը, սպասում ենք պատասխանին: Արայիկ Բաղդադյանը, Գեւորգ Ալեքսանյանը, ես, բոլորս հետեւողական ենք, թե ինչ ընթացք է ստանում այս իրավիճակը: Բոլորից հետաքրքրվում ենք, ցույց ենք տալիս, հարցնում ենք, գուցե մենք տաքացած գլխով ենք նայում իրավիճակին: Ամեն ինչ անում ենք, որ նաեւ համոզված լինենք մեր ճիշտ լինելու մեջ:

Ըմբշամարտում նախադեպեր եղել են, բողոքարկումից հետո եզրափակիչ գոտեմարտի ելքը փոխվել է: Այս իրավիճակում եզրափակիչի երկու մասնակցին էլ ոսկե մեդալ են տալիս: Մենք չենք ասում՝ Սարավին օլիմպիական չեմպիոն չի, ուժեղ չի, բայց Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալակիր է, թող մեր ոսկին էլ տան: 2023 թվականի աշխարհի առաջնությունում 87 կգ քաշային կարգում հունգարացին բողոքարկեց եւ երկու ոսկե մեդալ տվեցին այս քաշում: Փարիզի Օլիմպիական խաղերում էլ մարմնամարզությունում է եղել արդյունքների վերանայում եւ մեդալակիրների փոփոխություն:

Մալխաս Ամոյանի բրոնզե մեդալը գոհացնո՞ւմ է: 

Մալխաս Ամոյանը շատ լավ գոտեմարտեր անցկացրեց Օլիմպիական խաղերում: Կիսաեզրափակիչի մրցակիցը, որը դարձավ օլիմպիական չեմպիոն, լավ պատրաստված էր: Նրանք առաջին անգամ չէին հանդիպում մրցագորգում: Ամոյանը նրան հաղթել էր: Այստեղ առաջին մասում Ամոյանը մի քիչ պետք է ավելացներ, որ նրան դնեին պարտեր: Այստեղ Ամոյանը զիջեց: Չէի ասի, թե Ամոյանը այս պահին պատրաստ էր բրոնզի: Նա շատ ավելիին էր պատրաստ ու արժանի: Ուղղակի Կուսական այսօր ավելի պատրաստ էր: Մալխասը նրանից թույլ չէր:

Սլավիկ Գալստյանը նույնպես շատ մոտ էր մեդալին: Ի՞նչը պակասեց նրան:

Սլավիկ Գալստյանի կիսաեզրափակիչն անհասկանալի ելք ունեցավ: Ինձ համար անհասկանալի մնաց: Աշխատանքային գոտուց դուրս դրվագը անհասկանալի է, թե ինչպես են դատում: Կա հստակ կանոնակարգ, որ այդ պարագայում հաջորդող գործողությունը չեն հաշվում, բայց մեր պարագայում այնպես ստացվեց, որ մի դեպքում աշխատանքային գոտուց երկու ոտքերով դուրս լինելու դեպքում գործողությունը հաշվում են եւ միավոր տալիս, մեկ այլ դեպքում՝ Սլավիկի գոտեմարտում աշխատանքային գոտուց դուրս գործողությունը չեն հաշվում: Իսկապես շատ անհասկանալի իրավիճակ է բոլորիս համար:

Ի՞նչ կասեք ընդհանուր մրցավարության մասին: Կան կարծիքներ, որ Փարիզում Հայաստանի երկու թիմերի նկատմամբ էլ կա ընդգծված վերաբերմունք: Համաձա՞յն եք:

Համաձայն եմ: Արդեն որերրորդ տարին է, մրցավարության պատճառով մենք արժանի մեդալները չենք նվաճում: Արդեն քանի տարի չելենջները պարտվում ենք: Եղել է, որ հաղթել ենք, բայց մեծամասնությունը պարտվում ենք: Չեմ կարող հստակ ասել, թե միայն մեր դեմ է այդ վերաբերմունքը, բայց,  բոլոր դեպքերում կա որոշակի վերաբերմունք: Այս իրավիճակները միշտ էլ եղել են, կողմնապահություն է, թե չիմացություն կամ անփութություն, չեմ կարող ասել: Մի բան հստակ է, Փարիզի Օլիմպիական խաղերում մրցավարությունը հակասում էր օրենքներին, կարճ ու կոնկրետ: Մեր երկու դեպքերը պարզ օրինակ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News