14:14  ,  8 օգոստոսի, 2024

Մալխաս Ամոյան․ Այս նվաճումս ցանկանում եմ նվիրել հայ եւ եզդի ազգերին

Արժանացա այն մեդալին, որին պատրաստ էի այս պահին: Ոսկե մեդալակիր չդարձա, ուրեմն ինչ-որ տեղ թերացել եմ: Նաեւ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչի արդյունքը բոլորիս տրամադրությունը գցեց:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը:

Օգոստոսի 7-ին Մալխաս Ամոյանը նվաճեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ:

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Ամոյանը նախ 1/8 եզրափակիչում 8:0 հաշվով հաղթեց Մ23 Եվրոպայի չեմպիոն, ֆին Ջոնի Կունարի Սարկկինեին: Քառորդ եզրափակիչում 3:0 հաշվով պարտության մատնեց Ասիայի չեմպիոն իրանցի Ամին Կավիանինեժադին: Կիսաեզրափակիչում 1:3 հաշվով պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիայի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ամոյանը 6:5 հաշվով առավելության հասավ աշխարհի փոխչեմպիոն, Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանի նկատմամբ:

Մալխաս, շնորհավորում եմ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր դառնալու կապակցությամբ: Ի՞նչը պակասեց ոսկե մեդալի համար:

Շնորհակալ եմ շատ: Ուրախ եմ, որ դարձա Օլիմպիական խաղերի մեդալակիր: Այո, իսկապես եկել էի ոսկե մեդալ նվաճելու նպատակով, տրամադրվածությամբ, սակայն այս պահին արժանացա այն մեդալին, որին պատրաստ էի: Ինչ-որ մի տեղ երեւի թերացումներ են եղել մարզումներին: Կփորձեմ հետեւություններ անել եւ պատրաստվել Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին:

Կիսաեզրափակիչում զիջեցիր օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճած ճապոնացի Կուսակային: Մրցակիցդ քեզնից ուժե՞ղ էր, թե՞ գոտեմարտը չստացվեց: 

Մրցակիցս իսկապես ուժեղ ըմբիշ էր, բայց ես չկարողացա գոտեմարտս անցկացնել այնպես, ինչպես պետք էր: Բացի այդ, Կուսական մի փոքր էլ ֆիզիկապես եւ ֆուկնցիոնալ առումով ինձանից ուժեղ գտնվեց: Ես զիջեցի նրան այդ գոտեմարտում:

Ինչպե՞ս էիր քեզ զգում օլիմպիական մրցագորգում: Կա՞ր լարվածություն:

Իրականում Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից առանձնապես չէր տարբերվում: Իմ կարծիքով, Օլիմպիական խաղերում ավելի հեշտ է, քան աշխարհի առաջնությունը, ուղղակի այստեղ ավելի շատ հոգեբանորեն պետք է պատրաստ լինել:

Ամեն դեպքում արթնացել ես որպես օլիմպիական մեդալակիր: Ի՞նչ զգացողություններ են քեզ պատում:

Զգացողություններում ոչինչ չի փոխվել, նորմալ վիճակ է, ուղղակի մարզական կարիերայում մեդալային հավաքածուումս մեկ մեդալ էլ ավելացավ: Միայն դա է փոխվել:

Հորեղբորդ՝ Պեկին-2008-ի  բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանի արդյունքը կրկնեցիր: Ի՞նչ խոսքերով նա քեզ շնորհավորեց:

Հորեղբայրս այստեղ ինձ հետ չի: Նրա հետ խոսել եմ հեռախոսով: Շնորհավորեց, բայց բրոնզե մեդալը նրա համար էլ այն չէր, ինչը կուզեր լիներ: Հաջորդը կլինի օլիմպիական ոսկե մեդալը:

Այս նվաճումս ցանկանում եմ նվիրել հայ եւ եզդի ազգերին: Շնորհակալ եմ բոլորին մեզ աջակցելու եւ մեր կողքին լինելու համար:

Պարգեւատրման արարողության ժամանակ շատ տխուր էիր: Բրոնզե մեդալով էր պայմանավորվա՞ծ, թե՞ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչի արդյունքով:

Արթուր Ալեքսանյանի գոտեմարտից հետո տեղի ունեցավ մեր քաշային կարգի պարգեւատրումը: Նրա գոտեմարտից հետո այլեւս տրամադրություն չկար: Բոլորս էլ հավատում էինք, որ Արթուրը պետք է հաղթի եւ հռչակվի կրկնակի օլիմպիական չեմպիոն, սակայն չստացվեց, մրցավարները միավորները ճիշտ չտվեցին: Իրանցի ըմբիշին գորգից դուրս բերելու համար Արթուրին պետք է մեկ միավոր տային, բայց չտվեցին եւ զրկվեց ոսկե մեդալից: Այժմ բողոքարկել են, սպասում ենք, տեսնենք, թե ինչ կլինի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով



  • Լրահոս