08:58  ,  3 օգոստոսի, 2024

#Paris2024. Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը մեկնում են Փարիզ՝ ուղիղ

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը մեկնում են Փարիզ:

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից:

10:50-ին Երեւան - Փարիզ ուղիղ չվերթով օլիմպիական մայրաքաղաք է մեկնում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի առաջին խումբը: Արթուր Ալեքսանյանին եւ Մալխաս Ամոյանին Փարիզ է ուղեկցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը եւ հավաքականի մարզիչ, Արթուր Ալեքսանյանի հայր Գեւորգ Ալեքսանյանը:

Հունահռոմեականներից Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը Փարիզ  կմեկնի օգոստոսի 4-ին՝ մարզիչ Սամվել Գեւորգյանի ուղեկցությամբ:

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97կգ):

Հունահռոմեական ոճի ըմբիշները Փարիզ-2024-ում պայքարը կսկսեն օգոստոսի 6-ին: Այդ օրը մրցագորգ դուրս կգան Մալխաս Ամոյանը եւ Արթուր Ալեքսանյանը: Օգոստոսի 7-ին պայքարի մեջ կմտնի Սլավիկ Գալստյանը: Բոլոր օլիմպիականները պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչներից:

Նշենք, որ 15 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից մրցելույթներն ավարտել են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English