14:57  ,  2 օգոստոսի, 2024

#Paris2024. Այսօր Դավիթ Չալոյանը կարող է ապահովել առնվազն բրոնզե մեդալ

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 2-ին Հայաստանը կունենա մեկ մասնակից: Պայքարը շարունակում է բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:

Իր առաջին Օլիմպիական խաղերում Չալոյանը կանցկացնի երկրորդ մենամարտը:

+92 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Չալոյանը ուժերը կչափի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆա Դրիսիի հետ:

Հուլիսի 29-ին մեկնարկային մենամարտում Չալոյանը համառ պայքարում 3:2 հաշվով առավելության հասավ անգլիացի Դելիշուս Օրիի նկատմամբ:

Քառորդ եզրափակիչի մենամարտի մեկնարկը նախատեսված է կեսգիշերն անց՝ Երեւանի ժամանակով 00:08-ին (օգոստոսի 3): Հաղթանակի դեպքում Չալոյանը կապահովի առնվազն բրոնզե մեդալ:

ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆ

բռնցքամարտ, +92 կգ քաշային կարգ

Ծնվել է 1997 թ. սեպտեմբերի 30-ին Շիրակի մարզի Այգաբաց գյուղում։

Անձնական մարզիչներն են Կարեն Ղազարյանը եւ Ռուդիկ Մկրտչյանը։

Դավիթ Չալոյանը Հայաստանի հնգակի չեմպիոն է, 2014 թ. Հայաստանի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2015 թ. Սերբիյայի «Ոսկե ձեռնոց» մրցաշարի բրոնզե մեդալակիր, 2015 թ. Ուկրաինայի Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, 2021 թ. բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

2021 թ. նոյեմբերի 5-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ամենահեղինակավոր քաշային կարգում Չալոյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։ Գերծանրքաշայինների եզրափակիչում  հայ բռնցքամարտիկը մրցավարների որոշմամբ պարտվեց 2021թ․ Ռուսաստանի չեմպիոն, 22-ամյա Մարկ Պետրովսկուն՝ 1։4։

2022թ. Սերբիայի միջազգային մրցաշարի հաղթող  է,

2023 թ. Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիր:

Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է Բանգկոկում անցկացված վերջին  վարկանիշային մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում