18:07  ,  30 հուլիսի, 2024

Դավիթ Չալոյանը՝ Փարիզից․ Տրամադրությունս բարձր է, տրամադրվածությունս՝ մարտական

Շատ դժվար էր երեկվա մենամարտը, դժվար հաղթեցի: Առաջին ռաունդում 0:5 հաշվից հետո հասկացա, որ այլ տարբերակ չկա, պետք է հաղթել: Այժմ ամեն ինչ լավ է, բարձր տրամարդրությամբ կպատրաստվեմ երկրորդ մենամարտիս:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:

Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը հուլիսի 29-ին +92 կգ քաշայինների պայքարում առաջին հաղթանակն է տարել եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Որակավորման փուլում Չալոյանը համառ պայքարում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Եվրոպական խաղերի չեմպիոն, անգլիացի Դելիշուս Օրիի նկատմամբ:

Դավիթ, շնորհավորում եմ առաջին հաղթանակիդ կապակցությամբ: Ի՞նչ տպավորություններ ունես:

Շնորհակալ եմ: Ուրախ եմ, որ իմ առաջին հաղթանակով ուրախացրել եմ բոլորին: Դժվար մենամարտ էր: Անգլիացուն պարտվել էի Եվրոպական խաղերում: Դժվարությամբ տրվեց ինձ հաղթանակը, բայց հիմա ամեն ինչ լավ է:

Առաջին ռաունդում պասիվ էիր մենամարտում, հաղթանակը տվեցին Օրիին: Ի՞նչ տեղի ունեցավ այդ պահին, երբ հասկացար պարտվել ես:

Առաջին ռաունդում մրցավարները միաձայն հաղթանակը տվեցին Օրիին, բայց այնպես չէր, որ ես պարտվել էի նրան: Առաջին ռաունդի 0:5 հաշվից հետո հասկացա, որ այլ տարբերակ չկա, քան նրան հաղթելը, հատկապես, որ համաձայն չէի հաշվի հետ եւ այն բանի հետ, որ պարտվել եմ: Այդպես նախաձեռնությունը վերցրի իմ ձեռքը: Աստիճանաբար զգացի, որ առավելությունն իմն է: Անգլիացին ուժեղ բռնցքամարտիկ է եւ դժվար էր նրան հաղթելը:

Ո՞ր պահին կամ որ հարվածից հասկացար, որ հաղթանակը քոնն է:

Երկրորդ ռաունդում միավորների առավելությունից հետո հաջորդ ռաունդում ինքս իմ մեջ զգում էի, որ հաղթում եմ: Վերջնամասում, երբ արդեն պաշպանության էի գնացել, վստահ էի, որ հաղթանակն իմն է:

Քո առաջին Օլիմպիական խաղերն են: Այս առումով լարվածություն կա՞ր: Լսո՞ւմ էիր դահլիճի աջակցությունը:

Լարվածությունս շատ քիչ էր: Շատ հանգիստ եմ մտել ռինգ: Լսում էի, թե ինչպես է դահլիճն աջակցում ինձ: Մեր թիմակիցներն էին դահլիճում, բայց ուշադրությունս մարզիչներիս կողմն էր: Առաջնայինը նրանց էի լսում, ընթացքում նաեւ լսում ու զգում էի իմ հայրենակիցների մեծ աջակցությունը դահլիճում:

Քո մենամարտից առաջ, Օլիմպիական ավանում քեզ հանդիպել ու աջակցել էր Սերենա Ուիլյամսի ամուսինը՝ ամերիկահայ հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանը: Ինչպե՞ս ստացվեց ձեր հանդիպումը: Ի՞նչ տպավորություններ ստացար նրանից:

Շատ հետաքրքիր եւ անսպասելի էր մեր հանդիպումը: Մենք զբոսնում էինք ավանում, նա մեզ տեսավ, նկատեց, որ մեր մարզահագուստի վրա գրված է «Armenia», ձայն տվեց, կանգնեցրեց եւ մոտեցավ մեզ: Սկզբում չէի ճանաչել նրան: Ասաց, որ Սերենա Ուիլյամսի ամուսինն է, այդ ընթացքում հասցրի բեյջի վրա կարդալ անուն, ազգանունը՝ Ալեքսիս Օհանյան: Խոսեցինք, մեզ նկարեց: Իրականում, անգլերեն այդքան էլ լավ չեմ հասկանում, բայց արդյունքում շատ ջերմ հանդիպում ստացվեց: Հետո իմացա, որ մեր հանդիպումով կիսվել է իր միկրոբլոգում եւ տեղադրել նաեւ մեր լուսանկարը: Անսովոր էր, բայց շատ հաճելի:

Ինչպե՞ս ես տրամադրված երկրորդ մենամարտիդ, որը մեդալային է լինելու:

Նորից շատ բարձր տրամադրությամբ պատրաստ եմ պայքարի: Մրցակցիս գիտեմ: Արդեն հանգստացել եմ երեկվա բարդ մենամարտից հետո: Տրամադրությունս բարձր է, տրամադրվածությունս՝ մարտական:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News