19:19  ,  27 հուլիսի, 2024

Փարիզ-2024. Վահագն Դավթյանի արդյունքը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող 33-րդ Օլիմպիական խաղերի ծրագրով սպորտային մարմնամարզության մրցաշարում ընթանում է որակավորման փուլը, որտեղ Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ:

Փարիզի «Բերսի» մարզապալատում  անցկացվող սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը: Օղակների վարժության որակավորման փուլում նա վաստակեց 14.733 միավոր:

Քիչ անց հենացատկի վարժությունում մրցահարթակ դուրս կգա Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը:

Առանձին գործիքների եզրափակիչ դուրս կգան յուրաքանչյուր գործիքում լավագույն 8-ը:

Եզրափակիչ դուրս եկած մարմնամարզիկները հայտնի կդառնան որակավորման փուլի ավարտից հետո:

Օղակների վարժության եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին, Երեւանի ժամանակով 17:00-ին:

Վահագն Դավթյան, սպորտային մարմնամարզություն, օղակներ

Ծնվել է 1988 թ. օգոստոսի 18-ին, Երեւանում

Ամուսնացած է, ունի որդի

Անձնական մարզիչներ՝ Հակոբ Սերոբյան, Հարություն Մերդինյան

Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2014 թ. աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2016 թ. Գերմանիայի ակումբային չեմպիոն, 2019 թ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2019 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2019 թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 2022 թ. աշխարհի գավաթի ոսկե, արծաթե մեդալակիր, 2023 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2024թ. աշխարհի գավաթակիր

Փարիզ-2024-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել է  2024 թ. ապրիլի 19-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված աշխարհի գավաթի մրցաշարում ոսկե մեդալակիր դառնալու շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում