20:57  ,  24 հուլիսի, 2024

«Փյունիկը» պարտվեց «Ստրուգային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգային» եւ պարտվեց 1:2 հաշվով։

8-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացան դաշտի տերերը։ Հանդիպման հաշիվը բացեց հյուսիսմակեդոնացի հարձակվող Բեսարտ Իբրաիմին (տեսանյութ)։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պատասխան գոլը նույնպես խփեց 11-մետրանոցից։ 23-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Վիլելան (տեսանյութ)։

60-րդ րոպեին հեռացվեց «Փյունիկի» ուկրաինացի կիսապաշտպան Սերգեյ Վակուլենկոն (տեսանյութ)։

«Ստրուգան» հաղթական գոլը խփեց 73-րդ րոպեին։ Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը գրավեց հյուսիսմակեդոնացի կիսապաշտպան Ստեֆան Սպիրովսկին (տեսանյութ)։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հուլիսի 30-ին (երեքշաբթի) եւ կմեկնարկի 20:00-ին:

«Ստրուգայի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ «Փյունիկի» հաջորդ մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի «Դիվերդանժի» եւ ղազախական «Օրդաբասիի» դիմակայության հաղթողը։

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չէր կարողացել հաղթահարել Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) արգելքը՝ 0:0, 0:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news