09:04  ,  6 հուլիսի, 2024

Դե լա Ֆուենտե․ Պատմական երեկո էր, հպարտ եմ, որ ներկայացնում եմ Իսպանիան

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթանակը Գերմանիայի նկատմամբ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում։

«Հարմար պահ է մեր նվաճումները գնահատելու եւ վայելելու համար։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք առաջիկա օրերի ընթացքում բարելավել մեր ֆիզիկական վիճակը։ Վստահ եմ՝ իմ բոլոր խաղացողները պատրաստ են կիսաեզրափակիչին։ Նրանք խաղում են շատ բարձր մակարդակի վրա։

Նրանք անհագ են, եւ ես հպարտ եմ, որ նրանց մարզիչն եմ։ Նրանցից շատերի հետ ծանոթ եմ վաղուց։ Նրանք սովոր են ամենաբարձր մակարդակի վրա պայքարին եւ հիմա ունեն այս տիտղոսը նվաճելու հնարավորություն։ Այս թիմը միշտ կպայքարի մինչեւ վերջ։

Իհարկե, աճելու տեղ միշտ էլ կա, բայց չի կարելի կասկածի տակ դնել մեր խաղացողների նվիրվածությունը, պրոֆեսիոնալ որակներն ու հպարտության զգացումը։

Պատմական երեկո էր, հպարտ եմ, որ ներկայացնում եմ Իսպանիան։ Վստահ եմ, որ այսպիսի թիմի հետ հնարավոր է հասնել մինչեւ վերջ»,- Դե լա Ֆուենտեի խոսքը մեջբերում է AS-ը։

Կիսաեզրափակիչում Իսպանիան հուլիսի 9-ին կմրցի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News