22:38  ,  5 հուլիսի, 2024

Եվրո-2024. Իսպանիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Գերմանիային եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին Շտուտգարտում անցկացված Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի խաղում։ Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

Արդեն 8-րդ րոպեին Իսպանիայի թիմը զրկվեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիից, որի դեմ կոշտ խաղաց կիսապաշտպան Տոնի Կրոսը։ Պեդրիին փոխարինեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն։

13-րդ րոպեին դեղին քարտ ստացավ Գերմանիայի թիմի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, որը դեղին քարտերի պատճառով բաց կթողնի հաջորդ հանդիպումը, եթե Գերմանիան դուրս գա կիսաեզրափակիչ։

51-րդ րոպեին «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալի փոխանցումից հետո Դանի Օլմոն մեկ հպումով գրավեց Մյունխենի «Բավարիայի» խաղացող Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը (տեսանյութ

77-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգի հարվածից հետո Իսպանիային գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը։

89-րդ րոպեին Գերմանիան վերականգնեց հավասարությունը Բունդեսլիգայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի գոլի շնորհիվ։ Գոլային փոխանցումը կատարեց «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը (տեսանյութ

Նշանակվեց լրացուցիչ ժամանակ։

119-րդ րոպեին իսպանացիների հաղթական գոլը խփեց «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Միկել Մերինոն, որն օգտագործեց Դանի Օլմոյի փոխանցումը (տեսանյութ

Ավելացված 5-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը, որը բաց կթողնի հաջորդ հանդիպումը։

Տոնի Կրոսը վերջին հանդիպումն անցկացրեց պրոֆեսիոնալ կարիերայում։

Իսպանիան կիսաեզրափակիչում կմրցի Պորտուգալիա - Ֆրանսիա զույգի հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով