19:10  ,  20 մայիսի, 2024

Վարդան Մինասյան․ Չեմպիոն դառնալու համար մեզ չբավականացրեց կայունությունը

«Արարատ-Արմենիային» դեռ ինչ-որ բան պակասում է Հայաստանի չեմպիոն դառնալու համար: Իմ պայմանագիրն ավարտվում է ակումբի հետ, չգիտեմ՝ կշարունակեմ մնալ, թե ոչ: Չեմ պատասխանի հարցին՝ ուզում եմ մնալ, թե ոչ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Գլխավոր մարզիչն ամփոփել է «Արարատ-Արմենիայի» մրցելույթը Հայաստանի ավարտվող առաջնությունում:

«Սա իմ որոշումն էր, որպեսզի երկու տուր առաջ ամփոփենք, քանի որ աշխատանքի առումով «Արարատ-Արմենիան» այլեւս խնդիր չունի իր առաջ դրած: Ես գրեթե համոզված եմ, որ «Նոայի» հետ խաղը չլիներ Հայաստանի գավաթի եզրափակիչից հետո, լրիվ այլ խաղ էր լինելու: Չեմ խոսում հաշվի մասին: Հայաստանի գավաթից հետո հույզերը մեծ էներգիա տարան: Միանշանակ հաղթած խաղից հետո ավելի հեշտ ես տանում հաջորդ խաղը, բայց էմոցիաների պակաս  զգացի այս խաղում, մասնավորապես, առաջին խաղակեսում շատ զգացվեց: Երկրորդ խաղակեսն ավելի լավ ստացվեց: Թիմն էլ հասկացավ, որ ժամանակը միակ բանն է, որը երբեք չես կարող հետ բերել: 10 հոգով երկրորդ խաղակեսում մենք ավելի շատ պահեր ստեղծեցինք: Համոզված եմ, որ ավելի ուրիշ խաղ կտեսնեինք, եթե այն լիներ ուրիշ ժամանակ այլ ոչ Հայաստանի գավաթակիր դառնալուց հետո:

«Արարատ-Արմենիային» դեռ ինչ-որ բան պակասում է Հայաստանի չեմպիոն դառնալու համար: Ես այս մասին թիմին էլ եմ ասում համեմատելով շրջանագծի հետ, երբ հասնում ես վերջին, ինչ-որ տեղ է մնում: Մեզ մոտ հիմա այդտեղ ենք, դեռ տեղ կա չեմպիոն դառնալու առումով: Թե ինչու այսպես ստացվեց, երբ թիմը հասունացած է եւ արդեն ձեւավորված է, նույնիսկ ամենավատ խաղացած խաղերի տակից դուրս է գալիս՝ կայացվածության հաշվին: Ինձ թվում է, մենք դեռ այդ կետին չենք հասել չեմպիոն դառնալու համար:

Ով էլ լինի թիմի գլխավոր մարզիչը, ակումբի ղեկավարության կողմից խնդիրը մեկն է լինելու՝ հաղթել Հայաստանի առաջնությունում, Հայաստանի գավաթում: Այս ամենին գումարած ես թիմի առջեւ դրել էի եւս մեկ խնդիր՝ Եվրոպայի լիգայում առնվազն գոնե մեկ փուլ անցնել: Նշում եմ առնվազն, քանի որ  10 ֆուտբոլիստ հեռացել էր թիմից իմ նախաձեռնությամբ: Բացի այդ ունեինք ընդամենը երեք շաբաթ պատրաստվելու համար:

Գավաթի եւ առաջնության մասով մեր առջեւ խնդիր կար դրված: Ակումբը երեք տարի տիտղոս չէր ունեցել: Մենք մեկ տիտղոս ունեցանք:

Հայաստանի չեմպիոն չդառնալու մի քանի կարեւոր գործոն եղավ: Մեկը՝ թիմն է, որ ունի ազդեցություն, բայց կա նաեւ մրցակից: Մեր առաջնությունը կհամեմատեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի հետ, որտեղ երեք թիմ մինչեւ վերջ պայքարում էր չեմպիոնության համար, այնքան մինչեւ «Լիվերպուլը» հետ քայլ արեց: Այստեղ նշել, որ այդ երեք թիմերից մեկը ձախողել է առաջնությունը, սխալ է: Անգլիայում այնպիսի թիմ չեմպիոն դարձավ, որ չեմ գտնում՝ «Լիվերպուլը» կամ «Արսենալը» ձախողել են առաջնությունը: Այս զուգահեռներն անցկացնում է նաեւ Հայաստանի առաջնության հետ, շատ նմանություններ կան:

Չեմպիոն դառնալու համար մեզ չբավականացրեց թիմի կայունությունը: Այն թիմը, որ չեմպիոն կդառնա, կարծում եմ՝ ավելի կայուն է անցկացրել ամբողջ մրցաշրջանը:

Երբ նոր ես գալիս մարզիչ, թիմը մի քանի փուլ է անցնում՝ ձեւավորում, քո խնդիրներն ես տալիս եւ կայություն ես ձեւավորում: Այն խաղերում, որում լավ արդյունք ցույց չես տալիս, լավ խաղ չես խաղում, որոշակի որակների շնորհիվ այդ խաղի տակից պետք է կարողանաս դուրս գալ: «Արարատ-Արմենիան» դեռ այս ձեւավորման փուլերի մեջ է: Չեմ գտնում, որ մենք, կամ այն թիմը, որը երկրորդ տեղը կգրավի, ինչ-որ բանով զիջում ենք առաջատարին: Առաջնության երկրորդ մասում որակյալ եւ լավ խաղ ցույց տվեցինք, խաղային առումով չզիջեցինք առաջատարներին:

Իմ անձնական կարծիքն ասեմ՝ ինձ համար չեմպիոն դարձող թիմը մյուսներին տարբեվում է կայունությամբ:

Ինձ համար շատ կարեւոր էր թիմի խաղում առաջընթաց նկատելը: Այն ինչ տալիս ես թիմին մարզումներին, պետք է տեսնես խաղին: Այդ առումով ես տեսել եմ առաջընթաց: Առանձին ֆուտբոլիստներից շատերի մոտ նույնպես առաջընթաց եմ նկատել: Եղան նաեւ ֆուտբոլիստներ, որոնցից սպասելիքներս չարդարացան:

Ցանկացած ակումբի ղեկավարության համար գլավոր խնդիրը չեմպիոնությունն է, բայց դրան հասնելու ժամանակ կա: Ակումբ կա մեկ տարի ժամանակ է տալիս, մեկ այլ ակումբ՝ 6 ամիս: Չենք մոռանում, որ ամեն տեղ առաջին տեղում արդյունքն է: Շատ կարեւոր է՝ ղեկավարն ինչպես է արձագանքում թիմի աջաընթացինք: Չեմ կարող պատասխանել, թե ինչ արձագանք կտա «Արարատ-Արմենիայի» ղեկավարությունը մեր արդյունքին Հայաստանի առաջնությունում:

Նշեմ, որ ինքս դեռ չեմ կոմնորոշվել իմ հետագա գործունեության համար, չգիտեմ՝ կշարունակեմ մնալ գլխավոր մարզիչի պաշտոնում, թե ոչ: 10 օրից իմ պայմանագիրն ավարտվում է «Արարատ-Արմենայի» հետ, չգիտեմ՝ կշարունակեմ, թե ոչ:

Ակումբում որեւէ տեխնիկական խոչընդոտներ չկան: Ակումբի սեփականատերը ոչինչ չի խնայում ֆուտբոլիստների, թիմերի համար: Մասնավորապես, ֆուտոբլիստների հարցում մեծ աջակցություն է տալիս:

Չեմ պատասխանի՝ ուզում եմ մնալ գլխավոր մարզիչի պաշտոնում, թե ոչ»,- ասաց Վարդան Մինասյանը:

«Արարատ-Արմենիան» ապահովել է Հայաստանի առաջնության բրոնզե մեդալները։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով