16:09  ,  29 ապրիլի, 2024

Հարություն Մերդինյան․ Որոշել էի, որ այս առաջնությունով ավարտելու եմ կարիերաս (տեսանյութ)

Որոշել էի՝ Եվրոպայի առաջնությունում լավ մասնակցության դեպքում, ավարտել մարզական կարիերան: Այժմ, երբ վատ հանդես եկա, դեռ մտածում եմ: Մի քանի ամիս վնասվածքներս կբուժեմ: Եթե լինեմ լավ մարզավիճակում, հավաքականի գլխավոր մարզիչին կխնդրեմ նորից պայքարել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում Ռիմինում ասաց աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը:

39-ամյա Մերդինյանը Եվրոպայի առաջնությունում նժույգ թափեր վարժության որակավորման փուլի արգելքը չհաղթահարեց: Նրա մրցելույթից հետո գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հարություն Մերդինյանը կավարտի մարզական կարիերան: Հարություն Մերդինյանը դեռ չի շտապում մրցահարթակից հեռանալ:

«Եվրոպայի առաջնությունում վատ մասնակցեցի: Առաջին օրը վերջնամասում սխալվեցի եւ զրկվեցի եզրափակիչ մտնելու, մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Լավ պատրաստ էի, ափսոս էր ուղղակի: Դոհայում աշխարհի գավաթում, ընդհամենը մի քանի օր առաջ լավ կատարեցի վարժությունս, վատ գնահատական չէի ստացել: Այստեղ ուղղակի չստացվեց:

Իմ մարզական կարիերաս ավարտելու պատճառն այն է, որ ցավերս են շատ: Մարզավիճակս լավ է, բայց ցավեր ունեմ ուսի, դաստակի հատվածներում: Մարզավիճակս լավն էր, չհաշված ցավերը: Այստեղ ուղղակի մի փոքր սխալվեցի ու զրկվեցի հետագա պայքարից:

Ինչ վերաբերում է կարիերաս ավարտելուն, այս պահին արդեն մտածում եմ դադար վերցնելու մասին: Անկեղծ կլինեմ, որոշել էի, որ այս առաջնությունով ավարտելու եմ: Հնարավոր է՝ այնպես լինի, վնասվածքներս, ընդհանուր վիճակս լավ լինի, հավաքականի մարզիչին խնդրեմ, նորից պայքարեմ: Նժույգ թափերում դեռ նոր փոփոխություններ պետք է լինեն, սա էլ եմ հաշվի առնում:

Տրամադրված էի որպես վերջին մրցաշար, Եվրոպայի առաջնությունում լավ մասնակցեի, կարողանայի անել այն, ինչ ինձ մոտ լավ է ստացվում, այդ դեպքում որոշել էի, որ երեւի կավարտեմ: Դեռ ժամանակ կա: Մինչեւ հաջորդ տարվա մրցումները, աշխարհի գավաթներ, Եվրոպայի առաջնությանը սկսելու ժամանակ կա: Կվերականգնվեմ, կհասկանանք՝ ինչի եմ ընդունակ, նոր փոփոխված տարրերի հետ կապված կկարողանամ վարժությունս ճիշտ գրագետ կազմել, թե ոչ, հետո նոր, ըստ այդմ որոշում կկայացնեմ՝ մոտենալ հավաքականի մարզիչին, թե ոչ:

Ներքին կռիվ չկա: Խնդիրն այն է, որ ինձ մոտ շատ դժվար է ստացվում մարզավիճակի մեջ մտնելը: Երբ մարզավիճակի մեջ եմ լինում, կարողանում եմ մինչեւ վերջ, մաքուր պայքարել՝ լինի մրցումներին, թե մարզումներին»,- ասաց Հարություն Մերդինյանը:

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը Ռիմինիում նժույգ թափերի որակավորման փուլում վաստակել էր 13.900 միավոր:

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով