17:49  ,  8 ապրիլի, 2024

Աշխարհի գավաթ. Գարիկ Կարապետյանը արծաթե մեդալակիր, Սամվել Գասպարյանը հրաժարվեց պայքարից (ֆոտո)

Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում 102 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը արծաթե մեդալ նվաճեց: Երկամարտում Հայաստանի ներկայացուցիչը գրանցեց 401 կգ (185+216): Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը հրաժարվեց պայքարից:

Կարապետյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 180 կգ, երկրորդ մոտեցմամբ ձախողեց 185 կգ-ը, երրորդ մոտեցմամբ պոկեց 185 կգ-ը: Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 212 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 216 կգ: Երրորդ մոտեցումից Եվրոպայի չեմպիոնը հրաժարվեց: Կարապետյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ, հրում վարժությունում 5-րդն է:

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրեց 172 կգ: Երկրորդ մոտեցմամբ չկարողացավ պոկել 177 կգ-ը: Ձախողեց նաեւ երրորդ մոտեցումը, որի համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրել էր 181 կգ: Այս վարժությունում Գասպարյանը 14-րդն է B խմբի արդյունքներից հետո: Սամվել Գասպարյանը հրաժարվեց հրում վարժությունից:

Այս քաշային կարգում ոսկե մեդալը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Լիու Հաունաուն երկամարտի 413 կգ արդյունքով՝ 181+232: Չինացի ծանրորդը հրում վարժությունում 232 կգ-ով համաշխարհային ռեկորդ սահմանեց:

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: 102 կգ քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչները  հավակնում են օլիմպիական ուղեգրի: Փարիզ-2024-ին կմասնակցի միայն մեկը:

Հայաստանի հավաքականը աշխարհի գավաթին մասնակցում է 5 ծանրորդով: Անդրանիկ Կարապետյանը ապրիլի 6-ին 89 կգ քաշայինների B խմբում զրո ստացավ պոկում վարժությունում եւ հրաժարվեց հետագա պայքարից: Օլիմպիական վարկանիշների համար կպայքարեն նաեւ Վարազդատ Լալայանը (+109 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Բոլոր 5 ծանրորդները Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրերի հավակնորդներ են: Նրանցից ընտրվելու են երեք ուժեղագույնները տարբեր քաշային կարգերում: 

Աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում