01:23  ,  5 ապրիլի, 2024

«Չելսին» պարտության մատնեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 4:3 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց Լոնդոնի «Չելսիին» եւ պարտվեց 3:4 հաշվով։

«Չելսին» արդեն չորրորդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալագերի գոլի շնորհիվ։ 19-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

Մինչեւ ընդմիջում «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ վերականգնել հավասարությունը։ Աչքի ընկան արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գարնաչոն եւ պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։ 67-րդ րոպեին Ալեխանդրո Գարնաչոն խփեց նաեւ իր երկրորդ գոլը։

«Չելսիին» պարտությունից փրկեց Քոուլ Փալմերի գոլն ավելացված 10-րդ րոպեին։ Նա դարձյալ աչքի ընկավ 11-մետրանոցից։ Մեկ րոպե անց էլ Փալմերը խփեց հաղթական գոլը։

30 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 48 միավորով 6-րդն է։ «Չելսին» անցկացրել է 29 հանդիպում եւ 10-րդ տեղում է՝ 43 միավոր։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4:3 

Քոնոր Գալագեր, 4, Քոուլ Փալմեր, 19, 11մ, 90+10, 11մ, 90+11 - Ալեխանդրո Գարնաչո, 34, 67, Բրունու Ֆերնանդեշ, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում