17:15  ,  29 փետրվարի, 2024

Արթուր Դավթյան․ Մինչեւ Օլիմպիական խաղեր կփորձեմ բարդացնել ցատկերս

Դժվար է հաղթողի բարձր նշաձող պահպանելը: Մրցումների ժամանակ ուրիշ երկրների մարզիչներ մոտենում, ասում են՝ էլի հաղթելո՞ւ ես: Մինչեւ Օլիմպիական խաղեր կփորձեմ բարդացնել ցատկերս, եթե չստացվի, Փարիզում այս նույն ցատկերով կմասնակցեմ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, կրկնակի աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը:

Հայաստանի առաջատար մարմնամարզիկը օլիմպիական տարում արդեն երկու ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլերում: Օլիմպիական ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը պատրաստվում է իր 4-րդ Օլիմպիական խաղերին, զուգահեռ թիմի հետ մասնակցում է նաեւ կարեւոր մրցաշարերին, այդ թվում կմասնացի նաեւ Հայաստանի առաջնությանը:

«Շատ դժվար է  բարձր նշաձող պահպանելը: Անցած տարվա աշխարհի առաջնությունից հետո ոտքի, ապա նաեւ մեջքի վնասվածք ունեի: Աշխարհի գավաթի փուլերից առաջ երկար ժամանակ բուժվում էի: Հավաքներին ուշ սկսեցի մարզավիճակի մեջ մտնել: Եգիպտոսի մրցաշարին հաղթեցի, բայց արդյունքներիցս գոհ չէի: Գերմանիայում արդեն ինձ ոչինչ չէր խանգարում, ցավեր չունեի եւ կարողացա այստեղ էլ հաղթել:

Այս տարվա աշխարհի գավաթի փուլերը շատ բարդ են, մրցակցությունը մեծ է: Օրինակ՝ իմ վարժությունում Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնը երկու փուլերում էր եզրափակիչ դուրս չեկավ:

Հաղթանակը հեշտ չի տրվում: Մրցումների ժամանակ ուրիշ երկրների մարզիչները մոտենում, ասում են՝ էլի հաղթելո՞ւ ես: Մեր վարժությունում երկու փորձ ունես, երկուսն էլ պետք է անթերի կատարես: Պետք է ինքդ քեզ հաղթես, որ առաջինը լինես: Ամեն ինչ կախված է առաջին ցատկից: Աշխարհի առաջնությունում առաջին ցակտս վատ կատարեցի, երկրորդը՝ անթերի, բայց չհաղթեցի, տեղ չգրավեցի:

Օլիմպիական ուղեգիրն արդեն ունեմ: Այս կարեւոր մրցաշարերից հետո նոր կսկսենք բուն Փարիզ-2024-ին պատրաստվելը:

Մեջքիս վնասվածքը արդեն բուժել ենք: Այս պահին խնդիր չունեմ: Չեմ կարող ասել՝ Փարիզում ինչ կլինի. սպորտ է: Կաշխատեմ այնպես անել, որ վնասվածքներ չունենամ: Շուրջ երկու ամիս բուժվեցի: Մինչեւ Օլիմպիական խաղեր կփորձեմ մի ցատս բարդացնել: Եթե չստացվի, նույն ցատկերով կմասնկցեմ:

Մինչեւ Օլիմպիական խաղեր մարտին կմասնակցեմ Հայաստանի առաջնությանը, հետո  աշխարհի գավաթի 4-րդ փուլին, այնտեղից թիմի հետ կմեկնեմ Իտալիա՝ Եվրոպայի առաջնության,  կվերադառնանք ու կսկսենք պատրաստվել Օլիմպիական խաղերին:

Կարեւորը վնասվածք չլինի, մնացածը մեր ձեռքերում: Պետք է մարզվենք, չարչարվենք, ամեն ինչ անենք, որ մեր երկրի պատիվը բարձր պահենք յուրաքանչյուր մրցաշարում»,- ասաց Արթուր Դավթյանը:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2023 թվականի աշխարհի առաջնությունում բազմամարտում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English