09:07  ,  3 հունվարի, 2024

Արսեն Հարությունյան. Մեծ սպորտում ունեցել եմ մի մեծ երազանք, որը տարիների ընթացքում դարձել է գերնպատակ

2023 թվականին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը երրորդ անգամ նվաճեց ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը: Եվրոպայի առաջնությունից հետո Հարությունյանը փայլեց նաեւ աշխարհի առաջնության մրցագորգում, նվաճեց բրոնզե մեդալ եւ Փարիզի օլիմպիական ուղեգիր: Այս հաղթանակների կողքին, 24-ամյա ըմբիշի ամենամեծ հաղթանակը եղավ իր առաջնեկի ծնունդը: 2023 թվականին Արսեն Հարությունյանը հայր դարձավ:

Երիտասարդ հայրիկը NEWS.am Sport-ի համար ամփոփել է մեծ ձեռքբերումների տարին:

Մրցաշրջան-2023-ը...

Տարին յուրահատուկ էր ինձ համար: Այս տարի ես մեծ ապրումներ ունեցա, երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձա, երրորդ անգամ աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճեցի, հաջող մրցելույթներ ունեցա Գերմանիայի լիգայում, բայց ամենամեծ հաջողությունս, ուրախությունն ինձ համար աղջկաս ծնունդն էր:

Տարվա ամենամեծ հաղթանակը...

Երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալն է այս տարվա իմ ամենամեծ հաղթանակը: Կյանքում ամենամեծ հաղթանակս համարում եմ աղջկաս ծնունդը:

Ձախողումը...

Մի պարտություն ունեցա 2023-ում: Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում իմ տակտիկական սխալի պատճառով 14:16 հաշվով պարտվեցի ճապոնացի ըմբիշին: Այս պարտության պատճառով չկարողացա շարունակել պայքարը աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար: Ցավալի պարտություն էր ինձ համար:

Եվրոպայի երրորդ չեմպիոնությունը...

Մեծ ուրախություն էր, որ կարողացա հռչակվել Եվրոպայի եռակի չեմպիոն: Ինձ համար տարին սկսում է Եվրոպայի առաջնությունով եւ ավարտվում աշխարհի առաջնությունով: Ամեն տարի իմ առջեւ խնդիր եմ դնում լավ հանդես գալ այս երկու խոշոր մրցաշարերում, որովհետեւ այս մարզաձեւը ես եմ ընտրել եւ իմ կյանքի նպատակն է հասնել մեծ բարձունքների, հաղթանակների, նվաճել մեծ տիտղոսներ:

Եվրոպայի առաջնությանը շատ լավ մասնակցեցի եւ արդյունքը ոսկե մեդալն էր:

Աշխարհի երրորդ բրոնզե մեդալը...

Աշխարհի առաջնությանը նորից բավարարվեցի բրոնզե մեդալով: Արդեն երրորդ տարին անընդմեջ չի ստացվում, բրոնզն եմ նվաճում: Ես ոսկե մեդալն եմ ուզում: Կիսաեզրափակիչում պարտվելուց հետո, աշխարհի առաջնությունից հետո ամեն օր հատ-հատ աշխատում եմ իմ սխալների վրա, որպեսզի դրանք թույլ չտամ Օլիմպիական խաղերում:

Աշխարհի առաջնությունից հետո առաջինը զանգահարեցի կնոջս: Ասաց՝ «հանկարծ չհուսահատվես, ոսկե մեդալը կնվաճես Օլիմպիական խաղերում: Դեռ շատ երիտասարդ ես եւ աշխարհի առաջնության ոսկի դեռ շատ կունենաս»:

Փարիզի օլիմպիական ուղեգիրը...

Օլիմպիական խաղերի ուղեգիրը եղավ իմ սփոփանքը աշխարհի առաջնությունում: Երբ երրորդ անգամ բրոնզե մեդալակիր դարձա, այս ուղեգիրն ինձ նոր մոտիվացիա տվեց՝ արդեն ավելի մեծ ուժերով պատրաստվել Օլիմպիական խաղերին: Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է՝ մասնակցել Օլիմպիական խաղերի: Քանի որ ինձ տրվել է այդ հնարավորությունը, ուրեմն՝ ես իմ ձեռքից չպետք է բաց թողնեմ այդ հնարավորությունը: Պետք է մաքսիմալ աշխատեմ, մարզվեմ, հետեւեմ իմ մարզումներին, որ կարողանամ օլիմպիական ոսկե մեդալ նվաճել: Շատ լավ եմ պատրաստվում Օլիմպիական խաղերին: Ասես՝ առաջվա Արսենը չլինեմ: Ամեն ինչին ուրիշ ձեւ եմ նայում, աշխատում, մարզվում: Հանդես եմ գալիս նաեւ գերմանական լիգաներում, որտեղ արդեն 7 գոտեմարտ եմ անցկացրել եւ տարել 7 հաղթանակ: Ոչ մեկին միավոր չեմ տալիս, հաղթանակերս կամ 10:0 են, կամ 15:0: Ես զգացել եմ իմ քրտնաջան աշխատանքների արդյունքը: Եթե մինչեւ Փարիզ-2024 վնասվածքներ չունենամ, կարողանամ այսպես մարզվել, իմ կյանքի լավագույն մարզավիճակում կներկայանամ Օլիմպիական խաղերին:

Ամենահիշարժան օրը...

Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում, օգոստոսի 11-ին լույս աշխարհ եկավ իմ աղջիկը: Սա իմ կյանքի, մինչ օրս ամենակարեւոր իրադարձությունն էր, որ ինձ հետ տեղի ունեցավ: Չեմ կարող բառերով նկարագրել ապրումներս այդ օրը: Ինձ չհաջողվեց դառնալ աշխարհի չեմպիոն, բայց գիտեմ, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսից բարձր տիտղոս է հայր դառնալը, մասնավորապես աղջկա հայրիկ լինելը: Շատ եմ ուրախացել: Այդ օրվանից իմ կյանքը փոխվել է: Ամեն ինչ փոխվել է, նույնիսկ սպորտում է փոխվել. ամեն ինչ այլ կերպ եմ պատկերացնում: Հայրությունը դրական կողմերով է ազդել իմ մարզական կարիերայի վրա: Երբ գնում եմ մարզումների, միայն մի միտք է պտտվում գլխումս՝ ես պետք է հաղթեմ, որ կինս ու աղջիկս տանը ուրախանան: Այս միտքն ինձ արդեն ուղեկցում է ամեն օր:

Կատարված երազանքը...

2023-ի համար սպորտում երկու երազանք ունեի՝ դառնալ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն: Կատարվեց միայն Եվրոպայի չեմպիոնությունը: Եւս մեկ երազանք ունեի, որ առողջ երեխա ծնվի իմ ընտանիքում: Այժմ վայելում եմ այդ երազանքս՝ Մարիայիս իմ կյանքում:

2024-ի երազանքը...

Ամբողջ կյանքում մեծ սպորտում մի մեծ երազանք եմ ունեցել, որը տարիների ընթացքում դարձել է գերնպատակ՝ դառնալ օլիմպիական չեմպիոն: Երազանքս դարձրել եմ նպատակ եւ այժմ օր օրի քայլում եմ դեպի իրեն: Գիտակից կյանքիս առաջին օրվանից իմ երազանքները կապված են եղել սպորտի հետ: Ես այն մարդկանցից չեմ, որ երազեմ լավ ավտոմեքենա, տուն, բիզնես ունենալու մասին, միայն երազել եմ սպորտում ամենամեծ տիտղոսին, գագաթնակետին հասնել: Ինձ համար շատ ցավալի է, որ որ դեռ մեծահասակների աշխարհի չեմպիոն չեմ դարձել: 2024 թվականը դիմավորում եմ ափսոսանքով, որ դեռ այդ տիտղոսը չունեմ: Ինքս ինձ ասում եմ՝ արդեն 24 տարեկան եմ, բայց դեռ աշխարհի չեմպիոն չեմ: Ցավով եմ տանում այդ իրականությունը: Իմ մեծագույն երազանքն է՝ 2024 թվականին 24 տարեկանում նվաճել օլիմպիական ոսկե մեդալ: Նաեւ նպատակս է 4-րդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Նամակ ինքդ քեզ...

Յուրաքանչյուր տարվա վերջում ինքս ինձ հետ վերլուծում, վերանայում եմ այդ տարվա իմ աշխատանքը, արված քայլերը: Ինքս իմ առաջ հաշվետու եմ: Փորձում եմ յուրաքանչյուր տարի այնպես անել, որ ամփոփելուց հասնակամ՝ ինչ-որ բան ավելացրել եմ, նույն տեղում չեմ մնացել: Ինձ կգրեի՝ «Համարում եմ, որ 2023-ում Արսենը հաջողակ քայլել է, ինչ ուզել է, կատարել է: Միակ բացթողումը աշխարհի ոսկե մեդալն է եղել: Մնացած բնագավառներում ինչ նպատակ դրել է, հասել է, մի քայլ առաջ է եղել: Ողջունելի է»:

Նամակ Ձմեռ պապին...

«Ձմեռ պապի, խնդրում եմ, ինձ օլիմպիական ոսկի տուր» (ծիծաղում է): Ես հավատում եմ հրաշքներին, որովհետեւ մանկուց, ինչ ուզել եմ, ինչի մասին երազել եմ, ինչ նպատակ իմ առջեւ դրել եմ, հասել եմ: Ինձ չեն բերել, տվել: Ես սրտանց երազել եմ, հավատացել եմ իմ ուժերին եւ հասել եմ այդ ամենին: Եթե ինչ-որ բան սրտով, հոգով ես ուզում, ամբողջ տիեզերքը նպատում է, որ քո ցանկությունները կատարվեն:

Շնորհավոր Նոր տարի: 2024 թվականը թող բոլորի ընտանիքներում լինի հաջողության, սիրո տարի: Հայաստանի օլիմպիական հավաքականին մաղթում եմ օլիմպիական մեդալներ: Թող բոլորը հավատան իրենց ուժերին: Վստահ եմ, որ այդ հավատի շնորհիվ մենք մեծ հաղթանակներ կպարգեւենք մեր ազգին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով