21:37  ,  22 սեպտեմբերի, 2023

ԱԱ. Մալխաս Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ եւ Փարիզ-2024-ի ուղեգիր (ֆոտո)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը երկրորդ անգամ դարձավ բրոնզե մեդալակիր:

77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանը ներկայացնող Ամոյանը մրցեց աշխարհի եւ Ասիայի փոխչեմպիոն, Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեւ Ժադրաեւի հետ եւ համառ պայքարում հաղթեց 9:7 հաշվով: 

Առաջին մրցափուլի մեկնարկում Ամոյանը նախ երկու միավորով ապահովեց իրեն: Գորգի մրցավարը պասիվություն տվեց ղազախ ըմբիշին, բայց Ամոյանին չհաջողվեց գլորում կատարել: Առաջին մրցափուլի ավարտին Դեմեւ Ժադրաեւը երկու միավորանոց գլորում կատարեց: Մրցակիցները գնացին հանգստի 3:2 հաշվով Ամոյանի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլի սկզբնամասում Ամոյանը աշխատանքային գոտուց հանեց մրցակցին եւ փորձում էր նաեւ գցում կատարել, բայց ինքը հայտնվեց գորգից դուրս: Գորգի մրցավարը մեկ միավոր ավելացրեց ղազախ ըմբիշի հաշվին: Մալխաս Ամոյանի մարտավկա, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը չելենջ գցեց, բայց մրցավարները չբավարարեցին: Հաշիվ դարձավ 4:3 Ժադրաեւի առավելությամբ:

Գորգի մրցավարը Ամոյանին պարտեր նստեցրեց, բայց մրցակիցը չկարողացավ գլորել եւ ինքը հայտնվեց ներքեւում: Հայաստանի ներկայացուցիչը եւս մեկ 4 միավորանոց հետ գցումով հաշվի մեջ առաջ անցավ՝ 9:5: Մինչեւ գոտեմարտի ավարտը Ջադրաեւը 2 միավոր էլ ավելացրեց իր հաշվին եւ գոտեմարտն ավարտվեց Մալխաս Ամոյանի գեղեցիկ հաղթանակով՝ 9:7:

Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալով նվաճեց նաեւ Փարիզ-2024-ի ուղեգիր եւ առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

Աշխարհի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչիչ, որտեղ ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության է մատնել Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասին: 1/8 եզրափակիչում Ամոյանը 9:1 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջոնի Բարի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել էր աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշին: Կիսաեզրափակիչում 0:5 հաշվով պարտվել էր աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Սանան Սուլեյմանովին: 

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խացերի ուղեգիր է նվաճել արդեն Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Գյումրեցի ըմբիշը 4 հաղթանակ տանելուց հետո (10:4, 9:0, 9:0, 9:0) դուրս է եկել եզրափակիչ եւ սեպտեմբերի 23-ին կպայքարի աշխարհի 5-րդ տիտղոսի համար:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալի եւ Փարիզ-2024-ի ուղեգրի համար վաղը  կպայքարի Գեւորգ Ղարիբյանը (60 կգ): 2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը Բելգրադի մրցագորգում երեք հաղթանակ տանելուց հետո (9:0, 3:1, 1:1), կիսաեզրափակիչում պարտվել է օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Ասիայի կրկնակի չեմպիոն Ճապոնիան ներկայացնող Կյենիչիրո Ֆումիտայի հետ եւ պարտվեց 1:5 հաշվով:

Նշենք, որ հունահռոմեակ ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:

Սեպտեմբերի 23-ին մրցագորգ դուրս կգան Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Գևորգ Թադևոսյանը (87կգ )։

Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մրցագորգ դուրս կգա 1/8 եզրափակիչից։ Նրա մրցակիցը հայտնի կդառնա որակավորման փուլի Աբու Մուսլիմ Ապտիեւիչ Ամաեւ(Բուլղարիա) - Ակմուրատ Գելդիեւ (Թուրքմենստան) զույգի գոտեմարտից հետո։

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ) որակավորման փուլում կմրցի Իտալիան ներկայացնող  Իգնացիո Սանֆիլիպոյի հետ:

Մ23 աշխարհի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ) որակավորման փուլում կմրցի կուբացի Դանիել Գրիգորիչ Հեչավարիայի հետ։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում