23:24  ,  19 հունիսի, 2023

Պետրակով․ Շնորհակալ եմ իմ ֆուտբոլիստներին այս անձնվիրական խաղի եւ հաղթանակի համար

Շնորհակալ եմ իմ ֆուտբոլիստներին այս անձնվիրական խաղի եւ հաղթանակի համար։ Նաեւ շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին այս հրաշալի աջակցության համար։ Նրանց շնորհիվ մենք կարողացանք երեք միավոր վաստակել։

Այս մասին հետխաղային ասուլիսում ասաց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը՝ մեկնաբանելով Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղում 2։1 հաշվով հաղթանակը Լատվիայի թիմի նկատմամբ։

«Շատ բարդ խաղ էր, տղաների համար շատ դժվար էր։ Այսօրվա խաղի որակը լավն էր։ Կարծում եմ, որ դժվար էր ֆունկցիոնալ առումով։ Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մեր ֆուտբոլիստներին։ Նրանք բնավորություն ցույց տվեցին, լավ հանդես եկան, դիմացան, պայքարեցին, չհամակերպվեցին հաշվի հետ։ Ես տեսնում էի, որ նրանց համար իսկապես բարդ էր։

Ինձ գոհացրին փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները։ Այսօր որեւիցե մեկի նկատմամբ նկատողություն չունեմ, բոլորն իրենց փայլուն դրսեւորեցին։

Բալեկյանն այժմ հանդերձարանում է, ոտքը սառույցի մեջ է դրված։ Բավականին ինտենսիվ ֆուտբոլ էի առաջարկել թիմից, ինչի պատճառով շատերն այժմ հանդերձարանում նստած չեն կարողանում կանգնել։

Բոլորին շնորհակալ եմ այս անձնվիրական խաղի համար։ Ռանոսն այսօր այնքան լավը չէր, որքան Ուելսի դեմ խաղում։ Լուկասը Ուելսի դեմ խաղում փայլուն հանդես եկավ, բայց այստեղ զգացվեց հոգնածությունը։ Նա սովոր չի այս ինտենսիվությանը՝ երեք օրում երկու խաղ։

Ես գովեցի իմ թիմին, շնորհակալություն հայտնեցի, բայց չեմ բացահայտի, թե ինչ ասացի նրանց հանդերձարանում։

Մի քանի հանգամանքների հանրագումարում տոնեցինք երկրորդ հաղթանակը։

 Մենք ամեն հնարավորը կանենք իմ կողմից, իմ մարզչական շտաբից եւ ֆուտբոլիստների կողմից, որ կարողանանք դուրս գալ խմբից։ Այս պահին ոչինչ չեմ ցանկանում ասել, որպեսզի հետո չասեք՝ ասաց։ Շատ բարդ է լինելու, գուցե մենք հանդիպենք մեծ խնդիրների։  Ցանկացած խաղում փորձելու ենք առավելագույն ուժերը ներդնել։ Բոլորս շատ ենք ուզում իսկապես հայտնվել Գերմանիայում։

Ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել երկրպագուներին։ Հրաշալի աջակցություն կար մարզադաշտում, լեփ-լեցուն տրիբունաներ։ Հատկապես խաղավերրջում երկրպագուների աջակցությունը մեզ շատ օգնեց, թիմին առաջ մղեցին, ինչի շնորհիվ վաստակեցինք 3 միավոր»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը։

Լրագրողները ուկրաինացի մարզիչին ծափերով ընդունեցին եւ ճանապարհեցին մամուլի սրահում։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2։1  հաշվով հաղթեց Լատվիայի հավաքականին։

D խմբում Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով հավասարվեց առաջատար Թուրքիային։ Լատվիան երրորդ պարտությունը կրեց եւ վերջինն է։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով