09:03  ,  28 մայիսի, 2023

Ռաֆայել Հովհաննիսյան․ Ինքս ինձ խոսք եմ տվել, որ կդառնամ աշխարհի չեմպիոն

Երազանքս է դառնալ աշխարհի չեմպիոն: Ես հասկանում եմ, որ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը մի քանի անգամ բարձր է, բայց ինձ համար աշխարհի չեմպիոնությունն այլ բարձրության վրա է: «Աշխարհի չեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյան»՝ լավ է հնչում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը:

2022 թվականին Երեւանում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը բեկումնային եղավ երիտասարդ բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանի համար: Նա հաստատուն քայլերով եւ տպավորիչ հաղթանակներով հայտարարեց իր մասին ազգային հավաքականում եւ նվաճեց իր առաջին մեդալը մեծահասակներում: Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Հովհաննիսյանին անվանեց «Գլադիատոր»:

Մայիսի 1-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Ռաֆայել Հովհաննիսյանն առաջին փորձն ունեցավ նաեւ մեծահասակների աշխարհի առաջնությունում: Մեդալ չնվաճեց, բայց զբաղեցրեց 5-րդ տեղը եւ IBA միջազգային ֆեդերացիայի նախագահի կողմից արժանացավ պարգեւատրման:

Տաշքենդի ռինգում երկու տպավորիչ հաղթանակ տանելուց հետո Եվրոպայի փոխչեմպիոնը քառորդ եզրափակիչում պարտվեց Եվրոպայի չեմպիոն, Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշիտաշվիլիին:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռաֆայել Հովհաննիսյանը պատմել է բռնցքամարտում իր առաջին քայլերի, անհաջողությունների եւ մեծ սպորտում մեծ երազանքի մասին:

Ռաֆայել, քանի տարեկանից ես հաճախել բռնցքամարտի, ո՞ւմ հետ ես առաջին անգամ այցելել մարզադահլիճ:

5-րդ դասարան էի, երբ մայրիկս ինձ տարավ բռնցքամարտի: Մեր դպրոցում խմբակ կար, եւ ես առաջին անգամ այնտեղ հաճախեցի բռնցքամարտի: Չէի ուզում գնալ, չէի սիրում բռնցքամարտը: Մի քանի տարի այդպես հաճախեցի եւ դուրս եկա: Ես ուղղակի չէի ցանկանում զբաղվել որեւէ մարզաձեւով: Տարիներ անց որոշեցի նորից փորձել ուժերս բռնցքամարտում: Սկսեցի մարզվել, բայց բավականին երկար ժամանակ անհաջողություններ էի ունենում: Առաջին լուրջ հաջողությունս գրանցեցի 2017 թվականին՝ դարձա Հայաստանի չեմպիոն: Այս հաղթանակով, կարծես, սկսվեց հաղթանակներիս փուլը: Մինչեւ 2023 թվականը մեկ անգամ եմ պարտվել Հայաստանի առաջնությունում: Մյուս բոլոր առաջնություններում, երիտասարդներում եւ մեծահասակներում դարձել եմ Հայաստանի չեմպիոն:

Ի՞նչը պատճառ եղավ այդ դադարից հետո վերսկսել մարզումները:

Ուժի պակաս չունեի, բայց ինքս ինձ համար որոշեցի, որ պետք է ինչ-որ գծով զարգանալ: Որոշեցի, որ այդ ընտրությունը պետք է լինի բռնցքամարտը եւ այս մարզաձեւը կարող է ինձ հաջողություններ բերել: Նաեւ ինքս ինձ ասացի, որ թեկուզ բռնցքամարտում չհասնեմ հաջողությունների, ամեն դեպքում՝ տղա եմ, տղամարդ եմ, պետք է կոփվեմ:

Ի՞նչն է քեզ գրավում բռնցքամարտում:

Ինձ գրավում է ռինգում հարվածներ չստանալը: Ես ոչ թե տարվում եմ նրանով, որ հարվածներ հասցնեմ, որովհետեւ ուժեղ եմ, այլ այդ ամենը տեսնեմ, զգամ, կարդամ մրցակցիս, միլիվայրկյաններով տեսնեմ մրցակցիս յուրաքանչյուր քայլը, միլիմետրերով անցումներն անեմ եւ չստանամ հարվածներ: Հարված չստանալը բռնցքամարտի գեղեցկությունն է:

Ռաֆայել, ռինգում ունես ընդգծված ձեռագիր՝ մենամարտում ես հեռվից, հիմնականում ձախ ձեռքով: Ինչպե՞ս է ձեւավորվել այն:

Իմ անձնական մարզիչը հավաքականի նախկին անդամ Վլադ Մարգարյանն է: 2018 թվականին, երբ դարձա Հայաստանի չեմպիոն , այդ ժամանակ նա երիտասարդների հավաքականի երկրորդ մարզիչն էր: Ինձ մեկ անգամ ասաց՝ « հեռավորության վրա ձախ ձեռքով լավ ես աշխատում, ասես՝ սուսերամարտիկ լինես»: Օրերից մի օր խոսք բացվեց, ասացի, որ հայրս եւ մայրս սուսերամարտիկներ են եղել: Սուսերամարտում մի ձեռքով են աշխատում, հեռվից հարվածներ հասցնում: Ինձ մոտ էլ է այդպես՝ բարձրահասակ եմ, ձեռքերս երկար են եւ հեռվից մի ձեռքով եմ աշխատում:

Մարզիկների ընտանիքո՞ւմ ես մեծացել: Ստացվում է՝ քո մենամարտելու ոճի վրա մեծ ազդեցություն ունի սուսերամարտը:

Այո, հայրս եւ մայրս սուսերամարտիկներ են եղել, ԽՍՀՄ չեմպիոններ են: Ես մեծացել եմ սպորտային ընտանիքում: Կարծում եմ՝ սուսերամարտն ունի իր ներգործությունը, բացի այդ նաեւ բնատուր հասակս, երկար ձեռքերս: Ինձ համար դժվար է մոտ տարածությունում մենամարտել:

Հաղթանակից հետո մշտապես պատիվ առնելու զինվորական ժեստ ես անում: Որտեղի՞ց է այն եկել եւ ի՞նչ խորհուրդ ունի:

2017 թվականի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում պարտվեցի քառորդ եզրափակիչում: Մեկնարկային մենամարտերում հաղթեցի ռումինացի եւ իտալացի մրցակիցներին, քառորդ եզրափակիչում պարտվեցի ադրբեջանցի բռնցքամարտիկին: Շատ ծանր տարա այդ պարտությունը, աշխարհս գլխիվայր շուռ էր եկել: Դուրս էի եկել ռինգ, ես հայ եմ, նա՝ ադրբեջանցի, այսպիսի մտքերով մենամարտ էի անցկացնում: Դեռ այդքան փորձ չունեի ու չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Առաջին անգամ էի մասնակցում Եվրոպայի առաջնությանը եւ պարտվեցի:

2018 թվականին նորից երիտասարդների Եվրոպայի առաջնությունն էր Իտալիայում: Չէի ցանկանում նույն ադրբեջանցի մրցակցին հանդիպել: Ինքս ինձ ասում էի՝ այս անգամ թող ինձ չընկնի: Առաջին մրցակիցս թուրք բռնցքամարտիկ էր: Շատ լավ մենամարտ անցկացրի եւ հաղթեցի նրան: Հոգեպես սպասում էի, որ հաստատ ինձ հանդիպելու է ադրբեջանցի մրցակիցը: Դրան զուգահեռ նաեւ ինձ համոզում էի, որ ես կարող եմ նրան հաղթել եւ որեւէ միտք ինձ չպետք է խանգարի, որովհետեւ լավ էի պատրաստվել, այդ մեկ տարվա ընթացքում աճել էի, զարգացել էի: Հաջորդ մրցակիցս եղավ հենց ադրբեջանցի բռնցքամարտիկը: Նրան հաղթելու մեծ ցանկությամբ դուրս եկա ռինգ եւ հրաշալի մենամարտ անցկացրի, հաղթանակ տարա: Ուրախությունից ակամայից պատվո ժեստը արեցի ձեռքս բարձրացնելու ժամանակ: Այդ օրվանից հետո որոշեցի, որ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, հաղթանակներս տոնելու եմ այդ ժեստով: Այդ ժետսն ինձ համար մեծ խորհուրդ ունի եւ դրանով իմ յուրաքանչյուր հաղթանակ, չկարեւորելով, թե որ ազգի ներկայացուցիչի եմ հաղթում, նվիրվում է մեր զինվորներին, հայոց բանակին:

Ձախ ձեռքիդ զենքի դաջվածք ունես: Ի՞նչ նշանակություն ունի: Փոխկապակցվա՞ծ է պատվո ժեստի հետ:

Զենքի դաջվածքս չեմ ասոցացնում պատվո ժեստի հետ: 2019 թվականին եմ դաջվածքս արել: Այսպես եմ մեկնաբանում՝ հարվածներս հավասարազոր են զենքի կրակոցին: Սա է խորհուրդը:

Ռաֆայել, Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունից հետո միանգամից սիրվեցիր երկրպագուների, հանրության կողմից: Ի՞նչ պետք է անես, որ այդ սերը քեզ չկուրացնի:

Իմ շրջապատում, հեռու, մոտիկ մարդկանց կողմից շատ եմ լսել ինձ ուղղված հարցեր՝ չես փոխվի՞, աստղայինը քեզ չի տանի՞: Անկեղծ, երբեւէ դրա մասին չեմ մտածել: Հաճելի է, ինչ խոսք, երբ քայլում ես, փողոցում քեզ ճանաչում են, բայց երբեւիցե չեմ մտածել, որ այս սերը կարող է ինձ կուրացնել, կարող եմ դրանից փոխվել կամ գոռոզանալ: Դա մարզիկին վայել պահվածք չի լինի: Հայտնի մարզիկ լինելուց զատ էլ, գոռոզությունը, մեծամտությունը լավ մարդու հատկանիշ չի, ինչ էլ ուզում է լինի:

Զգացել եմ, որ իմ նկատմամբ կա հետաքրքրություն: Այս սերը հանրության կողմից սկսեցի վայելել Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունից հետո: Ուրախ եմ, որ ինձ ստացվեց մեդալ նվաճել Եվրոպայի առաջնությունում հենց Երեւանում: Միշտ ձախողել եմ քառորդ եզրափակիչներում: Չէր ստացվում, գալիս, հասնում էի քառորդ եզրափակիչ եւ պարտվում էի: Երեւանյան Եվրոպայի առաջնությունում այդ սառույցը կոտրվեց: Ինձ օգնեցին տան պատերը, երկրպագուների աջակցությունը: Ես երիտասարդներում էլ մեդալ չէի նվաճել ու ունեի ընկճվածություն, որ եթե երիտասարդներում մեդալ չեմ նվաճել, ինչպես կարող եմ մեծահասակներում նվաճել: Երեւանում ստացվեց եւ երկրպագուների, իմ հայրենիքի, հողի աջակցությամբ հաղթահարեցի անինքնավստահությունս:

Զրույցի սկզբում նշեցիր, որ մայրդ է քեզ առաջին անգամ տարել բռնցքամարտի: Այժմ ինչպե՞ս են ծնողներդ ընդունում քո ընտրությունը:

Մայրս պարբերաբար ասում է՝ երանի այդ օրը քեզ բռնցքամարտի տարած չլինեի... Մայրիկս չի համակերպվում, իմ մենամարտերը երբեք չի դիտում: Վերջում միայն զանգում եմ եւ արդյունքն ասում: Հայրս կողմ է, ինձ աջակցում է: Պարզ է, որ նրա սիրտը եւս ցավում է իմ ստացած յուրաքանչյուր հարվածի, պարտության համար, բայց լավ հասկանում է, որ սա իմ ընտրած ճանապարհն է, կենսակերպը, աշխատանքը:

Ո՞րն է քո մեծ երազանքը մեծ սպորտում:

Իմ մեծ երազանքն աշխարհի չեմպիոն դառնալն է: Մարզիկների մեծ մասը երազում են օլիմպիական չեմպիոն դառնալու մասին: Ես համաձայն եմ, որ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը մի քանի անգամ բարձր է, 4 տարին մեկ է, դա եզրագիծն է բոլոր հաղթանակների, բայց իմ երազանքը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելն է: Չեմ ցանկանում վիրավորել որեւէ օլիմպիական չեմպիոնի, բայց ինձ համար աշխարհի չեմպիոնությունն այլ բարձրության վրա է: Ես ուզում եմ աշխարհի չեմպիոն դառնալ. Ռաֆայել Հովհաննիսյան՝ աշխարհի չեմպիոն... շատ դուրս կգա, լավ է հնչում (ծիծաղում է):

Ինքս ինձ խոսք եմ տվել, որ կդառնամ աշխարհի չեմպիոն: 2021 թվականին բանակայինների աշխարհի առաջնությունում առաջին մենամարտս ռուս մրցակցի հետ էր: Առաջնությունն անցկացվում էր Մոսկվայում: Պարտվեցի նրան: Նա աշխարհի նախկին չեմպիոն էր, շատ ուժեղ: Այդտեղ էլ դարձավ չեմպիոն: Այդ պարտությունից հետո որոշեցի, որ ես էլ պետք է դառնամ աշխարհի չեմպիոն: Ինձ էլ պետք է այդպես անվանեն՝ աշխարհի չեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով