14:21  ,  10 մայիսի, 2023

ԱԱ․ Հովհաննես Բաչկովի վստահ հաղթանակը՝ 5:0

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատար, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)  մենամարտեց Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարայի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 5:0 հաշվով՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Առաջին ռաունդում մրցավարները միաձայն առավելությունը տվեց հայ բռնցքամարտիկին։ Երկրորդ ռաունդում էլ միաձայն հաղթանակը շնորհվեց Հովհաննես Բաչկովին։

Երրորդ ռաունդում գյումրեցի բռնցքամարտիկը պահպանեց առավելությունը եւ տպավորիչ հաղթանակ տարավ միավորների բացարձակ առավելությամբ:

Նախորդ մենամարտում Հովհաննես Բաչկովը 5:0 հաշվով հաղթել էր Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Բիլգե Կագանին։

Մայիսի 10-ին Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) քառորդ եզրափակիչում կմենամարտի իսպանացի Էմանուել Ռեյեսի հետ (ցերեկային մրցահերթ)։

Նարեկ Մանասյանը 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով առավելության էր հասել իրանցի Պուրիա Ամիրիի նկատմամբ:

Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) քառորդ եզրափակիչում կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշիտաշվիլիի հետ (երեկոյան մրցահերթ Երեւանի ժամանակով 17:00-ից)։

Ռաֆայել Հովհաննիսյանը 1/8 եզրափակիչում պարտության էր մատնել Թուրքիայի ներկայացուցիչ Հական Կոչին։

Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (92+ կգ) 1/16 եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել է չինացի Դանաբիեկե Բայկեվուզիին։ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) 1/16 եզրափակիչում 0:4 հաշվով պարտվել է կուբացի Ալեխանդրո Կլարոյին։ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) 1/16 եզրափակիչում 1:4 հաշվով պարտվել է Տայպեի ներկայացուցիչ Պո-Վեյ Տուին։

Եվրոպայի փոխչեմպիոն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 1/16 եզրափակիչում 5:0 հաշվով հաղթել էր իրանցի Պոուրիա Աբդուլմալեկիերին։ 1/8 եզրափակիում 1:4 հաշվով պարտվել է հորդանանցի Յուսեֆ Յաշաշին:

54 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուսլան Ասլիկյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում մենամարտում 0:5 հաշվով պարտվել է Վենեսուելայի ներկայացուցիչ Սեգունդո Ֆինոլ Ռիվասին:

60 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանը 1/16 եզրափակիչում նոկաուտով հաղթել էր Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին, 1/8-րդ եզրափակիչում պարտվել է Զամբիայի ներկայացուցիչ Էնդրյու Չիլատային։

Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/16 եզրափակիչում պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին։

67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը 1/8 եզրափակիչում պարտվել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Միշեելտ Բատումուրին։

Մեկնարկային մենամարտում Գուրգեն Մադոյանը 5:0 հաշվով հաղթել էր Տայպեյի ներկայացուցիչ Լին Յունին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում