15:57  ,  30 ապրիլի, 2023

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ եռակի ոսկե մեդալակիր

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց իր երրորդ ոսկե մեդալը աշխարհի գավաթի խաղարկության փուլերում:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեւոմ ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ 4-րդ փուլի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատարը հավասարը չունեցավ հենացատկի վարժությունում:

Եզրափակիչում Արթուր Դավթյանը փայլուն ցատկերով վաստակեց 15.166 միավոր եւ  դարձավ ոսկե մեդալակիր:

Աշխարհի չեմպիոնը որակավորման փուլը հաղթահարել էր 15.120 միավորով:

Հենացատկի վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Նազար Չեպուրնին (14.799), բրոնզե մեդալակիր՝ Չեխիայի ներկայացուցիչ Անդրեյ Կալնի (14.333):

Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում ոսկե մեդալներ էր նվաճել նաեւ աշխարհի գավաթի փուլերի առաջին երկու մրցաշարերում՝ Կոտբուսում եւ Դոհայում:

Եգիպտոսում ավարտված աշխարհի գավաթի վերջին փուլում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը պայքարն ավարտեց մեդալով: Արծաթե մեդալակիր դարձավ Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր), բրոնզե մեդալակիրներ՝ Հարություն Մերդինյան (նժույգ թափեր) եւ Արթուր Ավետիսյան (օղակներ): 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը անցած երեք փուլերից մասնակցել է երկուսին: Երրորդ փուլը տեղի է ունեցել Բաքվում, որին Հայաստանի թիմը չի մասնակցել:

Կոտբուսում արծաթե մեդալակիր էր դարձել Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր), բրոնզե մեդալակիր՝ Արթուր Ավետսիյան (օղակներ):

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային էր աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում