00:54  ,  27 ապրիլի, 2023

«Ինտերը» հաղթեց «Յուվենտուսին» եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Միլանի «Ինտերը» երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում ընդունեց Թուրինի «Յուվենտուսին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 15-րդ րոպեին խփեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, որին գոլային փոխանցում կատարեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Ավելացված ժամանակում նա զգուշացվեց դեղին քարտով։

Թիմերի առաջին հանդիպումը Թուրինում ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը ապրիլի 27-ին պատասխան խաղում կվիճարկեն «Ֆիորենտինան» ու «Կրեմոնեզեն»։ Այս թիմերի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է «Ֆիորենտինան»։ «Ինտերը» պաշտպանում է գավաթակրի տիտղոսը։ 

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 1:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)

Ֆեդերիկո Դիմարկո, 15

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով