Պայքարը թեժ էր, պատասխանատվությունը մեծ, քանի որ Հայաստանում էր, նաեւ թուրք մրցակիցներ ունեի: Հավատում էի հաղթանակիս:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Գոռ Սահակյանը:
Երիտասարդ ծանրորդը Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Այս առաջնությունը ծանրորդի առաջին փորձն ու մեդալն էր մեծահասակների պայքարում:
«Պայքարը թեժ էր: Միայն այն, որ Հայաստանում էր անցնում եւ մրցում էի թուրք ծանրորդների հետ, արդեն պատասխանատվությունը շատ-շատ էր: Հավատում էի հաղթանակիս: Մեծ աշխատանք էի տարել երիտասարդների Եվրոպայի առաջնությունից հետո: Մեծահասակների մրցումներում առաջին մեդալս է: Շատ ուրախ եմ դրա համար։ Հիանալի տպավորություններ ունեմ, այս հաղթանակիս էի սպասում:
Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատացել են ինձ, իմ հաղթանակին: Չէի սպասում, որ 15 կգ առավելությամբ կհաղթեմ մրցակիցներիս: Ավելի թեժ պայքար էի ակնկալում: Այս կիլոգրամներն առաջին անգամ էի բարձրացնում: Մարզումներին մոտեցել էի 145 կգ-ին, բայց չէի բարձրացրել: 175 կգ բարձրացրել էի, բայց մրցահարթակում ամեն ինչ այլ է»,- ասաց Գոռ Սահակյանը:
Հիշեցնենք, որ պոկում վարժությունում երիտասարների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը գրանցել էր 145 կգ, հրում վարժությունում՝ 175 կգ:
Եվրոպայի նորընծա չեմպիոնը 15 կգ-ով շրջանցեց իր մրցակիցներին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում