Գոռ Սահակյան․ Հայաստանում մրցում էի թուրք ծանրորդների հետ, պատասխանատվությունը շատ-շատ էր

22:52   17 ապրիլի, 2023

Պայքարը թեժ էր, պատասխանատվությունը մեծ, քանի որ Հայաստանում էր, նաեւ թուրք մրցակիցներ ունեի: Հավատում էի հաղթանակիս:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Գոռ Սահակյանը:

Երիտասարդ ծանրորդը Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Այս առաջնությունը ծանրորդի առաջին փորձն ու մեդալն  էր մեծահասակների պայքարում:

«Պայքարը թեժ էր: Միայն այն, որ Հայաստանում էր անցնում եւ մրցում էի թուրք ծանրորդների հետ, արդեն պատասխանատվությունը շատ-շատ էր: Հավատում էի հաղթանակիս: Մեծ աշխատանք էի տարել երիտասարդների Եվրոպայի առաջնությունից հետո: Մեծահասակների մրցումներում առաջին մեդալս է: Շատ ուրախ եմ դրա համար։  Հիանալի տպավորություններ ունեմ, այս հաղթանակիս էի սպասում:

Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատացել են ինձ, իմ հաղթանակին: Չէի սպասում, որ 15 կգ առավելությամբ կհաղթեմ մրցակիցներիս: Ավելի թեժ պայքար էի ակնկալում: Այս կիլոգրամներն առաջին անգամ էի բարձրացնում: Մարզումներին մոտեցել էի 145 կգ-ին, բայց չէի բարձրացրել: 175 կգ բարձրացրել էի, բայց մրցահարթակում ամեն ինչ այլ է»,- ասաց Գոռ Սահակյանը:

Հիշեցնենք, որ պոկում վարժությունում երիտասարների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը գրանցել էր 145 կգ, հրում վարժությունում՝ 175 կգ:

Եվրոպայի նորընծա չեմպիոնը 15 կգ-ով շրջանցեց իր մրցակիցներին:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։