19:16  ,  16 ապրիլի, 2023

ԵԱ. Իզաբելա Յայլյանը բրոնզե մեդալակիր (ֆոտո, վիդեո)

Հայաստանն առաջին մեդալը նվաճեց Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը երկամարտի 196 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր (տեսանյութ):

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը 179 կգ արդյունքով 6-րդն է:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Իզաբելա Յայլյանը պոկում վարժությունն անհաջող սկսեց: Առաջին եւ երկրորդ մոտեցումները ձախողեց՝ չկարողանալով գլխավերեւում պահել 87 կգ-ոց ծանրաձողը: Միայն երրորդ մոտեցմամբ հաջողվեց պոկել 87 կգ-ը: Այս վարժությունում Յայլյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց 105 կգ-ը, երկրորդ մոտեցման համար պատվիրված 108 կգ-ը ձախողեց: Երրորդ մոտեցմամբ հաջողությամբ հրեց 109 կգ: Այս վարժությունում եւս Յայլյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ պոկեց 77 կգ, երկրորդ մոտեցման համար պատվիրված 80 կգ-ը ձախողեց: Երրորդ մոտեցմամբ հաջողության գլխավերեւում ֆիքսեց 80 կգ-ը:

Հրում վարժությունում Գրիգորյանը հաջողությամբ կատարեց միայն առաջին մոտեցումը գլխավերեւում պահելով 99 կգ-ը:

55 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռումինացի Անդրեա Կոտրուտան երկամարտի 201 կգ արդյունքով, արծաթե մեդալակիր դարձավ Ուկրանիան ներկայացնող Սվետլանա Սամուլյակը երկամարտի 199 կգ արդյունքով:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news