11:05  ,  18 փետրվարի, 2023

Վլադիմիր Հակոբյան․ Ուրախացնում են մեր երիտասարդ շախմատիստների նվաճումները (ֆոտո)

Մոտիվացիան կորել էր, այդ պատճառով ավարտեցի ելույթներս հավաքականում: Լեւոն Արոնյանի հետ ԱՄՆ-ում կապ չունեմ: Շատ ուրախ եմ մեր հավաքականի փայլուն մրցելույթի համար Օլիմպիադայում: Շախմատային կյանքին վերջերս շատ չեմ հետևում, բայց ուրախ եմ, որ Հայաստանում շախմատիստների հանդեպ հոգատար են:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանի հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր,  Հայաստանի հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն (2006, 2008 և 2012), աշխարհի 8-րդ թիմային առաջնության հաղթող (2011) Վլադիմիր Հակոբյանը:

Արդեն երեք տարի է Վլադիմիր Հակոբյանը տեղափոխվել է ԱՄՆ և ներկայացնում է այդ երկիրը: Այս օրերին գրոսմայստերը գտնվում էր Երևանում:

Պարոն Հակոբյան, շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար: Ի՞նչ ծրագրով եք Հայաստանում: 

ԱՄՆ տեղափոխվելուց հետո ամեն տարի գալիս եմ Հայաստան: Ծնողներս այստեղ են ապրում: Աշխատում եմ երկու շաբաթ անցկացնել Հայաստանում, ընկերներիս հետ հանդիպել, կուտակված գործերով զբաղվել:

2021 թվականից պաշտոնապես ներկայացնում եք ԱՄՆ-ն: Ինչո՞ւ հեռացաք Հայաստանից և ինչո՞ւ ԱՄՆ:

ԱՄՆ-ն տրամադրում է հատուկ ականավոր մարդկանց համար վիզա։  Տիկնոջս հետ որոշեցինք դիմել այդ վիզայով։ Մենք ունենք երեք որդի։ Միշտ կարևորել ենք  կրթությունը և լեզվի խորը իմացությունը: Բացի այդ, կային նաև տարբեր շախմատային առաջարկներ։ Այդպես, 2020 թվականին տեղափոխվեցինք ԱՄՆ:

Վերադառնանք հավաքականին. ո՞րն էր հավաքականից հեռանալու պատճառը:

Որքա՞ն կարելի էր խաղալ... (ծիծաղում է): Ես 23 տարի ներկայացրել եմ Հայաստանի հավաքականը և այդ ընթացքում անցկացրել եմ շուրջ 30 թիմային մրցաշար Հայաստանի հավաքականի կազմում։ Երեք անգամ Օլիմպիադա ենք հաղթել, մեկ անգամ՝ աշխարհի առաջնություն: Օլիմպիադան և աշխարհի առաջնությունը շատ կարևոր մրցումներ են, որտեղ մենք բնականաբար պետք է ներկայանայինք ուժեղագույն կազմով: Բայց ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնությանը, ես միշտ համարել եմ, որ այդտեղ պետք է մասնակցեին մեր երիտասարդ շախմատիստները: Այդ դեպքում նրանք և՛ կզգային թիմային մրցումների մթնոլորտը, և՛ անհրաժեշտ փորձ ձեռք կբերեին ապագա ելույթների համար։ Հետևաբար, սերնդի փոփոխությունը անհամեմատ ավելի հեշտ կանցներ։ Ինչևէ, ֆեդերացիան շարունակեց ուղարկել ուժեղագույն կազմը այդ՝ ոչ այդքան կարևոր մրցմանը։ Մի գուցե, հենց մոտիվացիայի կորստի պատճառով մեր թիմը Եվրոպայի առաջնությունում միշտ իր հնարավորություններից ցածր էր խաղում։

Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ երիտասարդներին պետք է ճանապարհ տալ և 2012 թ․ Ստամբուլի Օլիմպիադայից հետո որոշեցի հեռանալ հավաքականից: Սակայն, միևնույն է, ևս մի քանի անգամ պահանջվեց իմ մասնակցությունը հավաքականի կազմում։

Ինչո՞վ եք զբաղվում ԱՄՆ-ում: Խաղո՞ւմ եք, հավաքականի կազմում խաղացե՞լ եք:

Այլևս գրեթե չեմ խաղում: Զբաղվում եմ մարզչությամբ, անհատական պարապմունքներ եմ անցկացնում: Կան արաջարկներ շախմատային ճամբարներին մասնակցելու։ Անցյալ տարի մասնակցել եմ ԱՄՆ-ի վետերանների մրցաշարին։ Սակայն հրաժարվել եմ խաղալ վետերանների աշխարհի թիմային առաջնությունում:  Այս տարի համաձայնվեցի: 2022 թվականին հրաժարվեցի նաև ԱՄՆ-ի հավաքականի կազմում հանդես գալ աշխարհի թիմային առաջնությունում, որը անցկացվեց Իսրայելում:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ինչպե՞ս է արձագանքել Ձեր՝ ԱՄՆ-ն ներկայացնելու որոշմանը: 

Ես դիմել եմ ԱՄՆ-ի ֆեդերացիա և երեք ամսվա ընթացքում (դա ՖԻԴԵ-ի սպասման ժամկետն է), 2021թ․ հունիսին տեղափոխումը կայացավ։

Ինչ վերաբերում է Հայաստանի ֆեդերացիային, եղել են տհաճ պահեր, բայց այժմ չեմ ցանկանում այդ մասին խոսել: Ուզում եմ միայն շեշտել, որ ամենևին նկատի չունեմ ֆեդերացիայի նախագահին։

Ի՞նչ կասեք հայկական շախմատի, մեր հավաքականի մասին:

Գիտեք, այսօրվա շախմատն ինձ այդքան էլ չի հետաքրքրում, որովհետեւ մենք խաղացել ենք մի շախմատ, հիմա խաղում են այլ շախմատ: Համակարգիչը փոխել է ամեն ինչ, և ինձ համար այդքան էլ հետաքրքիր չէ հետևել մրցաշարերի, պարտիաների, որքան էլ կարևոր լինեն դրանք: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, հետևել եմ նրանց մրցելույթներին Օլիմպիադայում եւ շատ ուրախ եմ նրանց արդյունքի համար: Թիմը հրաշալի խաղաց եւ շատ լավ արդյունք գրանցեց: Ֆեդերացիայի և պետության կողմից կա մեծ աջակցություն շախմատին։ Ուրախացնում է, որ մեր շախմատիստների հանդեպ հոգատար են գտնվում։

Լևոն Արոնյանը նույնպես համալրեց ԱՄՆ հավաքականը: Հանդիպում եք, կապ կա՞:

Լևոնի հետ կապ չունեմ, տարբեր քաղաքներում ենք բնակվում: Ճիշտն ասած՝ նույնիսկ չգիտեմ, թե երբ է նա տեղափոխվել և երբվանից է ներկայացնում ԱՄՆ-ն:

Վերլուծելով Համաշխարհային Օլիմպիադան առանց Լևոն Արոնյանի...

Առանց Լևոն Արոնյանի էլ տղաները փայլուն հանդես եկան: Գաբրիել Սարգսյանը հոյակապ խաղաց: Նա թիմի առաջատարն էր, եւ նրա վաստակն այս հաջողությունում շատ մեծ է: Եվ ընդհանրապես բոլոր տղաները շատ ոգեորված էին խաղում և ջանք չխնայեցին հանուն այս հաջողությանը: Ես աշխատել եմ իրենց հետ, տաղանդավոր շախմատիստներ են: Ուզում եմ նաև առանձնացնել Արման Փաշիկյանի ներդրումը։ Շատ ուրախալի է, որ հաջողվեց այդպիսի բարձր արդյունք ցույց տալ: Միշտ չէ, որ կարող ես հաղթել: Այն բանից հետո՝ երբ մերոնք խոշոր հաշվով պարտվեցին Ուզբեկստանին, մեր թիմի լրացուցիչ ցուցանիշները շատ ավելի ցածր էին, քան մեր մրցակիցներինը։ Այդ պատճարով կարծում եմ՝ Ուզբեկստանն արժանի էր հաղթողի կոչմանը և ամեն ինչ արդար էր:

Ո՞րն է եղել Ձեր ամենատպավորիչ հաղթանակը հավաքականում:

Դժվար է ասել: Բոլոր հաղթանակները թանկ են: Հեշտ հաղթանակներ չեն լինում:  Մենք շատ բարձր մակարդակով անցկացրեցինք Թուրինի Օլիմպիադան (2006թ.) և արժանի հաղթանակ տարանք: Դրեզդենում (2008թ.) նույնպես ուժեղ ենք խաղացել և բավականին վստահ հաղթեցինք:  Ստամբուլի Օլիմպիադան (2012թ.) շատ ավելի լարված էր ընթանում:  Վերջում մեզ հաջողվեց հաղթող դառնալ լրացուցիչ ցուցանիշերով՝ առաջ անցնելով Ռուսաստանից: Վստահ ենք նաև հաղթել աշխարհի թիմային առաջնությունում (Նինբո, 2011):

Չեմ կարող առանձնանցել որևը մեկը, բայց հպարտ եմ, որ երեք Օլիմպիադաներում և աշխարհի առաջնությունում տարած հաղթանակներում, բոլորը միասին՝ 42 պարտիա եմ անցկացրել և ոչ մի պարտություն չեմ կրել: Միևնույն ժամանակ հաղթել եմ 19 խաղերում։ Կարծում եմ դա եզակի նվաճում է։

Հե՞շտ էր Հայաստանից, հայկական կենցաղից տեղափոխվել ԱՄՆ:

Ես ինձ համարում եմ աշխարհի մարդ. ծնվել եմ Բաքվում, 14 տարեկանում տեղափոխվել եմ Հայաստան, երեք տարի աշխատել եմ Քաթարում, ապա երկու՝ ԱՄԷ-ում: Այդ ընթացքում շատ երկրներում եմ ապրել և աշխատել: Այնպես որ այստեղ որևը խնդիր չի եղել։

Պիտի նաև ասեմ որ իմ հետաքրքրությունները միայն շախմատով չեն սահմանափակվում. սիրում եմ երաժշտություն, նվագում եմ կիթառ, գրում եմ երգեր,   կազմում եմ շախմատային խնդիրներ և էտյուդներ:  Տղաներս սովորում են, երեքն էլ շախմատ են խաղում: Անցյալ տարի Չիկագոյում  հայր եւ երեք որդիներ խաղում էինք նույն մրցաշարում տարբեր սեկցիաներում: Շատ հաճելի էր:

Պարոն Հակոբյան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար: Հաջողություն Ձեր հետագա գործունեությունում: 

Շնորհակալություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով