09:05  ,  9 հունվարի, 2023

Հարություն Մերդինյան. Քանի դեռ սպորտում եմ, կպայքարեմ օլիմպիական ուղեգրի համար

Քանի դեռ սպորտում եմ, կպայքարեմ օլիմպիական ուղեգրի, օլիմպիական մեդալի եւ բարձր նվաճումների համար: 2022 թվականին Եվրոպայի չեմպիոնությամբ իրականացրի երազանքս՝ մեդալս նվիրեցի դստերս:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը:

2022 թվականը Հարություն Մերդինյանի համար մեծ հաղթանակների տարի եղավ: Օգոստոսի 21-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում 38-ամյա մարմնամարզիկը նժույգ թափեր վարժությունում երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Նոյեմբերի 5-ին էլ Լիվերպուլում անցկացված աշխարհի առաջնությունում դարձավ կրկնակի բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը NEWS.am Sport-ի համար ամփոփել է մրցաշրջան-2022-ը, խոսել առաջիկա ծրագրերի եւ Փարիզ-2024-ի օլիմպիական ուղեգիր նվաճելու նպատակների մասին:

Հարություն, անցած մրցաշրջանը շատ հաջող ստացվեց քեզ համար: Կրկնեցիր նվաճումներդ՝ ապացուցելով, որ տարիքը խոչընդոտ չէ: Ինչպե՞ս ստացվեց:

Իսկապես շատ հաջող ստացվեց: Տարվա սկզբից ամեն ինչ հաջող դասավորվեց: Մրցաշարից մրցաշար արդյունքս բարելավեցի: Շատ հաջող տարի էր ինձ համար: Երեւի իմ մարզական կարիերայի ընթացքում 2022 թվականի արդյունքներն ամենալավն էին: Մեկ տարում այսպիսի նվաճումներ չէի ունեցել:  Եղել էր 2015 թվականին, երբ դարձա աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ այս դեպքում՝ Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի բրոնզե մեդալակիր:

Շատ ուրախ եմ: Կարողացանք վարժությունս ճիշտ դնել, փոփոխություն անել եւ շեշտադրությունը դնել ավելի մաքուր կատարելու վրա:

Այս արդյունքների համար շնորհակալ եմ մեր մարզիչներին՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին, իմ անձնական մարզիչ Սոս Սարգսյանին, հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանին, ամբողջ մարզչական թիմին: Բոլորն ինձ օգնել են, որպեսզի կարողանամ ուժ գտնել մեջս եւ նորից պայքարել մեդալների ու բարձր նվաճումների համար:

Ամենահիշարժան օրդ ո՞րը եղավ 2022-ում:

Եվրոպայի առաջնությունից առաջ նպատակ ունեի մեդալ նվաճել եւ այն նվիրել երեխայիս: Ստացվեց ամենաբարձր արդյունքը, որի համար շնորհակալ եմ Աստծուց: Այդ օրը՝ օգոստոսի 21-ը, ինձ համար ամենահիշվող օրերից մեկն էր: Եվրոպայի ոսկե մեդալով ես իմ երազանքն իրականացրեցի եւ մեդալս նվիրեցի երեխայիս:

Նոր մրցաշրջանում ո՞րն է լինելու գլխավոր նպատակդ:

Տարին կսկսենք հավաքներով, մրցաշարեր, ապա Եվրոպայի առաջնություն: 2023 թվականին փորձելու եմ անել առավելագույնը, այնպես, որ ես իմ արդյունքներից հաճույք ստանամ, ինչպես 2022 թվականին էր:

Կտեսնե՞նք քեզ Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերում: Կպայքարե՞ս ուղեգրի համար:

Օլիմպիական ուղեգրերը խաղարկվելու են 2023 թվականի աշխարհի առաջնությունում եւ 2024 թվականի աշխարհի գավաթի փուլերում: Ինչ խոսք, եթե լավ մարզավիճակում լինեմ, պայքարելու եմ օլիմպիական ուղեգրի համար: Փորձելու եմ: Այժմ այն վիճակում եմ, որ կկարողանամ, բայց չգիտեմ աշխարհի առաջնությունում կամ մեկ տարի հետո ինչ մարզավիճակում կգտնվեմ: Ամեն դեպքում կփորձեմ: Քանի դեռ սպորտում եմ, միանշանակ պայքարելու եմ օլիմպիական ուղեգրի, օլիմպիական մեդալի համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով