00:54  ,  14 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Ալվարեսի դուբլը եւ Մեսիի գոլը Արգենտինային դուրս բերեցին եզրափակիչ (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունում հանդիպեցին Ամերիկայի գավաթակիր Արգենտինան ու 2018թ․ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ։ Խորվաթիան կխաղա բրոնզե մեդալների համար։

Առաջին հարվածը դարպասին եղավ միայն 25-րդ րոպեին։ Արգենտինայի հավաքականի եւ պորտուգալական «Բենֆիկայի» 21-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հեռվից հարված կատարեց։ Խորվաթիայի թիմի եւ Զագրեբի «Դինամոյի» 27-ամյա դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը որսաց գնդակը։

Խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացեց Արգենտինայի հավաքականի ավագ, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ)։ Այն նշանակվել էր Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսի դեմ Լիվակովիչի խախտման համար։

Մեսին աշխարհի առաջնություններում խփեց 11-րդ գոլը եւ գերազանցեց ազգային թիմի արդեն նախկին ռեկորդակիր Գաբրիել Բատիստուտայի ցուցանիշը (10 գոլ)։ Մեսին ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների մրցավազքում 5 գոլով հավասարվեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին։ Մեսին 25-րդ հանդիպումն անցկացրեց ԱԱ-ներում՝ կրկնելով գերմանացի Լոտար Մատեուսի ռեկորդը։

39-րդ րոպեին արգենտինացիների առավելությունը կրկնապատկեց Խուլիան Ալվարեսը, որը խաղադաշտի կենտրոնում փոխանցում ստացավ Մեսիից եւ միայնակ անցում կատարեց, հետ թողեց խորվաթների պաշտպաններին եւ գրավեց Լիվակովիչի պաշտպանած դարպասը (տեսանյութ

62-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատելու լավ հնարավորություն ուներ Խորվաթիան։ Մադրիդի «Ռեալի» 37-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո հարվածեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 33-ամյա պաշտպան Դեյան Լովրենը, սակայն դրությունը փրկեց Արգենտինայի հավաքականի եւ անգլիական «Աստոն Վիլայի» 30-ամյա դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։

69-րդ րոպեին աջ թեւում գերազանց անցում կատարեց Լիոնել Մեսին, ներխուժեց տուգանային հրապարակ, փոխանցում կատարեց Խուլիան Ալվարեսին, որը գրավեց խորվաթների դարպասը՝ 3:0 (տեսանյութ):

Արգենտինան 7 հարված կատարեց դարպասին, Խորվաթիան՝ 2 հարված։ Արգենտինան գնդակին վերահսկեց 39 տոկոս, Խորվաթիան՝ 61 տոկոս։

Արգենտինան եզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Մարոկկոյի դիմակայության հաղթողի հետ։ Այդ խաղը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։

Եզրափակիչը կանցկացվի դեկտեմբերի 18-ին։ Կիսաեզրափակիչում պարտված թիմերը դեկտեմբերի 17-ին կվիճարկեն բրոնզե մեդալները։

Աշխարհի ընթացիկ առաջնության խմբային փուլում Արգենտինային հավաքականը 1:2 հաշվով սենսացիոն պարտություն էր կրել Սաուդյան Արաբիայից, 2:0 հաշվով հաղթել էր լեհերին եւ մեքսիկացիներին։

Խորվաթիայի հավաքականը խմբային փուլում 0:0 հաշվով էր խաղացել Մարոկկոյի եւ Բելգիայի հետ, 4:1 հաշվով հաղթել կանադացիներին։

1/8 եզրափակիչում Արգենտինան 2:1 հաշվով հաղթել էր Ավստրալիային, քառորդ եզրափակիչում էլ հետխաղային 11-մետրանոցներով 4:3 հաշվով պարտության էր մատնել հոլանդացիներին։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով։

Խորվաթիայի հավաքականը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել ճապոնացիներին՝ 11-մետրանոցներով հաղթելով 3:1 հաշվով։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։

Քառորդ եզրափակիչում խորվաթները պայքարից դուրս էին թողել բրազիլացիներին։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով, լրացուցիչ ժամանակը՝ 1:1։ Հետխաղային 11-մետրանոցներով Խորվաթիան հաղթել էր 4:2 հաշվով։

Աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինան 2014թ․ առաջնության եզրափակիչում Գերմանիային 0:1 հաշվով պարտվելուց հետո առաջին անգամ հանդես կգա եզրափակիչում։

ԱԱ-2022, կիսաեզրափակիչ

Արգենտինա - Խորվաթիա՝ 3:0 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 34, 11մ, Խուլիան Ալվարես, 39, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով