21:45  ,  5 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Խորվաթիան 11-մետրանոցներով հաղթեց ճապոնացիներին (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց ճապոնացիներին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1։

Խաղի հաշիվը 43-րդ րոպեին բացեց Ճապոնիայի հավաքականը անկյունայինի խաղարկումից հետո։ Գերմանական «Շալկեի» 34-ամյա պաշտպան Մայա Յոշիդայի փոխանցումից հետո աչքի ընկավ շոտլանդական «Սելթիկի» 25-ամյա հարձակվող Դայձեն Մաեդան (տեսանյութ

Խորվաթիայի հավաքականը հաշվի հավասարությունը վերականգնեց երկրորդ խաղակեսում։ 56-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Տոտետնհեմի» 33-ամյա հարձակվող Իվան Պերիշիչը, որին արդյունավետ փոխանցում կատարեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 33-ամյա պաշտպան Դեյան Լովրենը (տեսանյութ

Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում թիմերը գոլ խփել չկարողացան։

Հետխաղային 11-մետրանոցներով Խորվաթիան առավելության հասավ 3:1 հաշվով։ 

Երեք սեյվ կատարեց Զագրեբի «Դինամոյի» 27-ամյա դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը։ Ճապոնիայից վրիպեցին «Մոնակոյի» 27-ամյա հարձակվող Տակումի Մինամինոն, անգլիական «Բրայթոնի» 25-ամյա կիսապաշտպան Կաորու Միտոման եւ Մայա Յոշիդան։ Միակ հարվածն արդյունավետ իրացրեց գերմանական «Բոխումի» 28-ամյա հարձակվող Տակումա Ասանոն։

Խորվաթիայի թիմից հաջողության հասան իտալական «Տորինոյի» 25-ամյա կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը, Միլանի «Ինտերի» 30-ամյա կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը եւ իտալական «Ատալանտայի» 27-ամյա կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։ Վրիպեց միայն խորվաթական «Հայդուկի» 29-ամյա հարձակվող Մարկո Լիվայան (տեսանյութ

Խորվաթիան քառորդ եզրափակիչում կմրցի Բրազիլիա - Հարավային Կորեա զույգի հաղթողի հետ։ 

Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ

Ճապոնիա - Խորվաթիա՝ 1:1 (1:1, 0:0, 11մ՝ 1:3)

Դայձեն Մաեդա, 43  - Իվան Պերիշիչ, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով