01:00  ,  3 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Բրազիլիան պարտվեց, Շվեյցարիան նվաճեց վերջին ուղեգիրը, Սերբիան ու Կամերունը լքեցին պայքարը (տեսանյութ)

Աշխարհի առաջնությունում ավարտվեց խմբային փուլը։ Փլեյ-օֆֆի վերջին ուղեգիրը նվաճեց Շվեյցարիայի հավաքականը, որը G խմբի երրորդ տուրում 3:2 հաշվով պարտության մատնեց սերբերին եւ 6 միավորով գրավեց երկրորդ տեղը։

20-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Շվեյցարիայի հավաքականի եւ ամերիկյան «Չիկագո Ֆայրի» 31-ամյա կիսապաշտպան Ջորդան Շաքիրին։ 26-րդ եւ 35-րդ րոպեներին սերբերը երկու գոլ խփեցին եւ առաջ անցան հաշվի մեջ։ Աչքի ընկան անգլիական «Ֆուլհեմի» 28-ամյա հարձակվող Ալեքսանդր Միտրովիչն ու Թուրինի «Յուվենտուսի» 22-ամյա հարձակվող Դուշան Վլահովիչը։

Մինչեւ ընդմիջում Շվեյցարիան կարողացավ վերականգնել հավասարությունը։ 44-րդ րոպեին սերբերի դարպասը գրավեց «Մոնակոյի» 25-ամյա հարձակվող Բրիլ Էմբոլոն։ 48-րդ րոպեին Շվեյցարիայի հավաքականի հաղթական գոլը խփեց անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթի» 30-ամյա կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը։

Սերբիան 1 միավորով գրավեց վերջին տեղը։

Այս խմբում երկու հաղթանակից հետո դեռ նախորդ տուրում ուղեգիրն ապահովել էր Բրազիլիայի հավաքականը, որը 0:1 հաշվով պարտվեց Կամերունի թիմին եւ 6 միավորով գրավեց առաջին տեղը։ Բրազիլացիները գոլերի տարբերությամբ գերազանցեցին շվեյցարացիներին։ Կամերունի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 30-ամյա հարձակվող Վենսան Աբուբաքարը, որը խաղաշապիկը հանելու հանելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց։

Կամերունը 4 միավորով գրավեց երրորդ տեղը։

1/8 եզրափակիչում Բրազիլիան դեկտեմբերի 5-ին կմրցի H խմբում երկրորդ տեղը գրաված Հարավային Կորեայի հետ։ Շվեյցարիայի թիմի մրցակիցը կլինի H խմբի հաղթող Պորտուգալիան։

ԱԱ-2022, երրորդ տուր,  G խումբ

Կամերուն - Բրազիլիա՝ 1:0 (տեսանյութ)

Վենսան Աբուբաքար, 90+2

Հեռացում՝ Վենսան Աբուբաքար, 90+3, երկրորդ դեղին քարտ

Սերբիա - Շվեյցարիա՝ 2։3 (տեսանյութ)

Ալեքսանդր Միտրովիչ, 26, Դուշան Վլահովիչ, 35 -  Ջորդան Շաքիրի, 20, Բրիլ Էմբոլո, 44, Ռեմո Ֆրոյլեր, 48

Մրցաշարային դրություն․ Բրազիլիա՝ 6 միավոր, Շվեյցարիա՝ 6, Կամերուն՝ 4, Սերբիա՝ 1։

H խումբ

Հարավային Կորեա - Պորտուգալիա՝ 2:1 (տեսանյութ)

Կիմ Յուն Կվոն, 27, Հվան Հի Չան, 90+1 - Ռիկարդու Օրտա, 5

Գանա - Ուրուգվայ՝ 0:2 (տեսանյութ)

Խիորխիան դե Արասկաետա, 26, 32

Չիրացրած 11մ՝ Անդրե Այու (Գանա), 21

Մրցաշարային դրություն․ Պորտուգալիա՝ 6 միավոր, Հարավային Կորեա՝ 4, Ուրուգվայ՝ 4, Գանա՝ 3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով