Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում տեղի ունեցած նժույգ թափեր վարժության մեդալակիրների պարգեւատրման արարողությունը (տեսանյութ):
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, գործող Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը իր մարզական կարիերայում երկրորդ անգամ պարգեւատրվեց աշխարհի բրոնզե մեդալով:
Նժույգ թափեր վարժության աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Իռլանդիայի ներկայացուցիչ Ռիզ Մակ Քլենագանը(15.300), արծաթե մեդալակիր դարձավ Հորդանանի ներկայացուցիչ Ահմադ Աբու Ալ Սուդը (14.866):
Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնն ամենավերջինը դուրս եկավ մրցահարթակ եւ 14.733 միավորով ցույց տվեց երրորդ արդյունքը՝ դառնալով բրոնզե մեդալակիր:
Առաջին անգամ Մերդինյանը աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր էր դարձել 2015 թվականի հոկտեմբերի 31-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի առաջատարը օգոստոսին Գերմանիայի Մյունխեն քաղաքում նժույգ թափերում երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ չեմպիոնի կոչումը նվաճել է 2016 թվականի մայիսի 29-ին Շվեյցարիայի Բերն քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում:
Արդյունքների ամփոփումից եւ բրոնզե մեդալակիր դառնալուց հետո Հարություն Մերդինյանը ուղիղ եթերում շնորհավորեց իր անձնական մարզիչ Սոս Սարգսյանի տարեդարձը:
Որակավորման փուլում Մերդինյանը վաստակել էր 14.700 միավոր եւ 5-րդ տեղից էր դուրս եկել եզրափակիչ:
Օղակների վարժության եզրափակիչ դուրս եկած Հայաստանի երկու ներկայացուցիչները մեդալներ չնվաճեցին: Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը 14.600 միավորով 4-րդն է, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը 14.533 միավորով 6 -րդը:
Աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նոյեմբերի 6-ին հենացատկի վարժության եզրափակիչում կպայքարի չեմպիոնի տիտղոսի համար: Դավթյանը որակավորման փուլում վաստակել է 14.900 միավոր եւ առաջին տեղով է դուրս եկել եզրափակիչ:
Արթուր Դավթյանի մասնակցությամբ եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում