19:17  ,  22 հոկտեմբերի, 2022

Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ կպայքարի աշխարհի Մ23 չեմպիոնի տիտղոսի համար

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը աշխարհի մինչեւ 23 տարեկանների եզրափակիչում է: Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող առաջնությունում 61 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը 13:4 հաշվով պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Տուրմանիձեին եւ կպայքարի ոսկե մեդալի համար:

Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսուֆ Մոհամեդ Եսայի նկատմամբ, 1/8 եզրափակիչում էլ 11:0 հաշվով  հերթական վստահ հաղթանակն էր տարել Պուերտո Ռիկայի ներկայացուցիչ Ժոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 9:3 հաշվով հաղթել էր ղազախ Ասիլ Այտակինին:

Արսեն Հարությունյանն երկրորդ անգամ կփորձի նվաճել աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը: Նախորդ անգամ չեմպիոն էր դարձել 2021 թվականին Բելգրադում, որտեղ եզրափակիչում 11:7 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Արթուր Չեբորդաեւին:

Երկրորդ մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի մյուս մասնակիցները չկարողացան հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը:

Հրայր Ալիխանյանը (74 կգ) կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար։

Երեկոյան մրցահերթում չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Վազգեն Թեւանյանը (65 կգ): Մրցակիցը թուրք Համզա Ալաջան է: Բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի Արման Ավագյանը (79 կգ): Մրացիկը կլինի հույն Գեորգիոս Կուգիումցիդիսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print