23:00  ,  21 հոկտեմբերի, 2022

Մ23 ԵԱ. Վարդան Մանուկյանը պոկում վարժությունում 0 ստացավ, հրում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ

Ալբանիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Մանուկյանը զրո ստացավ, երկրորդ վարժությունում արժանացավ փոքր բրոնզե մեդալի:

Մինչեւ 23 տարեկանների 89 կգ քաշայինների պայքարում նա պոկում վարժության երեք փորձից չկարողացավ բարձրացնել 153 կգ-ոց ծանրաձողը եւ այս վարժությունում 0 ստացավ:

Մանուկյանը պայքարը շարունակեց հրում վարժությունում, որտեղ առաջին մոտեցման համար ձախողեց 190 կգ-ը, երկրորդ մոտեցմամբ հրեց 192 կգ: Այս վարժության երրորդ մոտեցումից հրաժարվեց եւ արժանացավ փոքր բրոնզե մեդալի:

Այս քաշային կարգում երկամարտի չեմպիոնի կոչումը նվաճեց Իտալիայի ներկայացուցիչ Կրիստիանո Ջուզեպե Ֆիկոն (365 կգ), արծաթե մեդալակիր դարձավ Լատվիայի ներկայացուցիչ Արմանդս Մեզինսկիսը (352 կգ), բրոնզե մեդալակիր՝ գերմանացի Ռաֆայել Ֆրիդրիխ (351 կգ):

Վարդան Մանուկյանը պարգեւատրվեց փոքր բրոնզե մեդալով: Հայաստանի ներկայացուցիչին պարգեւատրեց Եվրոպայի առաջնության մրցավար, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի որդի Արայիկ Ալավերդյանը:

Հայաստանի մինչեւ 20 եւ 23 տարեկանների հավաքականները նվաճել են 5 մեդալ՝ երեք ոսկե, երկու բրոնզե: Մ20 չեմպիոններ են դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ),  բրոնզե մեդալակիրներ` Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) եւ Մնացական Աբրահամյանը (81 կգ). երկունս էլ մինչեւ 20 տարեկանների պայքարում:

Հոկտեմբերի 22-ին մրցահարթակ դուրս կգան․ մինչեւ 20 տարեկանների պայքարում՝ Էմմա Պողոսյան եւ Լիանա Գյուրջյան (81 կգ), Գարիկ Կարապետյան (96 կգ), մինչեւ 23՝ Արա Աղանյան (96 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում