20:09  ,  19 հոկտեմբերի, 2022

Մալխաս Ամոյանն՝ Իսպանիայից․ Հնարավոր ամեն ինչ պետք է անեմ, որ 77 կգ-ում դառնամ աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն

Եկել էի միայն հաղթելու համար: Ճիշտ է՝ իմ ուզած մարզավիճակում չէի գտնվում, բայց հաջողությամբ ստացվեց: Յուրաքանչյուր հաղթանակ ինձ շատ է ոգեւորում եւ ավելի մեծ մոտիվացիա տալիս հաջորդ հաղթանակների համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Իսպանիայից ասաց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը, որը հոկտեմբերի 18-ին աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում նա 7:2 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին։

23-ամյա ըմբիշը 72 կգ քաշային կարգում նվաճել էր Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը: Աշխարհի առաջնությունում ոսկե մեդալակիր էր դարձել 77 կգ քաշային կարգում:

Մալխաս, շնորհավորում եմ հերթական չեմպիոնությանդ կապակցությամբ: Ամփոփիր աշխարհի առաջնությունը:

Շնորհակալ եմ: Ուրախ եմ, որ մինչեւ 23 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսն էլ նվաճեցի: Դեռ այս տիտղոսը չէի նվաճել: Նաեւ ուրախ եմ մեր թիմի մյուս տղաների մեդալների համար: Կարող էինք ավելին, մեդալների գույնը կարող էր այլ լինել:

Եկել էի միայն հաղթանակի համար: Ճիշտ է՝ իմ ուզած մարզավիճակում չէի գտնվում, բայց հաջողությամբ ստացվեց: Յուրաքանչյուր հաղթանակ ինձ շատ է ոգեւորում եւ ավելի մեծ մոտիվացիա տալիս հաջորդ հաղթանակների համար: Ինչպես մյուս բոլոր, այնպես էլ այս հաղթանակս նվիրում եմ հայ եւ եզդի ազգին:

Ոսկե մեդալի ճանապարհին 5 հաղթական գոտեմարտ անցկացրիր: Ո՞րը կառանձնացնես քեզ համար:

Ամեն գոտեմարտ իր յուրահատուկ դժվարությունն ունեցավ: Կառանձնացնեմ մեկնարկային եւ կիսաեզրափակիչ գոտեմատերը: Մեկնարկում Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Ռեզա Մոխթարիի հետ մրցեցի, կիսաեզրափակիչում ճապոնացի Նաո Կուսակայի հետ: Բարդ գոտեմարտեր էին:

Բելգրադում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուց հետո մեր հարցազրույցում նշեցիր, որ զգում ես քաշային կարգի փոփոխությունդ: Այստեղ ինչպե՞ս էիր քեզ զգում 77 կգ քաշում:

77 կգ քաշում դեռ շատ աշխատելու տեղ կա: Մարզիչների հետ միասին դեռ երկար կաշխատենք, որ կարողանանք ավելի բարձր արդյունքներ գրանցել արդեն լիարժեք մեծահասակների կազմում, քանի որ պայքարս մինչեւ 23 տարեկաններում ավարտեցի: Այստեղ էլ էի զգում քաշային տարբերությունը, քանի որ մրցակիցներիս մեջ կային ըմբիշներ, որոնք մեծահասակներից էին: Աստիճանաբար հարմարվում եմ 77-ին, բայց միայն մրցագորգը ցույց կտա, թե որքանով եմ հարմարվել:

Հնարավոր ամեն ինչ պետք է անեմ, որ այս քաշում դառնամ աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, նաեւ Եվրոպական խաղերի չեմպիոն: Ու շատ կարեւոր է, որ կարողանամ հաղթանակներս կրկնել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով