Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս է եկել Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:
Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտան 55, 63, 77, 87 եւ 130 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացուցիչ ուներ 63, 77 եւ 87 կգ քաշային կարգերում:
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը 77 կգ քաշայինների պայքարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Ամոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 1:1 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Ռեզա Մոխթարիին, 1/8 եզրափակիչում 3:0 հաշվով պարտության մատնել Էմանուել Ալեքսիս Բենիտես Կաստրոյին, քառորդ եզրափակիչում էլ 2:1 հաշվով առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ակիլբեկ Տալանտբեկովի նկատմամբ:
77 կգ քաշային կարգում 2022 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիրը Մ23 աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ճապոնացի Նաո Կուսակայի հետ:
Կիսաերզափակիչում է նաեւ 87 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Թադեւոսյանը, որը մեկնարկային 1/8 եզրափակիչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ղրղզ Ազատ Սալիֆինովի նկատմամբ, քառորդր եզրափակիչում էլ 4:0 հաշվով հաղթլ է Նիդեռլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին:
Կիսաեզրափակիչում Թադեւոսյանի մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Մակսաթ Սաիլաուն:
Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի երրորդ ներկայացուցիչ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը մեկնարկում 1:1 հաշվով մոլդովացի Վիտալի Երեմենկոյին հաղթելուց հետո, քառորդ եզրափակիչում 3:1 հաշվով պարտվեց Գեորգի Շոտաձեին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում