09:09  ,  15 հոկտեմբերի, 2022

Դավիթ Խիթարյան․ Վտանգը մեծ է, որ կկորցնենք մի ամբողջ ոլորտ

Ոչ միայն ես, նաեւ բուհը եւ ուսանողությունը դեմ ենք նման ծրագրին: Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը Մանկավարժականին եւ Բրյուսովին միացնելով՝ վտանգ կա, որ մենք կկորցնենք մի ամբողջ սպորտի ոլորտ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուրի ռեկտոր Դավիթ Խիթարյանը:

Այս օրերին ՀՖԿՍՊԻ-ը շարունակում է իր հունով դասընթացները, բայց բուհի աշխատակիցները նշում են, որ ուսանողությունը վրդովված է եւ մի կերպ են կարողանում զսպել, որպեսզի 3 բուհերը միացնելու կառավարության մտադրության դեմ բողոքի ակցիաներ, դասադուլներ չլինեն: Բուհի ռեկտորը նշում է, որ ուսանողների հետ պայքարում են իրենց ուժերով բուհի կարգավիճակը պահել:

«Օգոստոսին երեք բուհերի ռեկտորների հետ հանդիպում եղավ եւ նախարարը տեղեկացրեց կառավարության որոշման մասին: Այդ ժամանակ քննարկվում էր ակադեիմական ավան կառուցելու մասին գաղափարը: Այդ նույն հանդիպմանը նախարարը տեղեկացրեց, որ հնարավոր է՝ երեք բուհերի միացում լինի: Հանդիպմանն իմ առարկությունը հայտնեցի բուհերի միացման վերաբերյալ:

Նշեցի, որ ՀՖԿՍՊԻ-ն ոլորտային բուհ է եւ այն միացնել համալսարանական կրթություն տվող բուհերի հետ, նպատակահարմար չեմ գտնում: Այդ ժամանակ դեռ չկար կոնկրետ նախագիծ, ճանապարհային քարտեզ, չկար կառուցվածքային ձեւաչափ եւ իրավական հիմքեր, թե ինչպես է տեղի ունենալու երեք բուհերի միացումը, եւ ես զերծ մնացի հայտարարություններից եւ մեկնաբանություններից: Դեռ այդ հանդիպմանը խնդրեցի՝ երբ ունենան նախագիծը, նաեւ մեզ ուղարկեն, որպեսզի մեր անհամաձայնության հիմքերը ներկայացնենք:

Միանշանակ, ոչ միայն ես, նաեւ բուհը եւ ուսանողությունը դեմ ենք նման ծրագրին: Բուհերի խոշորացման ծրագրի մեջ նեղ ոլորտային բուհերի միացումը նպատակահարմար չէ տարբեր առումներով:

Հայաստանում կան 38 պետական բուհեր եւ բուհերի մասնաճյուղեր, որոնց մեջ միայն Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտն է, որ սպորտի ոլորտի համար պատրաստում է մասնագետներ: Միայն մեր բուհն է սպասարկում սպորտը եւ սպորտի հարակից մասնագիտությունները: Մեր հիմնական գործառույթը վերաբերում է միայն սպորտին:

Ըստ այս ծրագրի խնդիր է դրված դպրոցներում համալրել ոլորտային ուսուցիչների թափուր տեղերը, մեր պարագայում՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչների թափուր տեղերը: Շատ դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչների թափուր տեղեր կան, ուսուցիչների պակաս կա, շատերը չեն ցանկանում դպրոցներում աշխատել: Դա նրանից չի, որ բուհերն առանձին են, այլ նրանից է, որ դպրոցներում աշխատավարձերը հրապուրիչ չեն:

Ինստիտուտի գործառույթը միայն նեղ մասնագիտական է՝ սպորտի կառավարում, սպորտային տուրիզմ, սպորտային հոգեբանություն, սպորտային մարկետինգ, մարզական լրագրություն, կինեզիոթերապիա, առանձին մարզաձեւերը բաժիններով: Մեզ մոտ ընդունելության քննությունները սկսվում են ընտրած մարզաձեւերով:

Իմ ռեկտորության ընթացքում ունեցանք նաեւ նոր կրթական ծրագիր՝ ֆիզիկական դաստիարակություն եւ ադապտիվ ֆիզիկական կուլտուրա, որի նպատակն է մարզերում լրացնել ֆիզկուլտուրայի ուսուցիչների թափուր տեղերը: Այս կրթական ծրագրով պատրաստվում են միայն ֆիզկուլտուրայի ուսուցիչներ: Այն, ինչ խնդիր փորձում է կառավարությունը լուծել բուհերի միացումով, ՀՖԿՍՊԻ-ն իր ուժերով արդեն անում է:

Մենք ուսումնասիրություն ենք անցկացրել ուսանողության շրջանակում, ըստ որի միայն 17 տոկոսն է հնարավոր համարում հետագայում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել: Երեք բուհերի միացումը այդ տոկոսը չի նվազեցնելու: Միայն այն դեպքում կնվազի, երբ ուսուցիչների աշխատավարձերը բարձրանան»,- ասաց Դավիթ Խիթարյանը:

Հարցին, թե որքանով  հայկական սպորտը կտուժի բուհի միացումից, ՀՖԿՍՊԻ ռեկտորը շեշտեց, որ ոլորտը կորցնելու վտանգ կա:

«Ցանկացած ռեֆորմ իրականացնելուց առաջ հարկավոր է որոշակի հետազոտություններ անել եւ ուսումասիրել միջազգային փորձը: Քանի որ նախագիծը դեռ չկա, չեմ տեսել, գուցե նախագծում կան նման հետազոտություններ, չեմ կարող ասել, բայց մենք ունենք մեր հետազոտությունը, որոնք արված չեն Ինդոնեզիայի կամ Մեքսիկայի փորձով, հարեւան Վրաստանի փորձով է.  1992 թվականին, երբ փլուզվեց Սովետական Միությունը, Վրաստանում որոշվեց Ֆիզկուլտուրայի ինստիտուտը միացնել Մանկավարժական համալսարանին: Ֆիզկուլտ ինստիտուտը դարձավ ֆակուլտետ: 25 տարի անց նորից վերաբացեցին  այն: Իրենք հասկացան , որ սխալ ճանապարհով են գնում, կադրերի լուրջ պակաս են ունեցել: Արդյունքում Վրաստանում մարզիչներ չկային այլեւս, նոր սերունդ չէր գալիս, կրթությունը ոլորտային չէր: Վրաստանի սպորտը 25 տարով հետ ընկավ: Չունեն մասնագետներ, սերունդ: Այս օրերին թեմայի շրջանակում բուհի կոլեգաների հետ զրույցներ ենք ունենում, ասում են, որ 5 տարվա մեջ չեն կարողանում գալ այն կետին, որ կետից փակվել էր բուհը: Ամեն դեպքում վերջին 5 տարվա ընթացքում վրացական սպորտը սկսել է բարձր արդյունքներ գրանցել տարբեր մարզաձեւում:

Ինչ վերաբերում է հայկական սպորտին, առանց այն էլ ունեինք որակյալ մարզիչների խնդիր, բուհերի միացումից հետո այդ խնդիրները տասնապատիկ անգամ ավելանալու են: Ոչ մի խնդիր բուհերի միացումով չի լուծվելու: Վտանգը մեծ է, որ մենք կկորցնենք մի ամբողջ ոլորտ: Մենք պայքարում ենք, որպեսզի մեր կարգավիճակը որպես առանձին բուհ պահենք»,- նշեց Դավիթ Խիթարյանը:

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում առկա եւ հեռակա ուսուցմամբ սովորում է 2300 ուսանող, վարչական եւ պրոֆեսորադասախոսական կազմը մոտ 350 մասնագետ է։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով