09:02  ,  13 հոկտեմբերի, 2022

Գոռ Մինասյանը՝ Բահրեյնից. Շարունակելու եմ ապրել իմ երկրում, միայն մրցաշարերին մասնակցելու համար կմեկնեմ

Շատ եմ սիրում իմ երկիրը, երկրպագուներին, ինձ հետ այս ճանապարհը անցած եւ իմ հաղթանակներով ուրախացած հայրենակիցներին: Իմ կարիերայի ամենածաղկուն տարիներն անցկացրել եմ իմ երկրում: Մեծ սիրով ու հպարտությամբ եմ ներկայացրել Հայաստանը: Շնորհակալ եմ բոլորին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բահրեյնից ասաց Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, որը հաստատեց ծանրամարտի Հայաստանի հավաքականից հեռանալը:

Օլիմպիական փոխչեմպիոնը հանդես է գալու Բահրեյնի հավաքականից եւ հոկտեմբերի 16-ին Ասիայի առաջնությունում նորամուտը կնշի հավաքականի կազմում:

Գոռ, ավելի վաղ մարզական քաղաքացիությունդ փոխելու մասին որոշումը միայն զրույցների մակարդակում էր: Այժմ, կարծես, վերջնական հաստատվեց: Կցանկանայի քեզնից լսել նաեւ. արդեն պաշտոնապես ներկայացնո՞ւմ ես Բահրեյնի հավաքականը: 

Փաստանի մարզական քաղաքացիությունս փոխելու որոշումը կայացված է: Այժմ գտնվում եմ Բահրեյնում եւ հոկտեմբերի 16-ին առաջին մրցելույթս եմ ունենալու հավաքականի կազմում Ասիայի առաջնությունում: Դեռ պաշտոնական տեղափոխությունը մի հավաքականից մյուս, տեղի չի ունեցել: Ասիայի առաջնությունը փորձնական մրցաշար է լինելու ինձ համար: Ասիայի առաջնության արդյունքներից հետո ամեն ինչ ավելի պարզ կլինի: Պաշտոնական տեղափոխությունս կհաստատվի աշխարհի առաջնության ժամանակ: Եթե Ասիայի առաջնությունում լավ արդյունքներ գրանցեմ, կընդգրկվեմ աշխարհի առաջնության կազմ: Այս առաջնությունից մեկնարկում է Օլիմպիական խաղերի որակավորման փուլը եւ,  եթե ես իրավունք վաստակեմ մասնակցել աշխարհին, ուրեմն պաշտոնապես կհաստատվի իմ՝ Բահրեյնից հանդես գալը:

Սկսենք ամենասկզբից. ինչպե՞ս կայացվեց քո տեղափոխվելու որոշումը:

Այս որոշումը կայացվել է հավաքների եւ մարզումների ընթացքում մարզավիճակից ելնելով, ցույց տված արդյունքներով: Տեղի է ունեցել ֆեդերացիայի ժողով, որին ներկա են եղել հավաքականների բոլոր մարզիչները եւ ֆեդերացիայի ղեկավարությունը, ժողովի ընթացքում էլ այդ արդյունքներից ելնելով կայացվել է որոշումը:

Ամեն ինչ իմ համաձայնությամբ է եղել: Ճիշտ է՝ ես այդ ժողովին ներկա չեմ եղել, քանի որ երկրում չէի, բայց այդ որոշումը կայացվել է իմ ցանկությամբ:

Ինչո՞վ է պայմանավորված քո համաձայնությունը, ցանկությունը:

Որպեսզի հնարավորություն ունենամ մասնակցել Օլիմպիական խաղերին: Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, վարկանիշային մրցաշարերում յուրաքանչյուր երկիր ամեն քաշային կարգում կարող է ունենալ երկուական մասնակից, իսկ Օլիմպիական խաղերին մասնակցության իրավունք ունի միայն ամեն քաշից ամեն երկիր մեկ ներկայացուցիչ: Այսպես ավելի հեշտ կլինի Խաղերին մասնակցել, բացի այդ՝ այս քաշային կարգում երկու հայ մասնակից կունենանք Օլիմպիական խաղերում:

Ֆեդերացիայի նիստի ընթացքում Բահրեյնի առաջարկն արդեն ունեի՞ր:

Ես վաղուց եմ այստեղից առաջարկ ունեցել, ուղղակի դեռ պետք էր որոշել, մարզիչների հետ քննարկել, ֆեդերացիայի հետ համաձայնեցնել:

Այսինքն՝ որեւէ մեկից նեղացած չե՞ս:

Ոչ, ոչ ոքից նեղացած չեմ: Շնորհակալ եմ բոլորին, իմ երկրին, ֆեդերացիային, Օլիմպիական կոմիտեին այս տարիների ընթացքում իմ կողքին լինելու համար:

Ամփոփենք Հայաստանի հավաքականի կազմում գրանցածդ արդյունքները: Ի՞նչ տվեց քեզ հավաքականը:

Հայաստանի հավաքականն ինձ ամեն ինչ  է տվել: Իմ կարիերայի ամենածաղկուն տարիներն անցկացրել եմ Հայաստանում, իմ երկրում: Մեծ սիրով ու հպարտությամբ եմ ներկայացրել իմ երկիրը տարբեր մրցահարթակներում: Իմ կարծիքով՝ իմ ուժերի սահմաններում ամենաբարձր արդյունքներն եմ գրանցել այս տարիներին:

Բավարարված ես հեռանո՞ւմ թիմից, թե՞ կարող էիր անել ավելին:

Արել եմ այն, ինչ կարողացել եմ իմ ուժերի սահմաններում: Ամեն հնարավոր եւ անհնար բան արել եմ իմ երկրի համար:

Ի՞նչ սպասելիքներ ունես Բահրեյնի հավաքականից:

Դեռ այդքան էլ ծանոթ չեմ այս հավաքականին: Առաջին փորձս է լինելու մի քանի օրից եւ առաջին ծանոթությունս թիմի հետ: Իմ տեղեկություններով էլի դրսից հրավիրված ծանրորդներ կան: Հավաքական ունեն, բայց մեդալներ չունեն: Ցանկանում են ունենալ:

Այն ոգեւորվածությունը, որով մրցաշարերին մասնակցել ես Հայաստանի հավաքականի կազմում, ըստ քեզ, կպահպանվի այդտեղ:

Իհարկե, այդ նույն ոգեւորվածությունը, հպարտությունը չի լինի. այլ բան է, երբ քո երկիրն ես ներկայացնում, լրիվ այլ՝ ուրիշինը: Որպես բարձրակարգ մարզիկ, եթե որոշել եմ տեղափոխվել, պետք է ամենայն լրջությամբ կատարեմ իմ առջեւ դրված խնդիրը եւ փորձեմ պատվով դուրս գալ: 

Հայաստանից հեռանալո՞ւ ես, թե կշարունակես ապրել եւ մարզվել հայրենիքում:

Ոչ, ոչ... Ես շարունակելու եմ ապրել իմ երկրում: Բոլոր մարզումները, հավաքները անցնելու եմ Հայաստանում, միայն պաշտոնական մրցաշարերին մասնակցելու համար կմեկնեմ:

Ի՞նչ կցանկանայիր ասել քո երկրպագուներին, հայրենակիցներին:

Շատ եմ սիրում իմ երկիրը, իմ մարզական կարիերային հետեւող, ինձ հետ այս ճանապարհը անցած եւ իմ հաղթանակներով ուրախացող երկրպագուներին: Ծանրամարտի երկրպագուներին, բոլորին շատ շնորհակալ եմ այսքան տարիների ընթացքում ինձ մեծ սեր ու ջերմություն փոխանցելու համար:

Ես պատվով եւ մեծ հպարտությամբ եմ ներկայացրել իմ երկիրը եւ եւս մեկ անգամ շնորհակալ եմ իմ երկրին, ֆեդերացիային, մեր մարզիչներին, հավաքականի անդամներին ինձ հետ այս ճանապարհն անցնելու համար, բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել իմ այս մեդալներում: Հուսամ, իմ երկրպագուները կշարունակեն հետեւել  կարիերայիս եւ երկրպագել ինձ՝ չկարեւորելով, թե որ երկիրն եմ ներկայացնում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով