13:17  ,  2 հոկտեմբերի, 2022

Անչելոտի․ Բենզեման շատ լավ մարզավիճակում է եւ կլինի մեկնարկային կազմում

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի հանդիպումից առաջ չեմպիոն «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է վնասվածքից հետո վերականգնված ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի մարզավիճակի մասին։ Մադրիդյան թիմը կմրցի «Օսասունայի» հետ։

«Բենզեման շատ լավ է իրեն զգում, շատ լավ մարզավիճակում է եւ կլինի մեկնարկային կազմում։ Քարիմն ամբողջ շաբաթ մարզվել է ընդհանուր խմբում։ Նա լիարժեք վերականգնվել է եւ գերազանց աշխատանք է կատարել այս շաբաթ։

Քարիմը հիմա այնպիսին է, ինչպիսին էր անցած մրցաշրջանում։ Նա գոլեր չի խփել, քանի որ բացակայել է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

Բենզեման վնասվածք էր ստացել սեպտեմբերի 6-ին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում, շոտլանդական «Սելթիկի» դեմ հանդիպման 30-րդ րոպեին եւ փոխարինվել։ «Ռեալը» հաղթել էր 3:0 հաշվով։

«Ռեալ» - «Օսասունա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English