22:14  ,  28 սեպտեմբերի, 2022

Հակոբ Սերոբյանը՝ Հայաստանում Եվրոպայի առաջնություն անցկացնելու ծրագրերի եւ մարզադպրոցի խնդրի մասին

Հնարավոր է 2025 կամ 2026 թվականներին Հայաստանն ընդունի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Սա մեծ «բում» կլինի: Դրանով կլուծենք մարզադահլիճների, մարզագույքի հարցերը եւ հայկական մարմնամարզության ապագան առաջիկա 10-15 տարիների համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Ըստ գլխավոր մարզիչի, մարմնամարզիկների համար նոր մարզադահլիճի նախագիծն արդեն հաստատված է: Թե երբ կսկսվեն շինարարական աշխատանքները, դեռ հայտնի չէ: Այդ ընթացքում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան քննարկում է 2025 կամ 2026 թվականների Եվրոպայի առաջնությունը Երեւանում անցկացնելու հարցը:

Պարոն Սերոբյան, ի՞նչ փուլում է մարզադպրոցի խնդիրը:

Հասկացանք, որ նոր մարզադահլիճ պետք է կառուցել: Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը վերանորոգել հնարավոր չէ: Այս հարցով Երեւանի քաղաքապետարանին խնդրեցի՝ գոնե դպրոցի ազատ վարժությունների հարթակը վերանորոգել, ուղիղ բետոնապատել, որպեսզի միառժամանակ կարողանանք այստեղ աշխատել: Արագ արձագանք ստացանք, քաղաքապետարանը կառուցեց, բայց էլի խնդիր ունենք այս պահին, քանի որ մեր ունեցած գործիքը սպունգ է, որի վրա հրում վարժությունը լավ չի ստացվում: Խնդիր ունեինք նժույգ թափեր վարժության գործիքի հետ կապված: Հարություն Մերդինյանն իր ուժերով վերանորոգեց, կատարում է վարժությունը, բայց գործիքը շատ վատ վիճակում է: Մոտ երկու ամսից քաղաքապետարանը մեզ համար նժույգի վարժության նոր գործիք ձեռք կբերի:  Թե մարզադպորցի խնդրի հարցում, թե մարզագույքի հետ կապված առաջընթաց կա:

Երիտասարդ մարմնամարզիկները Եվրոպայի առաջնությունում այնպիսի արդյունք ցույց տվեցին, որ բոլորին էլ պարզ է. ունենք ապագա: Հույս ունեմ, որ երիտասարդները գոնե կմարզվեն նոր դահլիճում:

Արդեն «շարժ» եմ տեսնում: Հուսով եմ, որ կլինի մեր մարզադահլիճը, պետք է լինի:

Մարզագույքի հետ կապված խնդիրն ինչպե՞ս է լուծվելու մինչեւ նոր մարզադահլիճ ունենալը:

Այս պահին դեռ ֆեդերացիայի նախագահի օգնությամբ ենք փորձում խնդիրներին լուծում տալ: Օրինակ՝ հենացատկի վարժության կամրջակը Եվրոպայի առաջնությունից առաջ կոտրվեց: Դիմեցինք Գագիկ Վանոյանին, եւ նա շատ արագ նոր գործիք բերեց Գերմանիայից: Ուրախ եմ, որ ֆեդերացիայի նախագահը արագ արձագանքում եւ մեր խնդիրներին լուծում է տալիս: Մարզագույքի հետ կապված այլ ծրագրեր ունենք: Ցանկություն եւ առաջարկ կա 2025 կամ 2026 թվականներին Հայաստանում անցկացնել Եվրոպայի առաջնություն:

Հնարավո՞ր է, որ Հայաստանն ընդունի Եվրոպայի առաջնություն:

Այո, կա նման մտադրություն, եւ ես շատ ոգեւորված եմ այդ առիթով: Սա իսկապես մեծ «բում» կլինի, եթե Եվրոպայի առաջնությունն անցկացվի այստեղ: Դրանով կշահի ոչ միայն հայկական մարմնամարզությունը, այլեւ մեր երկիրը:

 Հայաստանի Ֆեդերացիայի նախագահը ներկա էր Մյունխենում անցկացված Եվրոպայի առաջնությանը: Նա այնտեղ հանդիպում ունեցավ գերմանական SPIETH ընկերության ներկայացուցիչի հետ: Այդ բրենդն ապահովել էր Եվրոպայի առաջնության գործիքները: Այդ ընկերության տվյալները կփոխանցենք քաղաքապետարանին, որպեսզի մեզ համար ձեռք բերի այս ընկերության գործիքներ:

Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնություն անցկացնելուն, եթե իսկապես հաջողվի ընդունել ԵԱ-ն, մենք կունենանք ոչ թե մեկ, այլ 3-4 համալիր գործիքներ: Սրանով մենք կլուծենք շատ լուրջ հարց՝ հայկական մարմնամարզության ապագան: Առնվազն 10-15 տարի գործիքների խնդիր չենք ունենա:

Գործքիների խնդիրը լուծելուց բացի, նաեւ եւս մեկ շատ կարեւոր խնդիր կլուծենք: Նման խոշոր մրցաշար ընդունելու համար պետք է ունենաս առնվազն 2-3 մարզադահլիճ, որպեսզի հավաքականները մարզվեն մինչեւ գլխավոր փորձի օրը: ԵԱ-ն կանցկացնենք Կարեն Դեմիրճյանի անվան  մարզահամերգային համալիրում, որտեղ կտեղադրվեն լրիվ նոր գործիքներ: Հետագայում այդ գործիքներն էլ կմնան մեզ: Եվրոպայի առաջնությունով կլուծենք բոլոր մեր խնդիրներ, այդ պատճառով էլ շատ ոգեւորված եմ, որ նման մտադրություն եւ առաջարկ կա:

Ի՞նչ ճակատագրի կարժանանա Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը:

Անկեղծ՝ չգիտեմ: Մարմնամարզիկներիս համար որքան շատ դահլիճ ունենանք, այնքան լավ. ոչ միայն մեր, այլեւ մյուս մարզաձեւերի օգուտն է: Ոչ բոլորն են գալիս եւ մնում մարմնամարզությունում: Այստեղից շատերը նաեւ գնում են այլ մարզաձեւեր: Մեզ համար էական չէ, թե որտեղ կլինեն դահլիճները: Մարմնամարզությունն այսօր մեծ մասսայականություն վայելող մարզաձեւերից մեկն է: Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականների արդյունքներից հետո հոսքը դեպի մարզադահլիճներ ավելի է շատանալու: Ժամանակ է լինում, այս դահլիճում երեխաների այնպիսի հոսք ենք ունենում, որ ուղղակի հնարավոր չի լինում բոլորին ընդունել:

Եթե մենք ունենանք մեր մարզադահլիճը, սա կմնա երեխաների մարզումների համար, որովհետեւ այս իրավիճակում մեր հավաքականը ստիպված մեկ մարզում է անցկացնում օրվա ընթացքում: Հետո գալիս են երեխաները: Այս մակարդակի պրոֆեսիոնալները չեն կարող երեխաների հետ նույն դահլիճում մարզում անցկացնել,  շատ վտանգավոր է, վնասվածքներ կստատան: Աշխարհում չկա մի հավաքական, որ օրվա ընթացքում մեկ մարզում անցկացնի եւ այսպիսի արդյունքներ գրանցի: Որ ասում եմ, չեն էլ հավատում:

Հավաքականի համար նոր առանձին մարզադահլիճը հնարավորություն կտա նաեւ համատեղ հավաքներ անցկացնել: Մենք գնում են Թբիլիսի, ստանում ենք առաջարկներ այլ հավաքականներից, որ ուզում են միանալ մեզ եւ համատեղ հավաքներ ունենալ: Այս դեպքում կգան Հայաստան: Օրվա ընթացքում երկու մարզում կունենանք եւ արդյունքներն ավելի բարձր կլինեն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով