17:25  ,  22 օգոստոսի, 2022

Հակոբ Սերոբյան. Արթուր Դավթյանը չեմպիոն է, ուղղակի սա Հայաստանի առաջնություն չէր, որ բոլոր մեդալները վերցնեինք

Արթուր Դավթյանը չեմպիոն է, նա առաջինն է, բոլորս էլ գիտենք, որ նա հաղթող է, ուղղակի սա Հայաստանի առաջնություն չէր, որ բոլոր մեդալները վերցնեինք գայինք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մյունխենից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Օգոստոսի 18-21-ը Գերմանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականն ու երիտասարդները նվաճեցն 5 մեդալ՝ երկու ոսկե, երեք արծաթե: Ոսկե մեդալակիրներ դարձան Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր) եւ Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտ, երիտասարդներ), արծաթե մեդալակիրներ՝ Արթուր Դավթյանը (հենացատկ), Համլետ Մանուկյանը (նժույգ թափեր, օղակներ):

Հակոբ Սերոբյանը մրցավարական հանձնաժողովում էր: Թիմի հետ մրցահարթակում աշխատում էր մարզիչ Հայկ Նազարյանը:

«Շատ գոհ եմ այս արդյունքից: 5 մեդալ Եվրոպայի առաջնությունից շատ բարձր արդյունք է, իսկապես, եւ բրոնզ չունենք՝ 2 ոսկե, 3 արծաթե մեդալներ մեծահասակներում եւ երիտասարդներում:

Այս Եվրոպայի առաջնությունը անակնկալներով լի ստացվեց բոլորիս համար. Հարություն Մերդինյանի չեմպիոնությունը, մեր երիտասարդների փայլուն աշխատանքը՝ նախ եզրափակիչներ մտնելը, ապա մեդալները, Էրիկ Բաղդասարյանի չեմպիոնությունը, փոքրիկ Համլետի երկու արծաթե մեդալները: Հպարտության զգացողություններ, որոնք անհնար է նկարագրել:

Հարություն Մերդինյանից, իրականում, ոսկե մեդալ չէինք սպասում մինչեւ Մյունխեն մեկնելը: Այսինքն՝ դժվար էր հավատալ, որ նա կշրջանցի բոլոր մրցակիցներին, քանի որ նժույգ թափերում շատ ուժեղ մրցակիցներ ունի: Որակավորման փուլից հետո ես հավատացի, որ նա կարող է ոսկե մեդալ նվաճել: Մրցահարթակում նրա մարզավիճակը տեսանք, հասկացանք, որ իսկապես շատ լավ պատրաստված է: Հետո մասնակիցների մրցելույթները գնահատելուց հետո հասկացանք, որ նա կարող է: Ինքն էլ հասկացավ, որ ունի բոլոր հնարավորությունները կրկնակի չեմպիոն դառնալու:

Անսպասելի էր երիտասարդների փայլուն արդյունքները: Իրոք, ինձ համար մեծ անակնկալ էր: Որ չեմպիոն կունենայինք զուգափայտերում, ես չէի սպասում: Մյուս գործիքներից մեդալների հույս ունեի՝ նժույգ թափերից, օղակներից, բայց ոչ զուգափայտից եւ ոչ ոսկե: Նույնիսկ զարմացել էի, որ մտել էինք եզրափակիչ:

Ինչ վերաբերում է հենացատկի եզրափակիչում Արթուր Դավթյանի արդյունքին եւ արծաթե մեդալին, նա առաջիինն էր, նա չեմպիոն է: Նա ամեն ինչ կատարեց շատ լավ, հրաշալի ցատկեց: Որպեսզի դժգոհություն չհնչի, համարենք, որ սա Հայաստանի առաջնությունը չէր, եւ մենք չէինք կարող բոլորը մեդալները վերցնել, գալ: Մենք արդեն երկու ոսկի ունեինք, հասկանալի է, որ չէինք կարող բոլոր մեդալները մեզանով անել, շատ կլիներ: Նորմալ է: Փոքր երկիր ենք, 5 մեդալ ենք բերում, բրոնզ էլ չկա: Արդեն շատ է:

Ես շատ գոհ եմ: Շնորհավորում եմ բոլորիս: Տղաներն արեցին այն, ինչ կարողացան: Ափսոսում եմ միայն Վահագն Դավթյանի համար: Նա նույնպես շատ լավ հանդես եկավ, իր վարժությունը հրաշալի կատարեց: Առնվազն բրոնզե մեդալ պետք է նվաճեր: Բոլորի արդյունքներն էլ բարձր են: Մամիկոն Խաչատրյանի չորրորդ տեղը, Վահագն Դավթյանի չորրորդ տեղը, շատ բարձր արդյունքներ են: Միայն Գագիկ Խաչիկյանն այստեղ իր հնարավորությունը բաց թողեց: Նա նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր:

Սա բոլորիս աշխատանքի արդյունքն էր, բայց դեռ էլի աշխատելու եւ ավելացնելու տեղ ունենք, սխալները պետք է վերլուծենք, շտկենք»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ ՀՄՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով