22:43  ,  30 մայիսի, 2022

Կարեն Աղամալյան. Ռաֆայել Հովհաննիսյանն իսկական գլադիատորի պես կռվեց

Ռաֆայել Հովհաննիսյանի պարտությունից հետո Կարեն Աղամալյանը մեկնաբանել է Եվրոպայի փոխչեմպիոնի եզրափակիչ մենամարտը Երեւանում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 86 կգ քաշային կարգի եզրափակիչում:

«Ռաֆայել Հովհաննիսյանն իսկական գլադիատորի պես կռվեց: Մրցակիցը ուժեղ բռնցքամարտիկ էր, եղել է Ռուսաստանի քառակի չեմպիոն: Ռաֆայել Հովհաննիսյանն այս Եվրոպայի առաջնության բացահայտումն էր, բայց ոչ ինձ համար»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Վրացի մրցակցի հետ մենամարտի երկրորդ ռաունդում Ռաֆայել Հովհաննիսյանը նոկդաունի ենթարկվեց, մրցավարը հաշիվ բացեց: Երրորդ ռաունդի սկզբնամասում երկու բռնցքամարիկներն էլ նետվեցին գրոհի, փոխադարձ հարվածաշարերից հետո երկու բռնցքամարտիկներին էլ զննեց բժիշկը: Երրորդ ռաունդի վերջնամասում՝ գոնգից առաջ հայ բռնցքամարտիկը ենթարկվեց եւս մեկ նոկդաունի, որը սակայն չգրանցվեց, քանի որ հնչեց գոնգը: Հայ բռնցքամարտիկը երերալով մոտեցավ կարմիր անկյունին՝ մարտավկաների մոտ:

«Ոչ մի վտանգավոր բան չկա, Ռաֆայելն իրեն լավ է զգում»,- Եվրոպայի փոխչեմպիոնի ինքնազգացողության մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Հայաստանի հավաքականն ավարտեց պայքարը Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում: 13 բռնցքամարտիկով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը նվաճեց 4 մեդալ՝ 1 ոսկի, 2 արծաթ եւ 1 բրոնզ: Երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչավեց Հովհաննես Բաչկովը, փոխչեմպիոններ դարձան՝ Արթուր Բազեյանը եւ Ռաֆայել Հովհաննիսյանը: Երկու բռնցքամարտիկներն էլ առաջին մեծ նվաճումն են գրանցում մեծահասակներում: Բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Մանասյանը, որը կիսազերափակիչում հավասար մենամարտում մրցավարների որոշմամբ պարտվել էր Իսպանիայի բռնցքամարտիկին:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում